HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նարեկի ավագանին որոշել է «Արտաշատ» ՋՕԸ-ին զրկել ոռոգման ներքին ցանցի շահագործումից

Արարատի մարզի Նարեկ գյուղի ավագանին հուլիսի 20-ին որոշում է կայացրել համայնքի ոռոգման ներքին ցանցը «Արտաշատ» ՋՕԸ-ից վերցնել և վերադարձնել համայնքին: Պատճառը բնակիչների` տևական ժամանակ շարունակվող ահազանգերն են՝ կապված համայնքում ոռոգման ջրի ոչ պատշաճ կազմակերպման և սպասարկման հետ:

Ավագանին իր որոշման պատճառաբանական մասում նշել է, որ Նարեկ համայնքը ոռոգման ջրի ներտնտեսային ցանցն անհատույց շահագործման է տվել «Արտաշատ» ՋՕԸ-ին: Սակայն, շահագործման հանձնված 8,5 կմ երկարությամբ կիսախողովակներն ու 22 կմ փակ ցանցը, ըստ ավագանու, ՋՕԸ անբարեխիղճ է օգտագործել, ինչի հետևանքով 90%-ով խցանված է:

Ավագանին որոշել է կազմակերպել հանրային բաց քննարկումներ՝ պահանջելու «Արտաշատ» ՋՕԸ-ից վերանորոգել համայնքի ոռոգման ջրի ցանցը, որը երկար տարիներ շահագործվել է ՋՕԸ-ի կողմից, սակայն վերանորոգման աշխատանքներ չեն կատարվել, ինչպես նաև հետ վերադարձնել համայնքին:

Պարզաբանում ստանալու նպատակով զանգեցինք «Արտաշատ» ՋՕԸ: Հեռախոսազանգին պատասխանեց հաշվապահը և ասաց, որ ոռոգման ջուրը մարզում և ամբողջ հանրապետությունում քիչ է, ուստի Նարեկ գյուղը չէր կարող բացառություն լինել: Ըստ նրա՝ «արդեն հոգնել են» Նարեկ գյուղից զանգեր ստանալով: Նշեց, որ ավագանուն ուղղորդում է համայնքապետը, քանի որ վերջինս խոշոր հողատեր է և անձնական շահագրգռվածություն ունի:

«Արտաշատ» ՋՕԸ-ի ջրօգտագործման բաժնի պետ Արթուր Ղազարյանն էլ, լսելով հարցը, նախ զարմացավ, որ ավագանին նման որոշում է կայացրել, քանի որ այդ մասին առաջին անգամ մեզնից է լսում: Արթուր Ղազարյանն ասում է, որ չափազանցված է, թե ցանցի 90%-ը խցանված է, քանի որ այդ դեպքում ոչ մի հողօգտագործող ջուր չէր կարող ստանալ, մինչդեռ իրենք ամեն օր ջուր են մատակարարում գյուղացիներին, եթե, իհարկե՝ պոմպակայանը չի վնասվում:

Բաժնի պետի խոսքերով՝ Նարեկ գյուղում ցանցի մաքրման աշխատանքներ կատարվել են և չգիտի, թե ինչ նպատակ է հետապնդում ավագանու որոշումը: Ինչ վերաբերում է համակարգը համայնքին վերադարձնելուն, ապա ըստ Արթուր Ղազարյանի, այդ հարցերը կարգավորվել են պայմանագրով և հանրապետության ամբողջ տարածքով: Նա նշեց, որ իր հիշելով համակարգը 25 տարով անհատույց տրամադրվել է իրենց, հետևաբար այդքան հեշտ չի լինելու համայնքին վերադարձնելը:

Բացի այդ, Արթուր Ղազարյանն ասում է, թե վերջին 20 օրերի ընթացքում համայնքից բողոք, ահազանգ չեն ստացել: Հակառակն է փաստում համայնքապետը:

Նարեկի համայնքապետ Գարուշ Հակոբյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ որոշել է համակարգից դուրս գալ և դրա համար ունեն բավարար հիմքեր: «Այդ ՋՕԸ-երն ամենախայտառակ հիմնարկներն են, որ գոյություն ունեն: Ճիշտ չեն կառավարում, կոմիտեի նախագահից սկսած մյուսներով վերջացրած»,-ասում է Գարուշ Հակոբյանը:

Նարեկի համայնքապետը նշեց, որ ոռոգման ջուր ստանում են, սակայն քիչ քանակությամբ, մյուս կողմից էլ ոչ ճիշտ բաշխման հետևանքով դառնում է «կրիզիս»: Ավագանին իր որոշման մեջ լիազորել է համայնքապետին, որպեսզի վերջինս դիմի Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին, որպեսզի Նարեկ և Քաղցրաշեն համայնքների ոռոգման ջուրը սպասարկող տեղամասի պետը սպասարկում իրականացնի միայն Նարեկ համայնքում, ինչը կբարձրացնի ոռոգման ջրի բաշխման արդյունավետությունը:

«10-15 տարեկան այգիները չորացել են: Ցանքերը միամյա են, չորանան էլ, էլի ոչինչ, բայց բազմամյա տնկարկները լրիվ ուրիշ իրավիճակ են ստեղծում»,-ասաց Գ. Հակոբյանը:

Համայնքապետը պատմեց, որ դեռևս 2005թ. փորձել են ոռոգման ջրի համակարգն ինքնուրույն կառավարել: Ասում է, որ շատ լավ են կառավարել: Որպես օրինակ նշեց, տնտեսած գումարները: Ըստ նրա, եթե 2004թ. հասույթը 22 մլն դրամ էր, իրենց վերցնելուց հետո՝ 2005թ,. դարձել է 12 մլն և ունեցել են 10 մլն դրամի տնտեսում: Բացի այդ, ջուրն ավելի լավ ու ճիշտ են մատակարարել և դժգոհություններն այդքան շատ չեն եղել:

Գարուշ Հակոբյանն ասաց, որ արդեն գրավոր նամակներ է ուղարկել հանրապետության վարչապետին, գյուղատնտեսության, տարածքային կառավարման, էներգետիկայի նախարարներին: Նամակով դիմել է նաև մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Պատասխաններ դեռ չի ստացել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter