HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն օգոստոսի 2-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) Հարավային Կովկասի հարցերով գրասենյակի տնօրեն Գաել Ասայագին։

Ողջունելով հյուրերին` նախարար Արթուր Խաչատրյանը նշել է, որ Հյաաստանի և Ֆրանսիայի միջև գյուղատնտեսության ոլորտում ձևավորվել է սերտ համագործակցություն և հույս  հայտնել, որ հետագայում երկկողմ հարաբերություններն ավելի կընդլայնվեն: «Ֆրանսիայի փորձը մեզ համար խիստ օրինակելի, այդ թվում` կոոպերացիայի բնագավառում: Կարծում եմ, այս առումով մենք դեռ շատ բան ունենք սովորելու», - ընդգծել է Արթուր Խաչատրյանը:

Այնուհետև նախարարը հյուրերին համառոտ ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտի ներկայիս առաջնահերթությունները, պետության կողմից իրականացվող ագրարային քաղաքականության թիրախային ուղղություններն ու ընթացիկ ծրագրերը: Մասնավորապես, Արթուր Խաչատրյանը կարևորել է պետական աջակցության ծրագրերում փոքր գյուղացիական տնտեսությունների ներգրավումը, բարձրարժեք գյուղմթերքի արտադրության կազմակերպումը, գյուղատնտեսական նշանակության հողերի ծավալների ավելացումն ու միավորումը և այդ նպատակով խրախուսման մեխանիզմների ստեղծումը։

Ոլորտի զարգացման այլ կարևոր բաղադրիչների թվում նախարարը մատնանշել է նաև ինտենսիվ այգիների հիմնումը, կարկտապաշտպան նորագույն համակարգերի ներդրումը, օրգանական գյուղատնտեսության խթանումը, խորհրդատվական ծառայությունների բարելավումը, անասնապահության ոլորտում գյուղատնտեսական կենդանիների համարակալումը, անասնաբուժական ծառայությունների բարելավումը:

Հանդիպման ընթացքում կողմերն առանձին անդրադարձ են կատարել Զարգացման ֆրանսիական գործակալության աջակցությամբ առաջիկայում Հայաստանում մեկնարկելիք «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում» դրամաշնորհային ծրագրին, որի շրջանակում Հայաստանին տրամադրվող 10 մլն եվրո գումարն ուղղվելու է հիմնականում մի շարք համայնքների հողերի խոշորացմանը, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրմանը, խորհրդատվական ծառայությունների մատուցմանը:

Անդրադառնալով ծրագրի շրջանակում նախատեսվող աշխատանքներին` ԶՖԳ Հարավային Կովկասի հարցերով գրասենյակի տնօրեն Գաել Ասայագը հույս է հայտնել, որ այն կունանա բարեհաջող ընթացք: Նախարար Արթուր Խաչատրյանը տեղեկացրել է, որ դրական արդյունքների դեպքում ծրագրի շրջանակները կընդլայնվեն` ընդգրկելով նաև այլ մարզեր:   

Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև ագրարային բնագավառում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը զուգահեռ գյուղատնտեսական կրթության եւ խորհրդատվական անհրաժեշտությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը նշել է, որ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտն ունի միջազգային շուկաներում ներկայանալու մեծ ներուժ: Պատվիրակության անդամները հայտնել են ֆրանսիական կողմի պատրաստակամությունը աջակցություն ցուցաբերել հայկական կողմին և քննարկել նոր առաջարկներ համագործակցության ընդլայնման և ոլորտում նոր ծրագրերի իրականացման նպատակով:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter