HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շիրակի մարզում վերասկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ

Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել են 2018 թվականի 1-ին կիսամյակում մարզի վարչական տարածքում կրկնահանցագործությունների կատարման, դրանց դեմ պայքարի արդյունավետության վիճակը՝ դրանց կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու նպատակով:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նախորդ վեց ամիսների ընթացքում Շիրակի մարզի տարածքում բացահայտված 467 հանցագործություններից  41-ը կամ 8,77-ը կատարվել են այն անձանց կողմից, ովքեր նախկինում տարաբնույթ հանցագործություններ կատարելու համար բազմիցս դատապարտվել են: Ընդ որում՝ համեմատական վերլուծությունը ցույց է տվել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնահանցագործների կողմից կատարվող հանցագործությունների քանակը որոշակիորեն ավելացել է:

Այս ցուցանիշը վկայում է կրկնահանցագործությունների կանխման, նախականխման ուղղությամբ տարվող աշխատանքներում առկա թերությունների, կիրառվող ոչ արդյունավետ միջոցների մասին: Դրա մասին է վկայում, մասնավորապես այն իրողությունը, որ նշված ժամանակահատվածում կրկնահանցագործների կողմից հանցագործության  նախապատրաստության դեպքեր չեն բացահայտվել:

Կատարված ուսումնասիրություններից հետևում է, որ մարզի այն տարածքներում, որտեղ արձանագրվել են կրկնահանցագործների կողմից կատարված հանցագործության դեպքեր, բավարար միջոցներ չեն ձեռնարկվել հանցագործությունների կանխարգելման նպատակով կրկնահանցագործներին, պատիժը պայմանականորեն չկիրառված, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինված, բաց տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժը կրող, պատիժը կրելուց նոր ազատված անձանց օպերատիվ տեսադաշտում պահելու, նրանց նկատմամբ պատշաճ հսկողություն սահմանելու և նրանց շրջանում պարբերաբար կանխարգելիչ բնույթի հարցազրույցներ անցկացնելու ուղղությամբ:

Ելնելով վերոգրյալից՝ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն այս ոլորտում տեղ գտած թերությունների, դրանց պատճառների և նպաստող պայմանների վերացման, ոստիկանության մարզային վարչության ենթակայությամբ գործող համապատասխան ստորաբաժանումների ծառայողների կողմից այս ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելուն միտված միջոցառումներ ձեռնարկելու միջնորդագիր է ներկայացրել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին:

Բացի  դրանից, ՀՀ գլխավոր դատախազության կողմից վարվող քրեական քաղաքականության առաջնահերթությունների շրջանակում, ի կատարումն դատախազության կոլեգիայի որոշումների և ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականների՝ մարզի դատախազությունում ուսումնասիրվել են մարզային քննչական վարչության քննչական բաժինների վարույթներում քննված՝ նախկին տարիներին կատարված և որպես մեղադրյալ ներգրավվող անձը պարզված չլինելու հիմքով վարույթները կասեցված սպանության դեպքերով քրեական գործերի նյութերը:

Ուսոմնասիրության արդյունքում պարզվել է, որ առանձին դեպքերում ձեռնարկված ոչ բավարար օպերատիվ-հետախուզական միջոցառումներով չեն հաստատվել կամ հերքվել անձանց մահվան կամ անհետ կորելու հանգամանքը, որոշ դեպքերում քրեական գործերում առկա ելակետային նշանակություն ունեցող տեղեկություններն անհրաժեշտ վերլուծության չեն ենթարկվել, կամ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավական անհրաժեշտ միջոցներն ու մեխանիզմները չեն գործարկվել հանցագործություններին առնչություն ունեցող անձանց հայտաբրելու, նախաքննության մարմնին ներկայացնելու, դատավարության մասնակիցների տված ցուցմունքներում ներկայացված տեղեկությունների իսկությունը պատշաճ ստուգելու միջոցով դրանք հերքելու կամ հաստատելու ուղղությամբ:

Վարույթը կասեցված առանձին գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախաքննության մարմինների կողմից տևական ժամանակ չեն կատարվել քրեական գործերով հանցագործության բացահայտման, այն կատարող անձանց ինքնությունը պարզելու նպատակով իրականացման ենթակա քննչական գործողություններ: Կամ՝ առկա են եղել դեպքեր, երբ վարույթն իրականացնող քննիչը հետաքննական մարմնին ներկայացրել է այնպիսի տեղեկություններ, որոնք թույլ կտային կոնկրետացնել հանցագործության բացահայտման նպատակով առաջ քաշված վարկածները, դրանցից յուրաքանչյուրով ձեռնարկել համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, սակայն դրանք անհրաժեշտ ուշադրության չեն արժանացել:

Ելնելով այս արդյունքներից՝ մարզի դատախազության դատախազների կողմից նախաքննության  մարմիններին տրվել են կոնկրետ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ մանրակրկիտ ցուցումներ, իսկ ոստիկանության մարզային կառույցներին տրվել են հստակ նշված նպատակներից բխող օպերատիվ-հետախուզական կոնկրետ գործողություններ կատարելու հանձնարարություններ: Դրանց հիման վրա՝ նախնական քննություն իրականացնող մարմինների որոշմամբ վերսկսվել են ընդհուպ տասնմեկ տարվա վաղեմության սպանության հատկանիշներով հարուցված՝ թվով 12 քրեական գործերի վարույթները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter