HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Առաջին անգամ առաջնագծում

Արցախ, դիրքեր։ Առաջին անգամ էի դիրքեր բարձրանում: Որպես այցելության վայր ընտրված էր  «Եղնիկներ» կոչվող զորամասը։

Դիրքեր հասնելու ճանապարհը երկար էր՝ Ստեփանակերտ, Իվանյան, Ասկերան, Մարտակերտ, Մատաղիս, Տոնաշեն։

Վերջին բնակավայրը Տոնաշենն էր, որը հատուկ հսկվող տարածք է։ Այստեղ զինվորականների մի քանի նոր տների կողքին լքված փոքր տներ են։ Դեպի գյուղ տանող ճանապարհը քարքարոտ է։ Ճանապարհի մի հատվածում զինվորները ինժեներական աշխատանքներ էին կատարում։

Հասանք «Եղնիկներ»: Մեզ ուղեկցող վարորդն ասաց, որ տարածքն անվանումը ստացել է եղնիկներով հարուստ լինելու պատճառով։

Զորամասում առաջին անգամ տեսա, թե ինչպես են զինվորները զորացրվում։ Հրամանատարը տուն գնացող չորս զինվորի հանձնեց զինվորական գրքույկները, հերթով սեղմեց նրանց ձեռքներն ու բարի ճանապարհ մաղթեց։

Բարձրացանք դիրքեր։

Օդը սառն էր, երիցուկները նոր էին ծաղկել։ Խաղաղ էր. կրակոցի ձայն չկար:

Մեզ դիմավորեց դիրքի ավագ սերժանտ Օրի Հարությունյանը, ծանոթացրեց անձնակազմին, հետո ուղեկցեց խրամատ։ Առաջինը, որ զարմացրեց, խրամատի մաքրությունն էր։

Դիտակետում հերթապահությունը շարունակվում էր։ Այնտեղից երեւում էր հակառակորդի դիրքեր տանող ճանապարհը, շարժ չկար։ Ուղեկցող փոխգնդապետ Արմեն Մարկոսյանը, ցույց տալով դիմացը գտնվող անտառը, ասաց՝ տեսանելիությունը թույլ է, և հիմնականում դիվերսիոն գործողություններ են կատարվում հակառակորդի կողմից:

Կացարանում երկու սենյակ կար՝ ննջարան եւ խոհանոց: Կողք կողքի դրված մահճակալների վերեւում խաչն էր ու Ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի լուսանկարը։

Դիրքի ավագ Օրին մեզ ցույց տվեց խոհանոցը, բացեց սառնարանը. «Էս էլ մեր սառնարանը՝ առանց հոսանքի». սառնարանում հաց էր, պահածոյատուփեր։ Սերժանտն ասաց, որ ամեն օր հաց են ստանում, ձու ու ջուր, հետո մոտեցավ սեղանի մի անկյունում ամրացրած սև, մեծ լարով հեռախոսին.

«Ուզո՞ւմ ես ցույց տամ, թե ոնց ենք կապվում մյուս դիրքերի հետ»: Մինչ կասեի, որ պետք չէ, ես ֆիլմերում արդեն տեսել եմ, կապը միացրեց։ Ասաց, որ պարբերաբար կապը ստուգում են, դա իրենց ամենօրյա պարտականություններից է։

Սերժանտ Օրի Հարությունյանը մեկ ու կես տարի է ՝ ծառայում է Պաշտպանության բանակում, Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից է, զորացրվելուց հետո որոշել է պայմանագիր կնքել եւ աշխատել ՊԲ-ում։

Օրին, մինչեւ զինված ուժեր զորակոչվելը, Արցախի պետական համալսարանում ռազմագիտություն է սովորել, տուն վերադառնալուց հետո ուսումը շարունակելու է, լեյտենանտի կոչում է ստանալու։ Հնարավոր է օրերից մեկ օր դպրոցում աշխատի որպես ռազմագիտության ուսուցիչ։ 

Դիրքերում համեղ կերակուրներ պատրաստում է Արմենը, ամենից լավ երշիկով ձվածեղ է անում. հեշտ է ու համեղ։ Ծառայության ավարտին մի քանի օր էր մնացել, դեռ չէին որոշել՝ ով է իրեն փոխարինելու։ Արմեն Հովակիմյանը պարում է Երգի-պարի պետական անսամբլում, 13 տարի պարել է։ Որոշել է Երեւան վարադառնալուն պես նորից պարել։ 

Դիրքերում ամենից ուշագրավը սրճելու ու հանգստանալու համար նախատեսված փայտյա կոճղերն էին, զինվորների հետ այդտեղ էլ զրուցում էինք։ Զինվորներից մեկը սուրճ պատրաստեց, հյուրասիրեց, ժպտալով ասաց՝ դիրքերում ամենից համով սուրճն է լինում։ Կոճղերի կողքին դիրքի հերթապահ շունն էր՝ երկու քոթոթի հետ։ Դիրքի տղաները շան ձագերի համար անուններ դեռ չէին որոշել։   

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանություններ (3)

Արմեն
Շնորակալություն այցելության համար
Արայիկ
Անփորձանք և բարի ծառայություն մեր բոլոր զինծառայողներին: Շնորհակալություն -ի խմբագրությանը՝ նման հոդվածներ պարբերաբար հրապարակելու համար:
Գագիկ
Լավ հոդված էր,բայց որքանո՞վ է անվտանգ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող նման զորամասի անունը հրապարակելը, այն էլ՝ զինծառայողների լուսանկարներով։ Կարծում եմ՝ միայն ՊՆ թույլտվությամբ պետք է հրապարակվեն նմանատիպ նյութերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter