ՌԴ դեսպան. «Ռուսաստանի համար Հայաստանը կարևորագույն ռազմավարական գործընկեր է»
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր` օգոստոսի 3-ին ընդունեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: ԱԱԾ մամուլի ծառայության հաղորդմամբ, անդրադառնալով երկու երկրների միջև հաստատված ամուր համագործակցությանը՝ Ա.Վանեցյանը նշեց, որ այդ բարեկամությունը նպաստում է երկու պետությունների տարբեր գերատեսչությունների փոխգործակցության ամրապնդմանը, իսկ Հայաստանի և Ռուսաստանի հատուկ ծառայությունների միջև համագործակցությունը՝ էլ ավելի ամրապնդում արդեն գոյություն ունեցող հարաբերությունները:
Դեսպան Կոպիրկինը նույնպես կարևորեց երկու գերատեսչությունների փոխշահավետ համագործակցությունը՝ նշելով, որ Ռուսաստանի համար Հայաստանը մի շարք ուղղություններով համատեղ գործունեության կարևորագույն ռազմավարական գործընկեր է:
Հանդիպման ավարտին երկու կողմերն էլ պատրաստակամություն հայտնեցին շարունակել և առավել սերտացնել ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ու արտաքին հետախուզության ծառայության միջև համագործակցությունը՝ մասնագիտական բոլոր ուղղություններով:
Մեկնաբանել