HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփան Դանիելյան

Ինչո՞ւ է անհանգստացած Ռուսաստանը. Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականությունների հակասությունը

Հայաստանի հեղափոխությունը գնալով խնդիրներ է առաջացնում հետսովետական տարածության երկրների համար, ու գլխավոր հարցը հետեւյալն է` այն զուտ ներքին գործընթաց է, թե, այնուամենայնիվ,  մի վարակիչ օրինակ մնացած երկրների համար։ Հայաստանի նոր իշխանությունները հայտարարում են, որ հեղափոխությունն ու հետհեղափոխական պրոցեսները զուտ ներքին տրամաբանություն ունեն և չեն առնչվում արտաքին քաղաքականությանը, սակայն հայտնի ասացվածք կա. «Արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է»։

Վիեննայի կոնգրեսն ու Եվրոպայի ժանդարմը

Յուրաքանչյուր երկիր ունի իր արտաքին քաղաքականության ձառագիրը, որի վրա ժամանակը քիչ ազդեցություն չունի։ Իր «ձեռագիրն» ունի նաև Ռուսաստանը, և այդ իմաստով այդ երկրի քաղաքական պատմության ուսումնասիրությունը կարող է ինչ-որ չափով օգնել հասկանալ ներկան։

Նապոլեոնի հանդեպ տարած հաղթանակից հետո դաշնակից պետությունների մասնակցությամբ 1814-1815 թվականներին Վիեննայում տեղի ունեցավ Վիեննայի կոնգրեսը, որտեղ պետք է որոշվեին այդ ժամանակվա աշխարհակարգի սկզբունքները։ Կոնգրեսում ձևավորվեց այսպես կոչված Վիեննայի համակարգը։ Վիեննայի կոնգրեսում է առաջին անգամ հնչել «գերտերություն» հասկացությունը։ Այդ ժամանակ գերտերություններ էին Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը և Ավստրո-հունգարական կայսրությունը։ 

Իմիջիայլոց, հենց այդ ժամանակ են առաջին անգամ սկսում կիրառել «կոլեկտիվ անվտանգության» գաղափարը, պաշտոնապես սահմանվում են դիվանագիտական աստիճանները՝ դեսպան, գործերի հավատարմատար, դեսպանորդ, ինչպես նաև` նրանց դիվանագիտական իմունիտետի սկզբունքը։

Առաջին անգամ միջազգային քաղաքականության մեջ որպես սուբյեկտներ սկսեցին հանդես գալ պետությունների կոալիցիան, ինչպես նաև սկիզբ դրվեց խոշոր պետությունների միջև առկա բալանսի հասկացությանը, իսկ բալանսի խախտումը` ընկալվել որպես միջազգային քաղաքականության ապակայունացման և պատերազմի վտանգ։

Վիեննայի կոնգրեսից հետո Ռուսաստանը ստանձնեց Եվրոպայի ժանդարմի դերակատարությունը։ Ռուսաստանն էր ճնշում ցանկացած հեղափոխական դրսևորում։ Օրինակ` 1830-1831 թվականներին Ռուսաստանը ճնշում է լեհերի ապստամբությունը, իսկ 1848-ին ավստրիացիներին օգնելու համար զորք է ուղարկում հունգարների ազգային-ազատագրական ապստամբությունը ճնշելու համար։ Նիկոլայ II-ը օգնության է հասնում օսմանցիներին` նրանց փրկելով բրիտանացիների ներխուժումից։ Ղրիմի պատերազմի (1853-1856թթ.) ժամանակ Ռուսաստանը պարտվեց, որի հետևանքով սկսվեց նրա մեկուսացումը։

Այսօր նույնպես Ռուսաստանի պաշտոնական քաղաքականության հիմքն է ցանկացած տեսակի հեղափոխությունների դեմ պայքարը։ Ուկրաինական փորձից դասեր քաղած Ռուսաստանը չմիջամտեց Հայաստանի հեղափոխությանը, սակայն Քոչարյանի ձերբակալության հանդեպ չէր կարող անտարբեր մնալ։ Նախկին նախագահի ձերբակալությունը վտանգավոր նախադեպ է Ռուսաստանի համար։ Դա ԵԱՏՄ տարածքի քաղաքական կարգի ու ստատուս-քվոյի հնարավոր խախտման օրինակ է։ Ռուսաստանի ընկալմամբ դա արդեն ներհայաստանյան գործընթաց չէ։

Մյուս կողմից` Հայաստանի դեպքերը հարվածում են նրա հեղինակությանը. Ռուսաստանն իր ազդեցության գոտում գտնվող ամենաթույլ օղակը հանդիսացող Հայաստանում անգամ արդեն չի կարողանում «կարգ ու կանոն» հաստատել։

Հեղափոխություն «հանուն», թե «ընդդեմ»

Հայաստանի նոր կառավարությունը նույնպես ունի իր խնդիրները. իշխանության ամրապնդման խնդիրն իր համար ավելի առաջնային է, քան արտաքին խնդիրները, համենայն դեպս նման տպավորություն է ստեղծվել մինչ այժմ, և դա գործող կառավարության թույլ կետն է։ 

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության կարգախոսը ոչ թե «հանուն» էր, այլ «ընդդեմ»։ «Քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոսը միավորել էր բոլորին։ Ցանկացած հստակ գաղափար, որը կունենար ապագա ռեֆորների, հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման կամ ցանկացած այլ բովանդակություն, կպառակտեր հանրությանը, սակայն հանրության մեծ մասին միավորում էր այդ կարճ և հասկանալի նպատակը։ Հանրության մեծ մասին միավորում է նաև նախկին իշխանություններին պատժելու գաղափարը՝ նախկինում կատարված ընտրակեղծիքների, ժողովրդական ընդվզումները ուժի միջոցով ճնշելու, խոշոր չափերի կոռուպցիայի համար։

Չնայած Նիկոլ Փաշինյանի կարգախոսն էր «բաց ձեռքերով» հեղափոխությունը (այսինքն` առանց զենքի, երբ ցուցարարները ձեռքերը վեր պարզած էին ցույցերի մասնակցում), հանուն «սիրո և հանդուրժողականության», սակայն հանրությունը «արյուն» է պահանջում։ Հեղափոխության ժամանակ չկային «ինչ անելու» կարգախոսները, և քաղաքական օրակարգի բացակայության պայմաններում նոր իշխանության համար ժողովրդի վստահությունը պահպանելու այլ ռեսուրս չկա, քան պատժելը։

Ցանկացած նոր ձերբակալություն իշխանության ռեյտինգը բարձրացնում է, և Փաշինյանի «սիրո և հանդուրժողականության» կոչերը ժողովուրդն ընդունում է որպես հռետորական հնարք, սակայն ժողովրդի համար հեղափոխության արդյունքները համոզիչ դարձնելու համար պետք են նոր ձերբակալություններ։

Հայաստանի արտաքին 7 մլրդ-անոց պարտքը փակելու համար հանրության զգալի մասը սպասում է, որ նախկին էլիտայի անօրինական կուտակած ունեցվածքը պետությունը պետք է բռնագանձի ու «վերադարձնի»։ Փաստորեն, «սեփականության լեգիտիմության» խնդիր է առաջացել, որը նոր կառավարությունը պետք է կարողանա լուծել։ Հասկանալի է, որ առանց «սեփականության անձեռնմխելիության» սկզբունքի Հայաստանում տնտեսական զարգացումն անհնար է։ Կառավարությունը պետք է իրականացնի ռեֆորմներ, որի արդյունքում հանրությունը ճանաչի սեփականության, հատկապես` խոշոր, օրինականությունը։ Այսինքն` հասարակության տարբեր հատվածների միջև համերաշխություն հաստատելու խնդիրը պետք է լուծվի։ Իսկ ինչպես է պետք դա անել, կառավարությունը դեռևս չգիտի։ Սա հենց այն խնդիրն է, որն առաջնային է նաև հետսովետական տարածքի երկրների համար, որտեղ խոշոր սեփականությունը հանրությունը չի ճանաչում որպես օրինական և մի օր նույն խնդրի առջև կարող են կանգնել նաևայդ երկրները, ինչի հանդեպ ԵԱՏՄ «ժանդարմը» չի կարող անտարբեր մնալ։

Հեղափոխության «ոսկե ձկնիկը»

Նախահեղափոխական Հայաստանում կային մի քանի կպչուն գաղափարներ` «իշխանափոխություն», «վերադարձնել ժողովրդից գողացված ազգային հարստությունը», «պատժել ընտրակեղծիքների մասնակիցներին»։ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս «ոսկե ձկնիկի» դերում, ինչի շնորհիվ նրա հեղինակությունը բարձր է։ Նա իրականացնում է ժողովրդի ցանկությունները։ Իշխանափոխությունը, որն անհնար էր թվում, իրականացել է, այժմ ցուցադրական ակցիաներ են տեղի ունում, որոնց ընթացքում ձերբակալվում են նախկին «գողերը»։ Գործողությունները հիմնականում իրականացնում է ԱԱԾ-ն, որի ղեկավարը վարկանիշով երկրորդն է Փաշինյանից հետո։

Սակայն հիմնական խնդիրն այն է, թե արդյոք ուժային գործողությունների միջոցով բարձրացված վարկանիշից օգտվելով` Հայաստանում քաղաքական ու տնտեսական ռեֆորմներ տեղի կունենան։ Եթե ոչ, ապա Հայաստանը կհայտնվի կոտրած տաշտակի առաջ։ Սակայն մինչ այդ, պետք է բարձր պահվի հանրային վարկանիշը, մինչև ընտրությունների միջոցով իշխանությունը կարողանա ամրապնդվել։

Այ այստեղ է առաջանում հիմնական խնդիրը. արտաքին և ներքին խնդիրները սկսել են միմյանց հակասել։ Այս խնդրի լուծումը նոր կառավարությունից մեծ ջանքեր ու հնարամատություն է պահանջում։

Մեկնաբանություններ (1)

Վաչե
Ռուսաստանն անհանգստացած է, որվհետև առ այսօր Հայաստանը թալանելու և վասալի կարգավիճակում պահելու կնքահայրը եղել է Ռ․ Քոչարյանը, բացի դրանից Քոչարյանին Դատելով անկասկած օրվա խնդիր կդառնա նաև հոկտեմբերի 27 ֊ի բացահայտումը, որի կազմակերպիչների ու պատվիրատոիների մասին գիտեն շատերը, բայց լռում են։ Մոսկվային թվում էր թե Փաշինյանը կսահմանափակվի տուշոնկա գողացողների և այլ մանտ հանցագործների հայտնաբերումով և հավատարիմ կմնա կրեմլի նախանշած ուղեգծին։ Սակայն ինչպես ասում են խիարը ծուռ բուսնեց։ Քանի որ Պուտինը ավելի լավ քան որևե մեկը տեղյակ է Քոչարյանի ողջ գործունեությանը, ոստի ունի լուրջ մտահոգության առիթ, որն արտահայտում է Լավրովների բերանով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter