Կիրակի, 19 օգոստոսի

Աղի լճի շրջակայքը վերածվել է աղբավայրի


«Առաջին անգամ որ եկա էստեղ, ուժեղ հոդացավեր ունեի։ Ամուսինս ու որդիս ձեռքերս բռնում էին, որ իջնեի ջուրը։ Հիմա ծնկներումս ցավեր չունեմ։ Ունեմ նաև բրոնխիալ ասթմա։ Փառք Աստծո, որ էս լիճը կա, էս աղը շնչելով` ամբողջ ձմեռ չհիվանդացա»,-ասում է Անուշ Սարգսյանը։

Անուշ Սարգսյան

Տիկին Անուշը Աղի լիճ է այցելում արդեն երեք տարի։ Ամռան ամիսներին ամեն օր՝ երկու ժամով, Կենտրոնից գալիս է լիճ, լողում, պառկում արևի տակ, զրուցում լիճ այցելող կանանց հետո, վերադառնում տուն։ Առաջին անգամ եկել է 1972 թվականին, երբ լճի երկու ավազանների փոխարեն փոքր «գյոլեր» էին. «Տատիկները գալիս էին, փայտը դնում, նստում վրան ու «կռուշկայով» վերցնում ջուրը, վրաները լցնում։ Ջուրը ահավոր աղի էր»,-ասում է նա։ 

Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում է «Գաջի գործարան»-ի հետնամասում: Այն ունի երկու ավազան, որից փոքրն ավելի աղի է: Լիճ այցելում են  երեխաներ և մեծահասակներ։ Այստեղ և՛ լողում են, և՛ աղի ջրի շնորհիվ որոշ հիվանդություններ բուժում։ 

Աղի լիճը հայտնի է իր բուժիչ հատկությամբ: Չնայած այս հանգամանքինդրա հարակից տարածքը աղբաշատ է. կենցաղային և շինարարական աղբ է թափված։ Աղբը նոր չէ, այն կուտակված է դեռևս նախորդ տարիներից և ժամանակի ընթացքում ցրվել է լճի շրջակայքով։ Լճում լողացողներից ոմանք բողոքում են, որ քամու ժամանակ բլրակներին թափված աղբը լցվում է ջուրը, կեղտոտում ավազաններն ու շրջակայքը։

Տիկին Անուշի խոսքով՝ այս տարածքը միշտ աղբաշատ է եղել, նախորդ տարի տարածքում մի կին է աշխատել, ով ցանցով հավաքել է ջրի մակերեսին եղած աղբը։ Ասում է՝ ցանկալի կլինի տարածքը մի քիչ մաքրվի՝ շինարարական ու կենցաղային աղբը դուրս բերվի, որոշ  հարմարություններ՝ զուգարան, նստարաններ կառուցելու դեպքում առավել երկար ժամանակով այստեղ կգան։

Լարիսա Մանուկյան

72-ամյա Լարիսա Մանուկյանը այս ամառ արդեն երրորդ օրն է լիճ գալիս։ Բնակվում է Էրեբունի վարչական շրջանում՝ լճից ոչ հեռու։ Նա ևս բողոքում է տարածքի աղտոտվածությունից, պետական մարմինների անուշադրությունից. «Այստեղ մարդիկ, իրոք, իրենց լավ են զգում, ուզում են պարբերաբար գալ, վայելել բնության այս շնորհը՝ աղի ջուրը, բայց լիճը բարձիթողի վիճակում է, պետության ուշադրությունից դուրս»։

Տիկին Լարիսան ասում է, որ պետությունից բացի այցելողներն էլ պետք է մտահոգվեն տարածքի պահպանմամբ և մաքրությամբ։

Էրեբունի վարչական շրջանի Կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Արմեն Մամուլյանը նշեց, որ այդ տարածքում բնակչություն չկա, որպեսզի աղբահանություն կազմակերպվի։ Բաժնի պետը տեղյակ չէ, թե ինչպես է մաքրվում լճի տարածքը կամ աղբահանություն կազմակերպվում։

Լճի  կողքի բլուրներին տարիներ առաջ թափված շինարարական աղբի մասին նա տեղյակ է, բայց կուտակված կենցաղային աղբի մասին` ոչ։ Ասաց՝ լրացուցիչ կուսումնասիրեն իրավիճակը, անհրաժեշտության դեպքում աղբաման կտեղադրեն։ Հարցին՝ ինչու՞ տարիներ շարունակ թափված աղբը չի մաքրվում լճի շրջակայքից և բլուրներից, բաժնի պետը պատասխանեց` միջոցների բացակայության պատճառով:


Գլխավոր էջ

Մեկնաբանություններ (2)
1. Martiros17:39 - 5 օգոստոսի, 2018
Իսկ հնարավոր է' կազմակերպել շաբաթօրյակ և մաքրել մտահոգ մարդկանց ուժերով։ Մենք ամեն բան սպասում են, որ իշխանությունները անեն։
2. Անահիտ13:02 - 7 օգոստոսի, 2018
սանիտեկի և քաղաքապետարանին ու թաղապետարանին է պետք դիմել, իսկ այցելուները գուցե ամեն անգամ մի փոքր մաքրեն ու չթափեն
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։