HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Մայր թատրոնը 90 տարեկան է

Այս տարի լրանում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրման 90-ամյակը: Հոբելյանական տարում, ինչպես տեղեկացրեց թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը, «մի շարք ծրագրեր է նախատեսվում իրականացնել»: Նրա խոսքով՝ ստեղծագործական ոլորտի մարդիկ երբեմն խոսում են ծրագրերի իրականացման մասին՝ հաշվի չառնելով պետության վիճակը, և թե դրանց իրագործման համար հնարավորություն կլինի, թե ոչ:

«Ես խոսում եմ որպես տնօրեն: Ես այդպես չեմ կարող մտածել,- ասում է նա:- Ես շատ լավ պատկերացնում եմ թե պետության վիճակը, թե մեր այսօրվա քաղաքական վիճակը, թե մեր՝ դեռ պատերազմի մեջ գտնվելու սառեցրած վիճակը, և հենց էնպես, պետությունից միմիայն փողեր ուզելով՝ չի կարելի... Այդ բոլոր հարցերը հաշվի առնելով, հաշվարկները կատարելով` 90-ամյակի հետ կապված մշակել ենք ինչպես մնայուն, այնպես էլ ընթացիկ ծրագրեր»:

Մնայուն ծրագրերի մեջ է մտնում թատրոնի 90-ամյա պատմությունը մեկ ժողովածուով հրատարակելը: «Այն լինելու է լուրջ, արժեքավոր հրատարակություն` հնարավորության դեպքում գունավոր և երկու լեզվով»,- ասաց տնօրենը:

Նախատեսվում է նաև բացել մշտապես գործող թանգարան-ցուցասրահ, որում ներկայացված կլինեն թատրոնի արխիվը, «նրա պատմության հետ կապված աֆիշներ, նկարներ, հագուստներ»:

90-ամյա հոբելյանը նշելու ծրագրերի մեջ է մտնում «շատ գեղեցիկ» հուշանվերներ պատրաստելը, որոնք, տնօրենի խոսքով, որպես հուշ կբաժանվեն «ժողովրդին, թատրոնի այցելուներին, թատրոնի մասնակիցներին, որոշ հյուրերի, ղեկավար անձանց. դա և գովազդ է, և հիշողություն»:

Ինչ վերաբերում է ստեղծագործական ծրագրերին, ապա արդեն որոշված են այն ներկայացումները, որոնք պետք է այս տարվա ընթացքում բեմադրվեն: Առաջին պիեսը, որի բեմադրման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, Վիլյամ Շեքսպիրի «Ջոն արքա»-ն է: Նախատեսված երկրորդ ներկայացման հիմքում Պերճ Զեյթունցյանի «Հարյուր տարի անց» ստեղծագործությունն է: Նախարարությունն արդեն գնել է պիեսը, դերասանները ծանոթացել են դրան, ընտրվել է նաև բեմադրիչը:

Հոբելյանական տարին թատրոնի համար պատասխանատու է լինելու: Հայաստանը այն 37 երկրների թվում է, որոնք այս տարի հնարավորություն են ստացել մասնակցել Անգլիայում ապրիլին կայանալիք շեքսպիրյան թատերական փառատոնին: Վերջինիս կազմակերպիչների ընտրությամբ՝ Հայաստանից օլիմպիադային կմասնակցի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը «Ջոն արքա» ներկայացումով: Վերջինիս ընտրությունը կատարվել է անգլիական կողմի պատվերով:

Քանի որ Մայր թատրոնն իր հանդիսատեսին առաջին անգամ ներկայացել է 1922թ. հունվարի 25-ին «Պեպո» պիեսով, ապա հոբելյանական է ոչ միայն 2012թ.-ը, այլև հունվար ամիսը, բայց ինչպես տեղեկացրեց Ստեփան Դավթյանը, այս ամիս որևէ ներկայացում չի ցուցադրվելու:

-Օրինակ՝ Մոսկվայի Մ.Գորկու անվան գեղարվեստական թատրոնում...

Ստեփան Դավթյան. - Դուք ինձ Մոսկվայից օրինակներ մի բերեք:

-Ուզում էի ասել՝ նրանց համար էլ է այս տարին հոբելյանական, և նրանք հունվար ամսվա բոլոր օրերին ներկայացումներ ունեն:

- Մենք հունվարին ներկայացումներ չունենք, փորձեր ենք անում: Փետրվարին ենք սկսում ներկայացումներ տալ, մոտավորապես փետրվարի 20-ից:

Մեր և Մոսկվայի թատրոնների աշխատաոճերը համեմատելու առիթ էր տվել nationaltheatre.am պաշտոնական կայքում տեղադրված այն պատմությունը, որ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հիմնադիրներ Իսահակ Ալիխանյանն ու Լևոն Քալանթարը տարիներ առաջ «ստեղծեցին ժամանակի գեղագիտական հաստատումներին համահունչ մի թատրոն»՝ «...առաջնորդվելով մասնավորաբար Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի հիմնավորած մեթոդաբանությամբ»:

Տնօրեն Ստեփան Դավթյանը, Մոսկվայի հետ համեմատվելը մի կողմ թողնելով, ավելի կարևոր է հանգամանք է համարում այն, որ ինքն իր պետության` անցած տարի թատրոնին ներկայացրած պահանջը կարողացել է բավարարել. «Պետությունն ինձնից պահանջել էր հանդիսատեսի 55% հաճախելիության ապահովում, ես պահանջը կատարել եմ 54%-ով: Ֆինանսական ծրագիրը տրված էր եղել 50.000.000 գումարով, կատարել եմ 54.000.000 միլիոնով՝ 106%-ով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter