HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը քիչ առաջ Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» հաղորդաշարի եթերում հայտնեց, որ  ժամեր առաջ մեղադրանք է առաջադրվել նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին։ ՀՔԾ պետի փոխանցմամբ՝ ընտրություններից հետո, երբ Սերժ Սարգսյանի հակառակորդները բողոքարկել էին 2008 թվականի Հայաստանի նախագահական ընտրությունների արդյունքները, Արմեն Գևորգյանը և մեկ այլ պաշտոնյա փորձել են ճնշում գործադրել Սահմանադրական դատարանի դատավոր Վալերի Պողոսյանի վրա։ Այս մասին տարիներ առաջ գրել էր Wikileaks-ը՝ նշելով, որ Պողոսյանը դիմել է ԱՄՆ դեսպանատուն՝ հայտնելով, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմից իր վրա ճնշում են գործադրում, որ նա որոշում կայացնի Սերժ Սարգսյանի օգտին։ Սասուն Խաչատրյանի փոխանցմամբ՝ այս հրապարակումը ՀՔԾ քննությամբ հաստատվել է, քանի որ Վալերի Պողոսյանը չի մասնակցել դատական այդ նիստին։

Արմեն Գևորգյանը մեղադրվում է արդարադատության կայացմանը խոչընդոտելու մեջ։ Ինչպես նշվում է ՀՔԾ  հաղորդագրությունում, 2008 թվականի փետրվարի 28-ից մարտի 8-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ սահմանադրական դատարանում ՀՀ նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումների հիման վրա քննության է առնվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2008 թվականի փետրվարի 24-ի՝ «Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» թիվ 24-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործը:

Նպատակ ունենալով խոչընդոտել տվյալ գործով սահմանադրական արդարադատության իրականացմանը՝ Արմեն Գևորգյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2008 թվականի մարտի սկզբներին, մինչև ՀՀ սահմանադրական դատարանի կողմից տվյալ գործով որոշում կայացնելը, ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի մոտ է ուղարկել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում աշխատող վերջինիս եղբորը, ում կարգադրել է փոխանցել, որ անհրաժեշտ է կայացնել ընտրությունների արդյունքներն անփոփոխ թողնելու մասին որոշում:

Նրան սպառնում է մինչ 6 տարի ազատազրկում։ Սակայն նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Արմեն Գեւորգյանը 2006 թվականի փետրվարից մինչեւ 2008 թվականի ապրիլի 21-ը եղել է Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար, իսկ 2007 թվականի հունիսից մինչև 2008թ. ապրիլը զբաղեցրել է նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանը ՀՔԾ էր հրավիրվել հուլիսի 26-ին։ Սակայն Հատուկ քննչական ծառայությունից չէին մանրամասնել, թե Գևորգյանը հարցաքննությանը ինչ կարգավիճակ է ունեցել։

Մեկնաբանություններ (3)

RZ
Original version of the cable : https://wikileaks.org/plusd/cables/08YEREVAN199_a.html
Լուսիկ
Անհասկանալի է Վալերի Պողոսյանը այս ընթացքում հաստաել է Wikileaks-ի հրապարակու՞մը: Ինչպե՞ս կարող են մեղադրել միայն հրապարակումը հիմք ընդունելով: Երևի պետք էր ասել, որ մեղադրանք է առաջադրվել ու չբացել փակագծերը, եթե տվյալ պահին դա նպատակահարմար չէր:
Կարեն
Գիտեիր, մարդկանց ընտրությունն իրենց ձեռքից առնելը է՞ժանա նստելու վրեդ։ http://www.aniarc.am/2017/12/20/valery-poghosyan-pennington-wikileaks-2008/

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter