HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը մեջբերումներ է արել 0038 հրամանից

Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի 0038 գաղտնի հրամանը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների առիթվ հարուցված քրեական գործում հայնվել է միայն 2018 թվականի հուլիսին: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանը: 

ՀՔԾ պետը հիշեցրեց, որ 0038 հրամանի մասին առաջին հիշատակումները եղել են մամուլում, տեղեկատվության արտահոսքը եղել էր պաշտպանության նախարարությունից, որի համար ՊՆ բարձրաստիճան երկու պաշտոնյաներ դատապարտվել էին: Սասուն Խաչատրյանի խոսքով՝ վարույթն իրականացնող մարմինը 0038 հրամանի մասին իմանալուց հետո պարտավոր էր առգրավվել այդ փաստաթուղը: ՀՔԾ պետը հայտնեց, որ երկրորդ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում ամենաառաջնայինը հենց 0038 հույժ գաղտնի հրամանն է եղել: Ըստ Սասուն Խաչատրյանի՝ պատահական չէ, որ այս հրամանը մինչև այս քրեական գործում չի եղել, քանի որ միայն այս հրամանը խոսում է այն մասին, որ Զինված ուժերը ներգրավված են եղել մարտի 1-ի իրադարձություններում, ընդ որում՝ հրամանը ստորագրվել է ոչ թե մարտի 1-ին, այլ փետրվարի 23-ին:

Հրամանը վերնագրված է եղել հետևյալ կերպ՝ «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ»: Սասուն Խաչատրյանը որոշ մեջբերումներ արեց Միքայել Հարությունյանի գաղտնի հրամանից: 

«ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները միջազգային հանրության կողմից բաց և թափանցիկ ճանաչելուց հետո որոշ քաղաքական ուժեր այն չեն ընդունում և հակաօրինական գործողություններով փորձում են ապակայունացնել իրավիճակը: ՀՀ զինված ուժերը, հանդիսանալով պետության անվտանգության երաշխիքը, պատրաստ է իր գործողություններով՝ հենվելով Սահմանադրության և գործող օրենքների վրա, ապահովել երկրի կայունությունն ու թույլ չտալ մի խումբ մարդկանց վտանգելու երկրի բնականոն զարգացումը: Սահմանադրական պարտականությունների կատարումը ՀՀ զինված ուժերի կողմից ապահովելու նպատակով հրամայում եմ՝

Սույն թվականի փետրվարի 23-ից զինված ուժերի ողջ անձնակազմը 18:00-ից տեղափոխել զորանոցային վիճակի մինչև հատուկ կարգադրության ստացումը: ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծել սպայական խմբեր, որոնց զինել տաբելային զենքով»:

Սասուն Խաչատրյանը նշեց, թե իր համար անհասկանալի է, որ պաշտպանական կողմը ձեռքի տակ ունենալով 0038 հրամանի գաղտնազերծված մասը, պնդում է, թե հրամանը եղել է այն նպատակով, որպեսզի զորքը բերվի զորանոցային վիճակի և զերծ մնա ներքաղաքական գործընթացներին խառնվելուց:

Շարունակելով մեջբերում անել գաղտնի հրամանից՝ ՀՔԾ պետը առաձնացրեց փաստաթղթի 3-րդ կետը. 

«ՀՀ ՊՆ և Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչությունների պետերին, բանակային կորպուսների և առանձին զորամասերի հրամանատարներին՝ ստեղծել բարձր շարժունակությամբ, բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ, հավաքական ստորաբաժանումներ հետևյալ հաշվարկով՝ բանակային կորպուսներից 100-ական հոգի: Ստեղծված ստորաբաժանումները կազմակերպել ըստ դասակների՝ յուրաքանչյուրը 30 հոգի և ստորաբաժանումները զինել հրաձգային զենքերով»:

Այնուհետև Սասուն Խաչատրյանը ուշադրություն հրավիրեց հրամանի 10-րդ կետի վրա, որում մասնավորապես ասվում էր. 

«3-րդ կետում նշված ստորաբաժանումները համալրել առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն սպաներով, ենթասպաներով, պայմանագրային և ժամկետային զինծառայողներով»:

ՀՔԾ պետը նշեց, որ այնպիսի տպավորություն է ստեղծվել, թե կազմավորվել են հատուկ խմբեր, որոնք պետք է ինչ-որ դիվերսիոն գործողություններ կատարեին թշնամու թիկունքում: Սասուն Խաչատրյանը հույս հայտնեց, որ Վերաքննիչ դատարանը ճիշտ գնահատական կտա Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի ներկայացրած բողոքին՝ հաշվի առնելով հիմնավոր կասկածները և մեղադրանքի հիմքում դրված փաստերը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին և Միքայել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու հատկանիշներով: Երկրորդ նախագահը կալանովարվել է, իսկ Միքայել Հարությունյանը գտնվում է հետախուզման մեջ: Օգոստոսի 1-ին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար նրա պաշտպանները բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան։ 

Լուսանկարում՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter