Չորեքշաբթի, 15 օգոստոսի

Նիք Դրեյք. այդ թախծոտ երգերով օտարականը



1985թ. բրիտանական «The Dream Academy» բենդը թողարկեց «Life in a Northern Town» երգի սինգլը՝ դեբյուտային՝ «The Dream Academy» խորագրով ալբոմից: Այն բեկումնային հիթ դարձավ խմբի կյանքում` ընդգրկվելով և լավագույն հորիզոնականներ նվաճելով ամերիկյան,  բրիտանական, իռլանդական երգերի շարքում:  Սակայն քչերը անմիջապես հասկացան, որ  «Life in a Northern Town»-ը երգ-էլեգիա էր՝ նվիրված վաղամեռիկ պոետ, երգիչ, երգահան և արդեն վաղուց մոռացված Նիք Դրեյքի հիշատակին:

Ռադիոկայաններից հնչելիս, օրվա հաղորդավարն  այդ մասին անպայման հիշեցնում էր երգի սկզբում՝ եթերից առաջ: Արդյունքում՝ հիթային դարձաձ երգի ունկնդիրներին ավելի ու ավելի հետաքրքիր էր դառնում այդ անհայտ ու ստվերի պես աննկատորեն իրենց ուշադրությունը գրավող անունը:

Նիքըլըս Ռոդնի Դրեյք, նույն ինքը՝ Նիք Դրեյքը, թախիծի երգիչն ու պոետը, ով այդպես էլ լայն ճանաչում չգտավ իր կենդանության օրոք, թեպետ ապրեց ընդամենը 26 տարի: Նիք Դրեյքի կյանքը չհասկացվածության, մերժումների, մեկուսացման ու մենության գորշ գույներով էր միայն լեցուն: Երբ նրա ինքնասպանությունից հետո լուրը տարածվեց շրջապատում, թերևս այն ժամանակ մարդիկ սկսեցին հասկանալ անհատներին որպես օտար վերաբերվելու սխալի մասին: 1974թ. դեկտեմբերի 2-ին, անգլիական Թանուորդ Ին Արդեն փոքրիկ գյուղաքաղաքում, որտեղ անցել էր Դրեյքի մանկությունը, Սբ. Մարիամ Մագթաղենացու եկեղեցու բակում նրա թաղման արարողությունն էր:  Հավանաբար նրա թախծոտ ու  երազող հոգեվիճակների լուռ զրուցակիցն էր եղել մենավոր այն կաղնին, ում ներքո պիտի ամփոփվեր Դրեյքի՝ այլևս մի բուռ մոխրի վերածված կյանքը: Եվ ի զարմանս երգչի հարազատների՝ գերեզմանատան այդ անկյունը լցված էր մարդկանցով: Հրաժեշտի էին եկել նրան ճանաչող և նրա մահը սգացող հիսունից ավել դասընկերներ, ծանոթներ, քոլեջի ու համալսարանի նախկին ուսանողներ, այդ թվում՝ Լոնդոնից, Քեմբրիջից, ֆրանսիական Էքս ան Պրովանսից, բիրմինգհեմյան այդ հարազատ գյուղից և այլ քաղաքներից: Նրանցից շատերն իրար առաջին անգամ էին հանդիպում: Մոր վկայությամբ՝ «Այդ առավոտ, մեծ թվով նրա ընկերներից էին հավաքվել. ընկերներ, որոնց մենք նախկինում երբևէ չէինք տեսել»:

Նիք Դրեյքն այսօր շատ-շատերի համար անգլիացի լավագույն երգիչ-երգահաններից մեկն է, բազմաթիվ ճանաչված երգիչների կուռքը, երբեմն պաշտամունքի հասնող խոստովանությամբ, և 20-րդ դարի երաժշտական կարևորագույն անուններից մեկը:

«Այդ փխրուն հանճարը», «Օտարականը մեր մեջ», «Իսկական երաժիշտների երաժիշտը», «Լքված հոգիների երգիչը»…  ահա նա՝ մահվանից տասնյակ տարիներ անց:

Իր կենդանության օրոք Ն. Դրեյքը ունեցավ երեք ալբոմ, բազմաթիվ համերգներ, որոնց ժամանակ հանդիսատեսը, ժամանակակիցների վկայությամբ, լսում էր նրան հիպնոսացած լռությամբ: Բայց ոչ այս ալբոմները, ոչ մեղեդուն ձուլված բանաստեղծությունը և ոչ էլ այդ ձգողական լռությունը չունեցան այն հաջողությունն ու ճանաչումը, ինչին հավատում կամ փափագում էր հասնել նա: Կիթառի ակուստիկ կատարման, բեմական պարզ ու ոչ արտասովոր խառնվածքի, ինչ-որ տեղ նաև անհամ սառնության մեջ ծավալվող այդ իրականությունը թերևս չէր շտապում զարմացնել զարմանալին ակնկալող միջավայրին: Բեմում նա կարող էր երգել՝ առանց բառ անգամ փոխանակելու իրեն ուշադիր լսող հանդիսատեսի հետ, երգից երգ ընդմիջումներին երկար դադարներով կարգավորել կիթառի լարերը ու նույնիսկ այդ ընթացքում ոչինչ չասել: Դրեյքը անհաղորդ ու խառնվածքով անտարբեր կատարողի էր նման, ով, սակայն, կարող էր շատ արագ փոխվել՝ լքելով բեմը, եթե այդ ընթացքում փոխադարձ անհաղորդություն էր զգացել հաանդիսատեսի կողմից:

Բայց այդ ամենը խաբուսիկ էր. այս երգիչը անչափ զգայուն էր, փխրուն ու արագ ընկնում էր թախծոտ տրամադրությունների գիրկը:

…Fruit tree, fruit tree, open your eyes to another year

They’ll all know that you were here

When you’re gone…

Ընդունված է համարել, որ Դրեյքի բոլոր երգերն ու բանաստեղծությունները իր մասին են, հիմնականում իր դեպրեսիվ տրամադրություններից  ծնված: Դրանք այսօր՝ մի քանի տասնյակ տարիներ անց, մարգարեական ճշմարտության նման են հնչում:  «Fruit Tree»-ն այդ  երգերից մեկն է՝ առաջին ալբոմից:

«Five Leaves Left». այսպես էր խորագրել նա իր դեբյուտային ալբոմը, որը թողարկվեց 1969թ.: Դրեյքին ճանաչողներն ու նրա կենսագրությունը ուսումնասիրած շատ գրողներ հավաստիացնում են, որ սա նրա կյանքի խաղաղ փուլերից մեկն էր: Մահվանից ընդամենը հինգ տարի առաջ Դրեյքը երգում էր անտեսված լինելու, բայց ապագայում մեծ համբավ, փառք ունեցող կյանքի մասի:  Այդ կյանքը խորհրդանշող ծառն իր պտուղների համով դեռևս աննկատ էր մնում: Ալբոմի պրոդյուսերը՝ Ջո Բոյդը, ոգևորվոծ Քոհենի «Songs of Leonard Cohen» ալբոմի հաջողությունից, գրեթե վստահ էր, որ նույնն է լինելու այս պարագայում: Բոյդը  հաջողության բանալին գտել էր Դրեյքի պոեզիայի, չափազանց անմիջական ու դրանով հանդերձ՝ միաժամանակ ինտիմ զգացողություններ ներշնչող ձայնի, պարզ երաժշտության և ժամանակի պահանջարկ վայելող ֆոլկ ռոքի մեջ: Սակայն «Fruit Tree»-ն չդարձավ «Songs of Leonard Cohen»-ի բրիտանական տարբերակը: Ալբոմը կոմերցիոն առումով գրեթե ձախողվեց՝ մեծ հիասթափություն ու ընկճված օրեր ավելացնելով Նիկ Դրեյքի կյանքում:

1969թ. աշնանը, նա կիսատ թողնելով քեմբրիջյան կրթությունը՝ ճանապարհ բռնեց դեպի բոհեմական և արվեստների երկիր Ֆրանսիա: Նա ընտրեց Էքս ան Պրովանսի՝ հիպիական կյանքով ապրող միջավայրը: Ընդունվելով համալսարան՝ Դրեյքը որոշեց միմիայն կենտրոնանալ ստեղծագործական ուժերը զարգացնելու, հատկապես՝ իր երաժշտության վրա: Նոր միջավայրը տաղանդավոր պոետի ու հուսալքված երաժշտի համար իսկապես, փրկություն էր, բայց՝ ժամանակավոր:

Շարունակելի…

Գլխավոր լուսանկարը՝ NME ամսագրի կայքից


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (1)
1. Հարութ17:03 - 4 օգոստոսի, 2018
Շնորհակալություն
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ