HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչները անհիմն են համարում ՀՔԾ պետի հայտարությունները

ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանները եւ գրասենյակի ղեկավարն այսօր հրավիրել էին ասուլիս, որտեղ խոսեցին Ռոբերտ Քոչարյանի կալանքի, վերաքննիչ բողոքի ու երեկ Հանրային հեռուստատեսության եթերում ՀՔԾ պետի հարցազրույցի մասին։

Պաշտպանների խմբում նոր ներառված փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ երկուշաբթի օրը Ռ. Քոչարյանի կալանքի որոշման դեմ իր բողոքն է ներկայացնելու։ Ըստ նրա՝«դատավարական հակառակորդները» մի շարք հարցազրույցներ են տվել եւ այնպիսի տվյալներ ներկայացրել, որոնք իրենց տեսակետով իրականությանը չեն համապատասխանում։

Ալումյանն ասաց, որ սխալ է ՀՔԾ պետի հաղորդած այն տեղակատվությանը, թե վերաքննիչ դատարանը կալանքի բողոքը քննելու է այսօր.«Վերաքննիչ դատարանի կողմից բողոքը վարույթ  ընդունելու որոշում չունենք, բայց չունենք նաեւ հակառակը։ Պաշտոնապես որեւէ տվյալ չկա, թե երբ է քննվելու բողոքը եւ ով է քննելու»։

Փաստաբան Սարգիս Գրիգորյանի պնդմամբ՝ ՀՔԾ պետի երեկվա վերլուծությունը քրեական գործի վերաբերյալ միջամտություն է արդարադատությանը, քանի որ պետական մարմնինները պարտավոր են ձեռնպահ մնալ դատական գործընթացը վտանգող քննարկումներից։

Ըստ փաստաբան Հայկ Ալումյանի՝ երբ խոսում է ՀՔԾ պետը կամ Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող այլ պաշտոնատար անձ, գնահատականները չպիտի լինեն միանշանակ.

«Նա կարող է ասել, մենք համարում ենք այսպես, մենք մեղսագրել ենք այս արարքը, բայց չի կարող անել այնպիսի հայտարարություններ, որոնցից աներկբա հետևի, որ տվյալ մեղադրյալը հաստատ կատարել է այսինչ հանցագործությունը»:

Ըստ փասաբանի՝ սա անմեղության կանխավարկածի ամենակոպիտ խախտում է։

Ռուբեն Սահակյանը եւս խոսեց Սասուն Խաչատրյանի հայտարարությունների մասին։ Ասաց, որ ՀՔԾ պետի տված գնահատականները կարող են ազդել բողոքը քննող դատավորի որոշումների վրա։

«Մարդը կարող է վախենալ, եթե գտնեն, որ ինքը սխալ որոշում է կայացրել, ո՞վ պետք է քննի գործը, պետք է քննի ՀՔԾ-ն, որի պետը երեկ արդեն գնահատականներ է տվել։ Էս տեսակետից եւս հարիր չէ նրա ելույթը»,-նշեց փաստաբանը։

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի կարծիքով՝ ՀՔԾ պետի հարցազրույցում հայտարարած պնդումները հակասական են եւ ոչ համոզիչ, իսկ փաստերը հարմարեցված են նպատակին.

«Սա վերաբերում է 0038 հրամանին, ՀՔԾ-ն պետք է կարողանա ապացուցել անապացուցելին, որովհետեւ նման փաստեր գոյություն չունեն»,- հայտարարեց Սողոմոնյանը։ Ըստ նրա՝ որեւէ խոսք չկա այն դրվագի մասին՝ արդյոք բախում եղե՞լ է ցուցարարների ու զինվորների միջեւ, թե ինչպե՞ս է կանխատեսվել, որ բանակը մարտի մեկին ներգրավվելու է։

«Ցանկացած ելույթ ապացուցելու է, որ այս գործը ծայրից ծայր քաղաքական հետապնդում է։ Որեւէ հիմնավորված փաստարկ չկա, որ ասեն՝ նախագահը մեղավոր է տասը զոհերի մահվան մեջ, չկա որեւէ փաստ, որի հրապարակման վերաբերյալ Քոչարյանը անհանգստանա։ Երեկվա հարցազրույցը համարում ենք հերթական փորձը արդարեցնելու քաղաքական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ»,- հայտարարեց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter