Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

«Պետք է դադարենք Սևանա լճին վերաբերվել որպես ջրի տարա». վարչապետի մոտ քննարկվել են ոռոգման շրջանի խնդիրները



Վարչապետի պաշտոնական կայքը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ոռոգման շրջանի հրատապ լուծում պահանջող խնդիրները: 

Վարչապետը նախ անդրադարձել է ոռոգման հետ կապված առկա կարիքներին, ավելի վաղ ներկայացված կանխատեսումներին և ընդգծել. «Ընդհանրապես, Սևանա լճի այսօրվա իրավիճակը մեզ ստիպում է արձանագրել, որ պետք է դադարենք Սևանին վերաբերվել որպես խաղալիք կամ ջրի տարա: Դա բացարձակապես անթույլատրելի է, և Սևանին որպես ջրի տարա վերաբերվելու գործելակերպը, ցավոք, արդեն երկար ժամանակ Հայաստանում վերածվել է պետական քաղաքականության, ու դրա հետևանքները մենք այսօր տեսնում ենք: Հույս ունեմ, որ ներկաները հենց այս տրամադրությամբ և տրամադրվածությամբ են եկել այսօրվա քննարկմանը: Մենք պետք է այս փակ ու անցանկալի շղթան ի վերջո ճեղքենք»: 

Այնուհետև պատասխանատուներրը ներկայացրել են ջրամբարների լցվածության մակարդակի, ոռոգման սեզոնը լիարժեք փակելու համար անհրաժեշտ ջրի քանակի, ճեղքվածքը լրացնելու հնարավոր միջոցառումների, Մխչյանի և Ռանչպարի պոմպակայանների հետ կապված անհրաժեշտ տեղեկատվությունը, որի շուրջ տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են տարբեր առաջարկություններ՝ ոռոգման խնդիրների լուծման ուղղությամբ:

Այնուհետև անդրադարձ է կատարվել ոռոգման համակարգերից ջրային կորուստների նվազեցմանը, հէկերի գործունեության վերահսկողությանը և առաջացող բնապահապանական խնդիրներին: 

Քննարկման արդյունքներով՝ վարչապետը հանձնարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների ներգրավմամբ ձևավորել աշխատանքային խումբ, որն առավելագույնը կարճ ժամանակահատվածում կքննարկի գյուղացիական տնտեսություններին անհրաժեշտ ոռոգման ջրի ապահովման խնդիրն ու կներկայացնի համապատասխան առաջարկություններ: 

«Անհրաժեշտ է ուսումնասիրել իրավիճակը և գտնել առանց Սևանա լճից ջուր բաց թողնելու խնդրի լուծման տարբերակներ: Խնդիրը պետք է լուծել մաքսիմալ արդյունավետ և կարճ ժամանակում»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը, միաժամանակ ընդգծելով հանրապետությունում կաթիլային ոռոգման համակարգի զարգացման անհրաժեշտությունը: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ