HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբանների պալատը կարող է առաջարկել քրեականացնել փաստաբանին իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու առնչությամբ վիրավորելու արարքը

«Վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական ցանցերի հարթակներում հաճախակի են դարձել դեպքերը, երբ մասնագիտական աշխատանք կատարող փաստաբանը նույնացվում է իր վստահորդի հետ։ Փաստաբանների նկատմամբ վերաբերմունքը հիմնականում պայմանավորված է նրանց վստահորդների անձով ու այդ անձանց վերաբերյալ հանրության բացասական ընկալումներով»,- հայտնել է Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ այսօր տարածած հաղորդագրությամբ:

«Բազմաթիվ են փաստաբանների պատիվն ու արժանապատվությունը նսեմացնելու նպատակ հետապնդող, նույնիսկ սպառնալիք պարունակող մեկնաբանությունները։

Փաստաբանների պալատը նախկինում անդրադարձել էր որոշ քրեական գործերի առնչությամբ փաստաբանության ինստիտուտի թիրախավորման խնդրին՝ կոչ անելով հարգել փաստաբանի մասնագիտական աշխատանքը և չնույնացնել փաստաբանին իր վստահորդի հետ:

Նշված խնդրին անդրադարձել էր նաև Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը՝ ընդգծելով հասարակությունում փաստաբանի աշխատանքի վերաբերյալ իրավական ճիշտ մշակույթի ու ընկալումների արմատավորման կարևորությունը:

Չնայած այս կոչերին և հորդորներին՝ շարունակվում է հնչեցվել փաստաբանների պատիվն ու արժանապատվությունը նսեմացնող արտահայտություններ: Այս միտումը վտանգավոր է և խոչընդոտ է հանդիսանում փաստաբանության ամրապնդման գործընթացում: Հարկ է նկատել, որ վիրավորանքի հրապարակային դրսևորումներն ունեն աճի միտում, ինչը պայմանավորված է նշված դեպքերի կանխարգելման և իրավական հետապնդման արդյունավետ միջոցների բացակայությամբ: Գործող օրենսդրությամբ քրեորեն արգելված արարք է հանդիսանում միայն փաստաբանին սպառնալը, մինչդեռ փաստաբանին հրապարակային հարթակներում վիրավորելը (հայհոյելը) իր վտանգավորությամբ չի զիջում նախորդ արարքին, քանի որ նույն կերպ խախտում է որևէ անձի կողմից փաստաբանական գործունեությանը չմիջամտելու երաշխիքը («Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդված):

Միայն քաղաքացիաիրավական պատասխանատվությունը արդյունավետ միջոց չի հանդիսանում փաստաբանի արժանապատվությունը, մասնագիտական անկախությունը և անկաշկանդ գործելու ազատությունը պաշտպանելու համար: Այս տեսանկյունից, փաստաբանին վիրավորելու վարքագծի քրեաիրավական կանխարգելումն ու հետապնդումը կարող է հանդիսանալ առավել արդյունավետ գործիք:

Նկատի ունենալով վերոգրյալը, մասնավորապես՝ փաստաբանի նկատմամբ վիրավորանքի հրապարակային դրսևորումների աճը, ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի քննարկմանը կներկայացվի՝ փաստաբանին՝ իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու առնչությամբ վիրավորելու արարքի քրեականացման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ արդարադատության նախարարությանն առաջարկություն ներկայացնելու հարցը»- նշված է փաստաբանների պալատի նախագահի տարածած հաղորդագրության մեջ:

Հետգրության մեջ գրված է. «Հաշվի առնելով գործադիր իշխանության նկատմամբ հանրային բարձր վստահությունը, ակնկալում ենք գործող իշխանության հրապարակային դիրքորոշումը՝ փաստաբաններին վիրավորելու խնդրի վերաբերյալ»:

Լուսանկարում՝ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter