HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատասխանատվությունը կիսում են երիտասարդների վրա հարձակվողները և իրավապահները. կոալիցիայի հայտարարությունը

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան, որը միավորում է 11 իրավապաշտպան հասարակական կազմակերպություն և 4 անհատների, հայտարարություն է տարածել Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում օգոստոսի 3-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ.

«Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան (այսուհետ՝ Կոալիցիա) խստագույնս դատապարտում է Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում տեղի ունեցած ծայրահեղ անհանդուրժողականության, ատելության և բռնության պոռթկումը, որն արտահայտվեց 9 երիտասարդի կյանքի և առողջության նկատմամբ հոգեբանական և
ֆիզիկական ոտնձգությամբ:

Կոալիցիան պնդում է, որ կատարվածի համար պատասխանատվությունը կիսում են հավասարապես թե՛ այն անձինք, ովքեր հարձակում են գործել գյուղի բնակիչներից մեկի մոտ հյուրընկալված երիտասարդների վրա և թե՛ իրավապահ մարմինները, մասնավորապես ոստիկանության ծառայողները, որոնք տարիներ շարունակ իրենց անգործությամբ, թողտվությամբ և, նույնիսկ, ուղղորդմամբ խրախուսել են իրական կամ ենթադրյալ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության  պատճառով ատելության հիմքի վրա կատարված հանցագործությունները:

Եթե մի քանի ամիս առաջ Գորիսում տուժածներից երկուսի նկատմամբ տեղի ունեցած հարձակման դեպքի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Գորիսի բաժինը պատշաճ կերպով արձագանքեր, ապա նույն բռնարարները այս անգամ չէին գլխավորի մարդկանց առողջությանը ավելի ծանր վնաս պատճառած այս հարձակումը:

Իրական կամ ենթադրյալ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության պատճառով ատելության հիմքով կատարված հանցագործությունների զոհերի բողոքներին ընթացք չտալով, զոհերին մեղադրելով և նշված հիմքով ատելությունը որպես մեղմացուցիչ հանգամանք դիտարկելով՝ ՀՀ ոստիկանությունը և այլ իրավապահները փաստացի խրախուսում են նման
հանցագործությունները:

Հայաստանի Հանրապետությունը տարիներ շարունակ ձախողում է ԼԳԲՏ անձանց խտրականությունից զերծ մնալու, բռնության չենթարկվելու, արժանապատիվ կյանքի և ՀՀ սահմանադրությամբ ու միջազգային փաստաթղթերով սահմանված մի շարք այլ իրավունքների ապահովումն ու պաշտպանությունը, ինչն անհամատեղելի է ժողովրդավարության և մարդու իրավունքների գերակայության արժեքները հռչակած պետության տեսլականի հետ: Իր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը պետության գոյության հիմնական նպատակներից է, ինչին կարելի է հասնել միայն պետական
մարմինների գործելաոճի կտրուկ փոփոխության արդյունքում:

Կոալիցիան հայտնում է իր զորակցությունը Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում հարձակման ենթարկված անձանց, բարձր գնահատում իրենց պայքարը իրավունքների պաշտպանության համար և պատրաստակամություն է հայտնում աջակցել ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության նախաձեռնություններին և պահանջում.

• ՀՀ ոստիկանությունից և այլ պատկան մարմիններից գործի պատշաճ և արդարացի քննություն և մեղավորների համաչափ և օրինաչափ պատիժ:

• ՀՀ կառավարությունից անհապաղ քայլեր ձեռնարկել Հայաստանում խտրականության բոլոր հատկանիշներով ատելության հիմքով հանցագործությունների և խտրականության վերացման ուղղությամբ՝ ինչպես օրենսդրական կարգավորումների միջոցով, այնպես էլ դրսևորելով քաղաքական կամք՝ արտահայտվելու և գործելու հասարակական անվտանգության համար նման վտանգ ներկայացնող հանցագործությունների դեմ:

Կոալիցիան պատրաստակամ է ցուցաբերել մասնագիտական և տեխնիկական աջակցություն այդ նպատակը իրականացնելու համար»:

«ԱԳԱԹ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ
«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ
«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ
«Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ
«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ
«Փինք Արմենիա» ՀԿ
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
«Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ
Լիդա Մինասյան, անհատ անդամ
Անահիտ Չիլինգարյան, անհատ անդամ
Նարե Հովհաննիսյան, անհատ անդամ
Ռիմա Սարդարյան, անհատ անդամ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter