HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավետիք Իշխանյան

Հիշիր վաղվա օրդ

Հայտնի խոսք կա՝ «Ձայն բազմաց՝ ձայն աստծո», կամ «ժողովուրդը երբեք չի սխալվում»։ Եվ այս խոսք-պոստուլատը ընդունված է համարել որպես բացարձակ ճշմարտություն։ Արդյո՞ք․․․

Իհարկե, «Ձայն բազմաց՝ ձայն աստծո» դրույթը ժողովրդավարության հիմնական սկզբունքն է, որը նաև հիմքն է արդի քաղաքակիրթ աշխարհի կառավարման համակարգի։ Կրկնեմ հայտնի ճշմարտությունը՝ դեռևս մարդկությունը այլ, առավել արդյունավետ կառավարման համակարգ չի հայտնագործել։ Իսկ հնարավո՞ր է, առանց կառավարման համակարգի ստեղծել համակեցության կանոններ, բարքեր։ Կարծում եմ` սա երևակայության և միայն ուտոպիստ փիլիսոփաների երազանքների ոլորտից է։ Քանի դեռ մարդկությունը գոյություն ունի, նա կարիք ունի իրեն կառավարելու։ Ողղակի ժողովրդավարությունը, համեմատած այլ կառավարման համակարգերի հետ, առայժմ չարյաց փոքրագույնն է (Ուինստոն Չերչիլ)։

 Այո, ես ինքս լիովին համաձայն եմ այս սկզբունքին, չնայած վերապահորեն եմ վերաբերվում այս «համամարդկային» արժեքին։ Փորձեմ բացատրել, թե ինչու։ Իմ կարծիքով, նույնիսկ ամենաժողովրդավարական երկրներում քաղաքականություն են մտնում մարդիկ, որոնք առանձնապես մեծ հաջողությունների չեն հասնում կամ չեն կարող հասնել գիտության, արվեստի կամ այլ բնագավառներում։

Կամ որոշակի հաջողության հասնելով իրենց ոլորտում` փառասիրության ձգտումը նրանց ուղղորդում է դեպի քաղաքականություն և իհարկե, այն ներկայացվում է տվյալ գործչի կողմից, դեմքի մտահոգ արտահայտությամբ, որպես երկիրը փրկելու, հզորացնելու մտավարժանքներով, իսկ մեզ մոտ «ժողովրդի մատից փուշ հանելու» կարգախոսով։ Եւ իրականում, որպես կանոն ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների արդյունքում հաղթում է այն գործիչը, ով ավելի շատ ֆինանսական միջոցների է տիրապետում, ծախսում (իհարկե խոսքը չի գնում բացահայտ ընտրակաշառքի մասին) և օգտագործելով ԶԼՄ-ները, տարբեր քաղաքական տեխնոլոգիաներ, հռետորական կարողություններ, ըստ անհրաժեշտության ընդունելով դեմքի տարբեր արտահայտություններ՝ խելացի, մտահոգ, ժպտադեմ, ուրախ և երջանիկ` հաղթում է իր մրցակիցներին և դառնում «ժողովրդի ընտրյալը»։

Հաճախ, եթե ոչ որպես կանոն, ընտրություններում հաղթում է ոչ թեկնածուներից առավել խելացի, լայն մտածողություն ունեցող գործիչը։ Եվ «ժողովուրդը երբեք չի սխալվում» ասույթն ընդամենը գեղեցիկ խոսք է։ Այդ տիպի երկրներում, որպես կանոն, քաղաքական իշխանությունները պարբերաբար փոխվում են, և նախորդ «մտահոգ», «ժպտադեմ» գործչին փոխարինում է մեկ այլ «մտահոգ», «ժպտադեմ» գործիչ։ Մի փոքր այլ է ազգային-ազատագրական շարժումների, բռնապետական կամ ավտորիտար երկրների ռեժիմների դեմ ծավալվող պայքարների առաջնորդների հարցը։

Այս դեպքում առաջնորդների գուցե մեծ մասն իսկապես նվիրված է լինում կամ  իրենց երկրի ազատագրման և անկախության գաղափարին, կամ ազատագրելու ժողովրդին բռնապետական ռեժիմից, կամ նվիրված են լինում որևէ գաղափարի (օր․՝  սոցիալիստական): Հաջողության հասնելու դեպքում, բնականաբար, նրանք, որպես կանոն, ընտրությունների միջոցով հաստատում են իրենց իշխանությունը, չնայած մինչ այդ, նրանք հայտարարում են, որ իրենց իշխանությունը չի հետաքրքրում (իմ հիշելով` միակ բացառությունը Մահաթմա Գանդին է):

Իշխանության հասնելուց հետո հեղափոխական առաջնորդներից նրանք, ովքեր փորձում են հավատարիմ մնալ սկզբունքներին, կամ դուրս են մղվում, կամ հարմարվում և եթե հանրությունը ֆանատիկորեն շարունակում է պաշտել իրեն նախորդ ռեժիմից փրկողներին, որոշ ժամանակ անց վերջինները սկսում են նմանվել իրենց նախորդներին։ Եվ ցիկլը կրկնվում է, եթե կառավարման համակարգի լուրջ բարեփոխումներ չեն իրականացվում։ Իսկ բարեփոխումները իրականացվում են միայն հասարակական պահանջի, անհրաժեշտության դեպքում՝ նաև ճնշման միջոցով։

Այս, թերևս բավականին երկարաշունչ, շատերին հայտնի, այլոց համար վիճելի մտքերը ներկայացրի  որպես նախաբան, որպեսզի փորձեմ ներկայացնել իմ տեսակետը Հայաստանում մինչ հեղափոխական և հետհեղափոխական շրջաններում հանրային կարծիքի մասին։

Կայացած ժողովրդավարական երկրներում «ժողովրդավարություն» հասկացությունը նաև  փոքրամասնության ոչ միայն կարծիքի, որն ի դեպ բացարձակ իրավունք է, նաև նրա արտահայտվելու, քննադատելու իրավունքի պաշտպանությունն է։ Ժամանակակից ժողովրդավարությունը ներառում է նաև իրավական պետություն հասկացությունը (անկախ դատարան):

Հակառակ բևեռում, այն է՝ բռնապետական երկրներում, հանրային կարծիքը ձևավորում է իշխանությունը, միայն իր կողմից ստեղծված լրատվամիջոցների, մտավորականության, հոգևորականության քարոզչության միջոցով։ Եվ մեծ համարձակություն, եթե ոչ անձնազոհություն է պահանջում գնալ ամբողջատիրական, միասնական հանրային կարծիքի դեմ՝ հոսանքին հակառակ։ Հիշում եմ ԽՍՀՄ տարիներին մեր, հայաստանյան հանրությունը ինչպես էր վերաբերվում այլախոհներին․ «գժեր», «որ ի՞նչ», «ի՞նչ են ուզում, չեմ հասկանում» և այլն։ 80-ականների վերջին իրավիճակը փոխվեց, իսկ արդեն 88-91-ին անկախությունից հետո, նույն հանրությունն, արդեն թոթափելով ամբողջատիրության բեռը, արդեն ֆանատիկորեն պաշտում էր արցախյան շարժման առաջնորդներին, մինչև որ վերջինները իրենց հերթին ստեղծեցին ավտորիտար համակարգ, որը և շարունակվեց մինչև 2018թ․։

Իհարկե, անկախ Հայաստանի 90–ականներից ձևավորված ռեժիմը չես համեմատի ԽՍՀՄ-ի հետ, ամեն դեպքում գոյություն ունեին ընդդիմադիր կուսակցություններ, ոչ կառավարական կազմակերպություններ, ընդդիմադիր, որոշակիորեն անկախ լրատվամիջոցներ։ Եվ որքան էլ իշխանություններն իրենց նույն խորհրդային ժամանակաշրջանին բնորոշ հանրային կարծիք էին փորձում ձևավորել նույն լրատվամիջոցների, մտավորականության և հոգևորականության միջոցով, հանրությունը մի կողմից տրվում էր քարոզչությանը, մյուս կողմից համակրում էր իշխանությանը քննադատողներին, նաև զարմանում նրանց համարձակության վրա։ Նա կարող էր հիանալ ընդդիմության առաջնորդներով, հասարակական գործիչներով,  բայց հաճոյանալ և, իհարկե փողով, քվեարկել իշխանության օգտին։ Իսկ այդ նույն քաղաքական, հասարակական գործիչներից շատերը մտքում կամ բարձրաձայն մեղադրում էին ժողովրդին իր հպատակության համար և իրենք էլ իրենց հերթին հարմարվում իրավիճակին։

Հեղափոխական, հեղափոխականին մոտ, հետհեղափոխական իրավիճակներում (1988-1991թթ․, 1996թ․, 2008թ․, 2018թ․) հանրության կողմից ճանաչված մտավորականները լինում են սպասողական վիճակում։ Նրանց համար անսպասելի և անընդունելի են փոփոխությունները, բայց ժամանակի ընթացքում, հետհեղափոխությունից որոշ ժամանակ անց, նրանց մեծ մասը սահուն կերպով անցում են կատարում դեպի նոր իշխանություններին ծառայելու «պետականամետ» գործին։

Իսկ բուն հեղափոխությունը ծնում է իր «մտավորականներին»։ Վերջիններիս մի մասն անկեղծ, բայց մեծ մասը, որոնք արդեն հարմարվել և իրենց ծառայություններն էին առաջարկում նախկին «հանցավոր ռեժիմին», զգալով հեղափոխության շունչն ու զանգվածների անհանդուրժողականության և վրեժի բուռն ցանկությունը, հեղափոխականներից առավել արմատական ելույթներ են ունենում, հոդվածներ գրում, գրառումներ անում և դառնում հեղափոխականների սիրելին։

Հաճելի է լինել հեղափոխական զանգվածում, առավել հաճելի է լինել նրա սիրելին։ Բոլորը միանման են մտածում, իրենց պաշտպանված զգում, ցանկացած իրենց տեսակետին չհամընկնող, նույնիսկ մի փոքր տարբերվող կարծիք արտահայտողին հայհոյում։ Եվ ով ավելի սուր հայհոյի, դառնում է հեղափոխական զանգվածի հերոսը և ստանում անթիվ-անհամար «լայքեր»։ Իհարկե, հակառակ կարծիք ունեցողներից շատերն էլ «հրեշտակներ» չեն և օգտագործում են նույն հայհոյախառն բառապաշարը։

Հետաքրքրական է, որ հեղափոխական «մտավորականներից» շատերը տարբեր ֆորումներում դեմքի խելոք արտահայտությամբ խոսում են խոսքի և կարծիքի ազատության մասին, մեջբերելով Վոլտերի հայտնի ասույթը․ «Ես կտրականապես դեմ եմ քո կարծիքին, բայց կյանքիս գնով կպաշտպանեմ այն ասելու քո իրավունքը»։ Այդպես էլ մեր հասարակությունը չկարողացավ ստեղծել քաղաքական բանավեճի (և ոչ միայն քաղաքական) մշակույթ։ Նկատի ունեմ քննադատական մշակույթ։ Մեզ բնորոշ է ոչ թե քննադատելն ու քննադատությունն ընդունելն ու քաղաքակիրթ ոճով դրան պատասխանելը, այլ հայհոյելն ու քծնելը։ Հաճախ նույն անձինք, ում հայհոյում էին, որոշ ժամանակ անց նույն մարդուն սկսում են քծնել և հակառակը։  

Եվ երեկվա «հանցավոր ռեժիմին» ծառայողները, ողջունելով հեղափոխությունը, դառնում են հերոսներ, իսկ նույն ռեժիմին տարիներ քննադատողները, նույն հեղափոխությանն աջակցողներն ու ողջունողները, եթե թեկուզ մի փոքր այլ կարծիք են ունենում, դառնում են «ծախվածներ», «դավաճաններ», «մուսուլմաններ» և այլն (թվարկեցի ամենամեղմ պիտակավորումները)։

Եվ, թերևս նույնպիսի համարձակություն է պահանջվում, ինչպես ամբողջատիրական համակարգում, գնալ հեղափոխական տրամադրությունների դեմ, այսինքն՝ հոսանքին հակառակ։ Ուշագրավ վերլուծություն ունի բելառուս փիլիսոփա Վլադիմիր Մացկևիչը իր «Բելոռուս ինտելեկտուալի ինքնորոշումը» հոդվածում:

Ըստ Մացկևիչի ինտելիգենցիա (մտավորականություն) հասկացությունը բնորոշ է եվրոպական ծայրամասին, իսկ ազատ եվրոպական հասարակարգում ինտելիգենցիային փոխարինում են ինելեկտուալները, որոնք ազատ մտածողներ են և նոր գաղափարներ տարածողներ։

Կարծում եմ` ընթերցողը հասկացավ, որ վերոգրյալը վերաբերում է նաև այսօրվա հետհեղափոխական իրավիճակին։ Իհարկե, նախորդ իշխանության ներկայացուցիչների ինքնավստահության և անհանդուրժողականության, անպատժելիության պատճառով են տարիների ընթացքում հանրության մեջ կուտակվել դառնությունն ու չարությունը։ Եվ հիմա ոչ մի ներում, ոչ մի զիջում։ Անարգանքի սյանն են գամվում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները, նրա խափանման միջոցը փոխելու համար ստորագրած պատգամավորները և բոլոր նրանք, ովքեր այլ կարծիքի են։ Հետաքրքիր է, ո՞ր պատգամավորներն էին 1998թ․ ավելի սկզբունքային, նրանք ովքեր Լևոն Տեր-Պետրոսյանի համախոհներն էին և նրա հետ համերաշխություն ցուցաբերելով հրաժարական տվեցին, թե՞ նրանք, ովքեր «կողմնորոշվելով» անցան հեղաշրջման կողմը։ Իմ կարծիքով՝ առաջինները։ Այն ժամանակ հանրությունը ճամբարափոխության երևույթը կոչեց «առնետավազք»։ Իսկ այսօրվա հեղափոխականները պահանջում են «կողմնորոշվել», «հերոսանալ» և անցնել «ժողովրդի կողմը», այսինքն ողջունում «առնետավազքը»։ Գիտեմ, թե որն է սրա պատասխանը․ «Բա որ իրենք անում էին լա՞վ էր, դրանց հասնում է»։ Թե՞ տարբերություն կա, մի կողմից Լևոն Տեր-Պետրոսյանի, մյուս կողմից Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև։ Հիշեցնե՞մ․․․ 

Բայց չէ՞ որ հեղափոխության կարգախոսներն էին սերն ու հանդուրժողականությունը։

Ցանկալի կլիներ, որ երեկվա հեղափոխության առաջնորդները, կամ այսօրվա իշխանությունները օգոստոսի 17-ի հանրահավաքում հիշեցնեին և կոչ անեին հարգել հեղափոխության կարգախոսները։ Ի վերջո, ժամանակները փոխվում են և տարիներ անց հնարավոր է, որ նույն այսօրվա հեղափոխականները, հիասթափվելով և գտնելով նոր առաջնորդ, այս անգամ սկսեն հայհոյել երեկվա իրենց պաշտելիներին։ Հիշիր վաղվա օրդ։

Հ․Գ․  Վերջին օրերին հաճախ եմ մտաբերում 1966թ․ նկարահանված ամերիկյան «Հետապնդում» (ռեժիսոր Արթուր Փեն) ֆիլմը։ Ինքնին ֆիլմը հրաշալի է ոչ միայն տաղանդավոր դերասանների  փաղանգով (Մառլոն Բրանդո, Ջեյն Ֆոնդա, Ռոբերտ Ռետֆորդ)  և նրանց դերակատարությամբ, այլև ֆիլմի ուսուցողական փիլիսոփայությամբ։ Իհարկե, ֆիլմը դիտելիս հիանում ես, հատկապես գլխավոր հերոս, շերիֆի կերպարը մարմնավորող, Մառլոն Բրանդոյի փայլուն դերակատարությամբ։ Բայց ուշադիր կինոդիտողը կնկատի նաև ֆիլմի երկրորդ, եթե ոչ առաջին հերոսին, որն է՝ ամբոխը։ Ամբոխը, որը համոզված է իր ճշմարտացիության մեջ, չի ընդունում այլ կարծիք և հանուն իրենց քաղաքի բարեկեցության և հանուն «արդարության» պատրաստ է ամեն ինչի՝ ջարդել, քանդել, հրկիզել, ծեծել և սպանել։ 

Մեկնաբանություններ (2)

Ավետիք
Հարգելի Վալոդ, խորհուրդ կտամ կարդալ իմ նախորդ հոդվածը՝ Այլևս ՝ երբեք։ Կարծում եմ այնտեղ կգտնեք ձեր հարցի պատասխանը։
Ռուբեն Մարգարյան
Երեք նախագահներն էլ՝ իրենց ապաշնորհ ղեկավարման պատճառով, ինչպես նաև հասարակության դժգոհությունից իրենց իշխանությանն սպառնացող վտանգը նվազեցնելու նպատակով, տարիների ընթացքում աղքատացրին և թուլացրին ժողովրդին: Իսկ թույլը, գիտենք, դառնում է հեշտ կառավարելի, դադարում է լինել պայքարող և դառնում է երազող: Նման դեպքերում մեր ժողովուրդը Սասունցի Դավիթ է երազում և տենդագին ցանկանում է, որ Դավիթը լուծի իրեն հուզող բոլոր խնդիրները: Այսօր հանձինս Նիկոլ Փաշինյանի ժողովուրդը գտել է իր Սասունցի Դավթին և հասկանում ենք, թե ինչքան մեծ սպասելիքներ ունի նրանից: Իսկ Նիկոլը միայնակ չի կարող ամեն ինչ անել: Նման դեպքերում է, որ հասարակության մեջ մեծանում է ինտելեկտուալների՝ ազատ մտածողների պահանջարկը և նշանակությունը: Իսկ եթե պահանջարկը կա, ի հայտ կգա նաև առաջարկը՝ ինտելեկտուալի խոսքը: Այս հոդվածն, ինքնին, ինտելեկտուալի խոսք էր, որը մեզ հիշեցնելով երեկվա օրը, «հիշեցնում է» նաև մեր վաղվա օրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter