HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Արտակ Մանուկյան. «ՊՆ գնումների գործընթացում մրցակցային տարրերը շատ սահմանափակ են»

Պաշտպանության նախարարության գնումների գործընթացում խոշորագույն հաղթողները վերահսկում են ընդհանուր մրցույթների շուրջ 50 տոկոսը, որը խոսում է բարձր կենտրոնացվածության մասին, ինչն էլ վկայում է` մրցակցային տարրերը շատ սահմանափակ են: Այս մասին ասաց «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, ՀՀ վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը՝ ներկայացնելով իր ղեկավարած հասարակական կազմակերպության կողմից կատարված «Պաշտպանության նախարարության գնումների ուսումնասիրություն» զեկույցը, որում ներկայացված են 2017 թվականին և 2018-ի առաջին կիսամյակում ՊՆ-ի կատարած գնումները:

2017թ.-ին ըստ բաց տվյալների ՊՆ-ն կնքել է 767 պայմանագիր, որի արդյունքում գեներացվել է 34.1 մլրդ դրամի պարտավորություն։ Հարկ է նշել, որ ՊՆ գնումները կազմում են 2017թ. գնումների հաշվետվողականության համակարգում ներկայացված պետական գնումների գումարային առումով 19 %-ը, իսկ քանակային առումով շուրջ 6 %-ը։ ՊՆ գնումներում 2017թ. հաղթող են ճանաչվել 359 ընկերություններ։

Իսկ 2018 թվականի առաջին կիսամյակում ՊՆ-ի կնքած 539 պայմանագրով գեներացվել է 25.2 մլրդ դրամի պարտավորություն, որը գումարային և քանակական առումով կրկնում է 2017-ի պետական գնումներում առկա մասնաբաժինը՝ համապատասխանաբար 19% և 6%: 2018թ. պաշտպանության նախարարության գնումներում հաղթել է 289 ընկերություն:

Ըստ զեկույցի՝ Հայաստանի պաշտպանական գերատեսչության խոշոր մատակարարների թվում 2017-ի և 2018-ի առաջին կիսամյակի տվյալներով էական փոփոխություններ չեն եղել: ՊՆ-ի խոշորագույն երկու մատակարարները թե՛ 2017-ին, թե՛ 2018-ի առաջին կիսամյակին «Ֆլեշ» ՍՊԸ-ն և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն են: «Ֆլեշ»-ի գեներացրած պարտավորությունը 2017-ին կազմել է 5 մլրդ 390 մլն դրամ, իսկ 2018-ի առաջին կիսամյակում՝ 5 մլրդ 94 մլն դրամ: ՀԷՑ-ի դեպքում այդ թվերը համապատասխանաբար կազմում են 2 մլրդ 134 մլն և 2 մլրդ 117 մլն:

2017թ. ՊՆ գնումներում հաղթած խոշոր մատակարարներ



2018թ. առաջին կիսամյակում ՊՆ գնումներում հաղթած խոշոր մատակարարներ

Հատկանշական է, որ թե՛ ՀԷՑ-ի, թե՛ «Ֆլեշ»-ի 2018-ի առաջին կիսամյակում գեներացրած պարտավորության չափը ընդհուպ մոտեցել է ողջ 2017 թվականի ընթացքում գերենացրած պարտավորությունների չափին: Նման պատկեր է նաև մյուս խոշոր մատակարարների դեպքում: Սա բացատրվում է նրանով, որ ըստ ամիսների՝ գնումների բաշխման տեսանկյունից համակենտրոնացվածություն կա հունվար ամսին, իսկ ընդհանրապես հենց առաջին եռամսյակում են հիմնականում կնքվում կոմունալ ոլորտի, սննդամթերքի խոշոր պայմանագրերը, որոնք ըստ ժամանակացույցի՝ նախատեսում են դրանց հետագա բաշխումը։

ՊՆ-ի խոշոր մատակարարների ցանկում կան այնպիսի ընկերություններ, որոնց պորտֆելում պաշտպանության նախարարությունը ունի վճռորոշ դերակատարում, ընդհում մինչև 100 %: Այսինքն՝ կան ընկերություններ, որոնց տարեկան գնումների պորտֆելում 100% մասնաբաժինը կազմում են ՊՆ-ին մատուցված ծառայությունները: Ըստ Արտակ Մանուկյանի՝ այդ ընկերությունները կախված են բացառապես ՊՆ-ի գնումներից.

«Ինչքան դիվերսիֆիկացված է, այնքան նշանակում է, որ այդ ընկերությունը ունի մրցակցային առավելություն: Որքան ՊՆ-ի բաժինը քիչ լիներ, այնքան իրենց հաղթելու մրցակցային առավելությունները քիչ կլիներ»,- ասաց փորձագետը:

Արտակ Մանուկյանը ասաց, որ պետական գնոմների կարևորագույն սկզբունքներից մեկը մրցակցության ապահովումն է, և եթե մի քանի ընկերություններ են մշտապես հաղթում մրցույթներում, ապա գործընթացում կարող են լինել կոռուպցիոն բնույթի երևույթներ, քանի որ ի տարբերություն շատ այլ գերատեսչությունների՝ ՊՆ-ի դեպքում դժվար է հանրային վերահսկողության ինստիտուտը ներդնել:

2017թ. ՊՆ գնումներում հաճախակի հաղթած ընկերություններ

2018թ. առաջին կիսամյակում ՊՆ գնումներում հաճախակի հաղթած ընկերություններ

«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնը» ուսումնասիրել է նաև ՊՆ-ի խոշոր մատակարարների կողմից «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» (ԶԱՀ) կատարած վճարումները: Օրինակ «Արամ Գ» ՍՊԸ-ի, որի՝ ՊՆ-ի նկատմամբ գեներացրած պայմանագրի ծավալը կազմել է 546 մլն դրամ, ԶԱՀ-ի տվյալների հիման վրա ենթադրյալ աշխատողների թիվը կազմում է 1:

ՊՆ գնումների մրցույթներում կան հաղթած տասնյակ այլ ընկերություններ, որոնք տարբեր ժամանակահատվածներից սկսած՝ աշխատողներ չեն հայտարարագրել և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում նրանց կատարած վճարների վերաբերյալ տվյալներ չկան: Արտակ Մանուկյանը նշեց, որ առանձնացված ռիսկային ընկերությունների ցանկը տրամադրվել են Պետական եկամուտների կոմիտեին (ՊԵԿ):

Խոշոր հաղթողների ԶԱՀ-ին կատարված վճարումները

Արտակ Մանուկյանը հայտնեց, որ իրենք նաև բողոքարկման համակարգի կայացրած որոշումների մոնիտորինգ են արել: Զեկույցում նշված է հետևյալը.

«ՊՆ-ն հանդիսանում է այն մարմինը, ում գործողությունների/անգործության դեմ ամենից հաճախն են բողոքել։ ՊՆ-ի գործողությունների դեմ ստացվել է 38 բողոք, կամ ընդհանուրի (32%), այսինքն գրեթե յուրաքանչյուր երրորդ բողոքը ՊՆ-ի դեմ է։ Պետք է նշել, որ 38 բողոքների քննության արդյունքում կայացվել է 38 որոշում, որոնցով բավարարվել է 20 բողոք (53%), մերժվել՝ 18-ը»:

Այս կապակցությամբ Արտակ Մանուկյանը ներկայացրեց իրենց առաջարկը՝ մասնավորապես ռազմավարական դատավարության սկզբունքների ներդրման անհրաժեշտությունը.

«Որպես հասարակական կազմակերպություն մենք փորձում ենք առաջարկել ռազմավարական դատավարության սկզբունքների ներդնումը: Այսինքն՝ երբ որ բողոքարկում ենք արտադատարանական մարմին և հետո բողոքարկում ենք դատարան, ապա այս գործընթացքում լինի փաստաբանների մոբիլ խումբ, որը կպաշտպանի հատկապես ՓՄՁ սուբյեկտների շահերը»,- նշեց ՀԿ-ի նախագահը:

Արտակ Մանուկյանի խոսքով՝ գնումների գործընթացում շատ ՓՄՁ-ների շահերը ոտնահարվում են, սակայն դրա մասին նրանք չեն բարձրաձայնում, քանի որ ժամանակատար և ծախսատար պրոցես է, իսկ իրենց ներկայացրած առաջարկով ՓՄՁ-ներն ընդամենը հայտարարություն են գրելու, որը ուսումնասիրելու է փաստաբանների խումբը՝ հետագայում դատարան ներկայացնելու նպատակով:

Աղյուսակները վերցված են «Պաշտպանության նախարարության գնումների ուսումնասիրություն» զեկույցից, որին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter