Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Տալվորիկ. կիսաքանդ դասասենյակներից մինչև առանց դուռ զուգարան



Մոտ մեկ ամսից կսկսվի նոր ուսումնական տարին: Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքի հիմնական դպրոցն աշակերտներին դարձյալ «բարի գալուստ» է ասելու հնամաշ նստարաններով, քանդված ու ծեփը թափված դասասենյակներով: Ամառային արձակուրդների ընթացքում դպրոցում ոչ մի շինաշխատանք չի իրականացվել, պատճառը ֆինանսական միջոցների բացակայությունն է: Հիմնական դպրոցն ունի 20 աշակերտ, որոնցից 4-ն այս տարի դպրոց են հաճախելու առաջին անգամ:

Դպրոցը գտնվում է գյուղի ծայրամասում՝ բաց տարածության մեջ: Հարևանությամբ է գտնվում համայնքապետարանը: Հեռվից արդեն նկատելի է դպրոցի շենքի ոչ բարվոք վիճակը: Պատուհանների վերնամասում բացված կլոր անցքերն արդեն հուշում են, որ բացակայում է լոկալ ջեռուցումը:

Դպրոցի տնօրեն Մարինե Սաֆարյանը հարևան Հուշակերտ գյուղի բնակիչ է, դպրոցում չէր (արձակուրդ լինելու պատճառով դպրոցում ուսուցչական կազմից մարդ չկար): Տնօրենը հեռախոսով հրաժարվեց պարզաբանումներ տալ: Անհանգստացած էր, որ մեր հրապարակումից հետո հնարավոր է կառավարությունը որոշի փակել դպրոցը և երեխաներին ուղղորդել հարևան այլ համայնքներ: Նա անընդհատ ասում էր, թե պետք չէ խորացնել թեման:

Աշակերտները զրկված են տարրական պայմաններից: Դպրոցի զուգարանը գտնվում է դրսում: Քարե զուգարանն ունի 3 մուտք՝ նախատեսված տղաների, աղջիկների և ուսուցիչների համար: Երեք խցերն էլ դռներ չունեին և աշակերտներն ու ուսուցիչներն իրար «պահակ» են կանգնում:

Դպրոցը չունի նաև մարզադահլիճ, լաբորատորիա: Դահլիճ կոչվածը համեմատաբար ընդարձակ սենյակ էր, որտեղ միջոցառումների ժամանակ տեղադրվում են աշակերտական աթոռներ: Իսկ դասասենյակների դռների կողքերից հնարավոր է տեսնել ներսը, քանի որ թափվել են ծեփն ու բարակ միջնապատերի քարերը:

Տալվորիկի համայնքապետ Կիրակոս Սաղաթելյանը պատմեց, որ կանադացի բարերարի միջոցներով դպրոցը մասնակի վերանորոգվել է 2000թ.: Այս տարի մարզպետարանի օգնությամբ փոխվել է շենքի տանիքը, իսկ համայնքապետարանը ջուր է անցկացրել: Դրանցից բացի այլ ներդրումներ չեն եղել:

Կիրակոս Սաղաթելյանի խոսքերով՝ դպրոցի ներկայիս շենքը կիսակառույց շինություն է եղել և խորհրդային տարիներին որոշվել է հարևան գյուղերի համար այն դարձնել ծննդատուն: Քանի որ մտահղացումն իրականություն չի դարձել, տալվորիկցիները որոշել են իրենց միջոցներով շատ, թե քիչ կարգի բերել և դարձնել դպրոց: 1990-ականների սկզբին ստացել են թույլտվություն, և դպրոցը մինչ օրս գործում է նույն շենքում:

Ըստ համայնքապետի, մինչև 2004թ. դպրոցում սովորել է 70-74 աշակերտ, դրանից հետո աշակերտների թիվը նվազել է և այսօր հասել 20-ի: Քանի որ դպրոցը հիմնական է, 9-րդ դասարանն ավարտելուց հետո աշակերտներն ուսումը շարունակում են կամ Արմավիր քաղաքում, կամ՝ հարևան գյուղերում: Սակայն, Տալվորիկում չի գործում հասարակական տրանսպորտ, ինչը մեծ դժվարություններ է առաջացնում ոչ միայն աշակերտների, այլև ուսանողների, գյուղում ապրողների համար:

«Մեր ամենացավոտ խնդիրներից մեկը դպրոցն է: Մտել, տեսել եք, երևի նախնադարյան դպրոցներն այդ վիճակում չլինեն: 12-13 մլն դրամ բյուջեով չենք կարող այդ հարցը լուծել: Տարիների ընթացքում դպրոցին գույք նվիրել ենք, բայց դա քիչ է, կապիտալ վերանորոգում է պետք»,- ասում է Կիրակոս Սաղաթելյանը:

Համայնքապետը տեղեկացրեց, որ դպրոցի վերանորոգման հարցով բազմիցս դիմել են պատկան մարմիններին: Մի քանի անգամ տարբեր գերատեսչություններից եկել, տեղում արձանագրել են շենքային վիճակը: Սակայն, նշել են, որ գումարներ չկան: Բացի այդ, նշել են, որ մեծ համայնքների որոշ դպրոցներ նույնպես այդ վիճակում են գտնվում, ինչը տալվորիկցիներին ստիպել է լռել:

«Երեխաները փոշի են շնչում, ձմռանն էլ սոլյարկայի հոտն է ահավոր, դա շատ վատ հետևանքներ կարող է ունենալ», - նշում է Կիրակոս Սաղաթելյանը: Համայնքապետարանի աշխատակիցներն էլ պատմեցին, որ եղել են դեպքեր, երբ սոլյարկայի հոտից երեխաներն ուշագնաց են եղել դասասենյակներում:

Թե երբ Տալվորիկ գյուղում կգործի վերանորոգված դպրոց, պարզ չէ, սակայն համայնքապետարանում վստահ են՝ պետական աջակցություն է պետք:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (3)
1. Yerevan280014:24 - 8 օգոստոսի, 2018
Հարգելի Գրիշա, դուք շարունակում եք գրել այս ամենի մասին, բան չի փոխվելու, պարզ է նախկինում այս կարգի դպրոցները չեն ընդգրկվել «չ վերանորոգված» դպրոցների ցանկում, հիմա էլ մնաց եսիմ երբ, կարևորը համապատասխան կառույցի համար ֆեյսբուքն է, լույս հիմնադրամի շահառուներին փող տալը, որով քանի քանի դպրոցների խնդիրներ ու դպրոց չհաճախող ու չհաճախած երեխաների խնդիրներ կլուծվեին, քանի որ այս դպրոցների երեխաները լույսի շահառուներ չեն դառնա, սակայն դպրոց չհաճախողների մասով էլ կունենանք գրել կարդալ չիմացող զինվորներ և տնային տնտեսուհիներ, մայրեր, էլ ավելի չխորանանք
2. Լուսիկ14:31 - 8 օգոստոսի, 2018
Նիկոլ Փաշինյանը դեռ 1 ամիս առաջ խոստացավ, որ բյուջե վերադարձված գումարներից 10 միլիարդ դրամը պետք է տրամադրվի մարզերին, համայնքներին: Որոշում, կարծես թե չի կայացվել: Ինչի՞ն են սպասում, երբ շուտով սեպտեմբերի 1 է , ձմեռն էլ հեռու չէ: Փողերը ծախսվել են, թե՞ քնացրել են: Միայն իրավապահ մարմինների գործնեությամբ հնարավոր չէ համոզել, որ երկիրը բարեփոխվում է:
3. հայ17:34 - 8 օգոստոսի, 2018
Գիտակցության մեջ չտեղավորվող իրականություն;Ասում ենք հարյուր օրը կարճ ժամանակ է--տեսանելի փոփոխությունների համար; Այդպես չէ; Կրթության նախարարը բառացիորեն գրեթե ամեն ինչի մասին բարբառում ու --անառարկելի--տեսակետներ է շարադրում, մի"թե նրա առաջին գործը այդպիսի դպրոցների քարտեզը իր աշխատասեղանին դնելը և հերթով այցելելը չպիտի լիներ; Բայց դե նա էլ է զբաղված կոռուպցիոն բացահայտումներով և այնքան․․․կարևոր ․․․․այլ գործերով;
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ