HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծարասարի և Արջուտի հանքերևակման տարածքներում ոսկի որոնելու նախագծերին բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել

Բնապահպանության նախարարությունը ոսկի որոնող երկու ընկերությունների նախագծերին դրական եզրակացություն է տվել: Ըստ այդմ՝ «Ինտեր մայնինգ» ՍՊԸ-ն Գեղարքունիքի մարզի Ծարասարի արմատական ոսկու հանքերևակման տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ կիրականացնի, իսկ «Չուդո մետալ» ՍՊԸ-ն` Սյունիքի մարզի Արջիձորի ոսկի բազմամետաղային հանքերևակման սահմաններում:  

Հիշեցնենք՝ Ծարասարի արմատական ոսկու հանքերևակման տարածքում արդեն երրորդ անգամ է ուսումնասիրության թույլտվություն տրամադրվում: Թույլտվություններ 2010 թվականից ի վեր ստացել են ևս երկու ընկերություններ՝ «Արմենիան Ինթերնեյշնլ Գոլդ» ՍՊԸ-ն՝ 2011-2014թթ, «Ինթերնեյշնլ գոլդ» ՍՊԸ-ն՝ 2015-2017թթ, այժմ էլ՝ «Ինտեր մայնինգ» ՍՊԸ-ն` 2018-2020թթ.:



Ծարասարի ոսկու երևակումը գտնվում է Վարդենիսի լեռնաշղթայի արևմտյան-հյուսիս-արևմտյան լանջերին, Մասրիկ գետի ավազանի վերին հոսանքներում: Հանքերևակումը գտնվում է Վերին Շորժա գյուղից 7.5 կմ դեպի հարավ-արևելք և Վարդենիս քաղաքից 20 կմ հեռավորության վրա: Մոտակա բնակավայրերն են Այրք և Վերին Շորժա գյուղերը:   

Բնապահպանության նախարարությունը, բացի մշտական և փորձաքննական՝ օրենսդրությունից բխող պահանջներից, առաջադրել է նաև մեկ այլ՝ փորձաքննական պահանջ Մասրիկ գետի վերաբերյալ, այն է՝ բացառել տեղամասում առկա Մասրիկ գետի ջրհավաք ավազանը կազմող 4 գետակների ակունքներում և նրանց մոտ տարածքներում ցանկացած որոնողահետախուզական աշխատանքների իրականացումը՝ ջրային ավազանի վրա հնարավոր վնասակար ազդեցությունների կանխարգելման, նվազեցման կամ բացառման նպատակով: 



թեմային առնչվող հոդվածը կարդացեք այստեղ՝

Երկու ընկերություն Ծավում ոսկի է ցանկանում որոնել


«Չուդո մետալ» ՍՊԸ-ի՝ Արջիձորի ոսկի բազմամետաղային հանքերևակման տարածքը Սյունիքի մարզի Շիշկերտ գյուղին է հարակից: Նախատեսված երկու տեղամասի շուրջ 300 հա տարածքում երկրաբանահանույթային, երկրաքիմիական, երկրաֆիզիկական ուսումնասիրություններ են իրականացնելու, մակերևույթային լեռնային փորվածքներ են անելու և հորատելու հետախուզական հորատանքներ, կատարելու են նաև հանքաքարի նմուշարկման աշխատանքներ: Փորձաքննական հատուկ պահանջներ այս ընկերությանը չի առաջադրվել:

Բնապահպանության նախարարությունը, չնայած այս նախագծերին դրական եզրակացություն է տվել դեռևս մարտ և ապրիլ ամիսներին, սակայն միայն հուլիսին է հրապարակել եզրակացություններ ստացած նախագծերի ցանկը:

Մեկնաբանություններ (1)

Մինաս
Միթե նորից նույն գործելաոճը? Քանդած - ավերածների ու արդեն թալանածի համար գնահատականներ ու պատասխաններ դեռ չեն տրվել եւ հիմա նորից են հարձակվում սարերի ու անտառների վրա? Չէ որ վարչապետն ու նորանշանակ բնապահպանության նախարարը միանշանակ դեմ են արտահայտվել մետաղական հանքարդյունաբերության ընդլայնմանը: Ուրեմն սա ի՜նչ է նշանակում, սաբոտաժ, ամենակարողության ցուցադրում, թե ...մեզ դառը նոր հիասթափություններ են սպասվում?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter