HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչու կավատները չեն պատժվում

2005թ. մայիսի 25-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը, դատավոր Գագիկ Հեբոյանի նախագահությամբ, քննեց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի ադմինիստրացիայի միջնորդությունը եւ պատժի կրումից վաղաժամկետ ազատեց դատապարտյալ Մարիետա Մուսայելյանին: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը 2004-ի նոյեմբերին նրան ազատազրկել էր 1 տարի 6 ամիս ժամկետով: 2003թ.-ից հետախուզման մեջ գտնվող Մ. Մուսայելյանը ազատազրկման մեջ գտնվեց ընդամենը յոթ ամիս:

Թե ինչու են Արդարադատության նախարարությունը եւ դատարանն այդքան շահագրգռված հայտնի կավատի ազատմամբ, միայն կարելի է ենթադրել (Տես նաեւ' Կավատին աջակցեց նաեւ դատարանը) :

Ո՞վ է 1966թ. Էջմիածնում ծնված Մարիետա Մուսայելյանը: Փորձենք նրա մասին իմանալ քրեական գործից:

2004թ. սեպտեմբերի17-18-ին Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղված ՀՀ գլխավոր դատախազության ավագ քննիչ Արիստակես Երեմյանը եւ քննիչ Կ. Բատիկյանը Մարիետա Մուսայելյանին եւ նրա հսկողության տակ աշխատող կանանց հացաքննել են Դուբայում: Իր գործունեության մասին ահա թե ինչ է գրել Դուբայում հայտնի կավատը. «1983թ. ամուսնացել եմ Էջմիածին քաղաքի բնակիչ Արսեն Մուրադխանյանի հետ: Ամուսնությունից ունեցել եմ երկու որդի' Սուրեն եւ Սարգիս Մուրադխանյանները: Արսենը գտնվում է Էջմիածին քաղաքում, Սարգիսը բնակվում է նրա հետ, իսկ Սուրենը ինձ հետ Դուբայում է: 1986թ. ամուսնալուծվել եմ Արսեն Մուրադխանյանից ու որդիներիս խնամել եմ ինքնուրույն: Աշխատանք չունենալու պատճառով 1990թ. մեկնել եմ Թուրքիա, որտեղ ինքս ինձ համար զբաղվել եմ առեւտրով: 1997թ. եկա Դուբայ քաղաք' մարմնավաճառությամբ զբաղվելու: Սակայն ես չկարողացա զբաղվել մարմնավաճառությամբ եւ մանրամասն ծանոթանալով դրանով գումարներ վաստակելու բոլոր նրբություններին' որոշեցի ինքս Հայաստանից Դուբայ բերել երիտասարդ կանանց, կազմակերպել նրանց կողմից Դուբայում մարմնավաճառությամբ զբաղվելու գործը եւ գումարներ վաստակել: Այդ նպատակով մեկնեցի Հայաստան եւ հավաքագրեցի հինգ երիտասարդ աղջիկների, որոնց իմ միջոցով փոխադրեցի Դուբայ եւ կազմակերպեցի մարմնավաճառությամբ զբաղվելու գործը:

Ես 1997-2000թթ. ընթացքում կավատությամբ զբաղվելու համար Երեւանում դատարանի կողմից դատապարտվել եմ ուղղիչ աշխատանքների: Դրանից հետո, պատիժը կրել-վերջացնելով, քանի որ աշխատանք չունեի եւ չէի կարողանում պահել երեխաներիս, կրկին որոշեցի Հայաստանից մարմնավաճառ աղջիկներ հավաքել, տեղափոխել Դուբայ եւ զբաղվել կավատությամբ: Նշեմ, որ ես քրեական պատասխանատվության եմ ենթարկվել իմ նախկին' Մուրադյան ազգանունով, այդ պատճառով 2002թ. ապրիլ ամսին ձեւական ամուսնացա Էջմիածին քաղաքի բնակիչ, իմ ընկերուհի Սիրանույշ Մուսայելյանի եղբոր' Ալբերտի հետ:

Նշված ժամանակ ձեռք բերեցի նոր անձնագիր' Մուսայելյան ազգանունով: Սիրանույշը տարիներ առաջ զբաղվել է մարմնավաճառությամբ, այդ պատճառով ես երիտասարդ աղջիկներ գտնելու հարցով դիմեցի նրան: Բացի Սիրանույշից ես այդ հարցով դիմեցի նաեւ Նունե Խչեյանին, իսկ ինքս մեկնեցի Դուբայ եւ սկսեցի այնտեղ ընդունել Սիրանույշի եւ Նունեի կողմից մարմնավաճառության նպատակով Դուբայ ուղարկված աղջիկներին: Ընդհանուր հաշվով Նունեն եւ Սիրանույշը ինձ մոտ են ուղարկել մոտ 10 աղջիկների, բայց ես այժմ չեմ հիշում, թե նրանցից յուրաքանչյուրին ով է ուղարկել: Յուրաքանչյուր մարմնավաճառ աղջկա համար ես Նունեին եւ Սիրանույշին «Վեստեր յունիոն» համակարգի միջոցով ուղարկել եմ մոտ 1000 դոլար, որով աղջիկների համար ձեռք էր բերվում ինքնաթիռի տոմս եւ կարգավորվում էին մեկնելու հետ կապված բոլոր հարցերը»:

2004թ. նոյեմբերի 8-ին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում դատախազության քննիչներ Ա. Խաչատրյանը եւ Ա. Երեմյանը դարձյալ հարցաքննել են Մ. Մուսայելյանին: Այդ հարցաքննությամբ կավատը ուշագրավ մանրամասներ է հաղորդում. «Առաջադրված մեղադրանքի շուրջ ցուցմունք եմ տալիս, որ իրոք Արաբական Միացյալ Էմիրություններում մինչեւ ս/թ սեպտեմբերի 24-ը զբաղվել եմ պոռնկությամբ զբաղվելու կազմակերպմամբ, որով զբաղվել եմ դեռեւս 1997 թվականից: Նշված արարքի համար ՀՀ քր. օր-ի 226 հոդվածի առաջին մասով դատապարտվել եմ Մալաթիա-Սեբաստիա համայնքների դատարանի կողմից դեռեւս 2000 թվականից: Դատվածությունս դեռեւս չմարված' ես նյութական շահ ակնկալելու նպատակով կրկին շարունակեցի զբաղվել վերը նշված հանցավոր գործունեությամբ: Այս անգամ ծանոթուհիներ, նույն գործով արդեն դատված Աննա Ղազարյանի եւ Մարիետա Աղաջանյանի օժանդակությամբ ծանոթացա Տավուշի մարզի բնակչուհի Լ. Բ.-ի հետ: Նրա համաձայնությամբ, Դուբայում կավատությամբ զբաղվող Սուսաննա Սուքիասյանի միջոցով Դուբայի մուտքի հրավեր ստանալով' 2002թ. ապրիլ կամ մայիս ամիսներին Երեւան-Դուբայ չվերթով Լ.-ին ուղարկեցի Դուբայ' Սուսաննա Սուքիասյանի մոտ, մինչեւ իմ Դուբայ մեկնելը: Այսինքն Սուսաննայի հետ նախնական պայմանավորվածության համաձայն, Լ.-ն նրա ղեկավարությամբ պետք է զբաղվեր մարմնավաճառությամբ, իսկ իմ Դուբայ հասնելուն պես ես պետք զբաղվեի Լ.-ին պոռնկությամբ զբաղվելու կազմակերպմամբ: Ցավոք սրտի, դա երկար չտեւեց, քանի որ Լ.-ն մինչեւ իմ Դուբայ հասնելը, մի քանի օր հետո մարմնավաճառությամբ զբաղվելու համար բռնվեց եւ վտարվեց Երեւան: Փաստորեն այսպես ավարտվեց Լ.-ի հետ կապված դրվագը: Ստեղծված իրադրությունից դուրս գալու համար դիմեցի վաղեմի ծանոթ, Երեւանից Դուբայ երիտասարդ աղջիկների հավաքագրմամբ զբաղվող եւ Դուբայ ուղարկող Նունե Խչեյանին, որպեսզի ինձ մարմնավաճառներ մատակարարի որոշակի գումարով, որի չափը ներկայումս չեմ հիշում: Նկատի ունենալով, որ Երեւան-Դուբայ չվերթով անհնարին է դարձել մարմնավաճառի փոխադրումը Դուբայ, ուստի լսելով, որ Դուբայում կավատությամբ զբաղվող «Ձի Նանո» մականունով Նարինե Խաչատրյանի սիրեկան Արայիկը հնարավորություն ունի Մոսկվայից Դուբայ ճանապարհել մարմնավաճառներին, նպատակահարմար գտա այդ եղանակով, համագործակցելով Արայիկի հետ, աղջիկներին Դուբայ փոխադրել Մոսկվայով: Հեռախոսով խոսեցի Արայիկի հետ, վերջինս պատրաստակամություն հայտնեց աջակցել' յուրաքանչյուրի համար պահանջելով 1500-2000 ԱՄՆ դոլար»:

Ո՞վ է Արայիկ Աղաջանյանը: Մոսկվայով հայ կանանց Արաբական Միացյալ Էմիրություններ տեղափոխելու գործը հիմնականում իրականացնում են հայերի մի քանի խմբեր, որոնցից ամենահայտնին հենց Արայիկ Աղաջանյանի ղեկավարած խումբն է: Կավատների դեմ հարուցված քրեական գործերում թե՛ կավատները, թե՛ նրանց զոհերը տալիս են այդ խմբի տղաների անունները: Խմբում երեք հոգի էին' Մոսկվայում բնակվող ՀՀ քաղաքացիներ Արայիկ Աղաջանյանը, Սեւակ Սիմոնյանը, Ավետիք Խաչատրյանը: Նրանք կավատներից յուրաքանչյուր աղջկա համար վերցնում էին 1500-2000 դոլար:

2004թ. հունիսին ռուս եւ հայ իրավապահների համատեղ գործողությամբ խմբի երեք անդամները կալանավորվեցին: Այդ մասին հայտնեց նաեւ ռուսական « ՀՁՀ » հեռուստատեսության «Վեստի» լրատվական թողարկումը: Այդ տղաները տեղափոխվել են Հայաստան, սակայն որոշ ժամանակ անց նրանց բոլորին ազատ են արձակել: Մեր ունեցած տեղեկություններով' նրանց հարցաքննել են, բացահայտվել է նրանց հանցարարքը, սակայն կարճ ժամանակ անց նրանք ազատվել են: Ո՞վ է տվել նրանց ազատման հրամանը. կարծում ենք' դատախազության աշխատակիցների համար դժվար չէ դա պարզել:

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter