HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«1000 դրամների օրենքի» շահառու կդառնան 2015-ի հունվարի մեկից հետո զոհված և վիրավորում ստացած զինծառայողներն ու նրանց հարազատները

Կառավարության նիստում ընդունվեց որոշում, ըստ որի հաստատվեց «Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին դրամական աջակցություն տալու կարգը և դրամական աջակցության չափերը, զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը պետական բյուջեի միջոցների հաշվին հատուցելու կարգը և չափերը»։ Նախագիծը ներկայացրեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ընդգծելով, որ որոշումը բխում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի պահանջներից։ Նախարարի խոսքով՝ նախկինում ևս հատկացումներ եղել են վերոնշյալ խմբերի շահառու հանդիսացած անձանց, գումարների չափը փոփոխության չի ենթարկվել, ավելի է պարզեցվել ծախսերի հատուցման տրամադրման գործընթացը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացած անձանց ու նրանց հարազատներին գումար հատուցելու կարգին՝ հանրության շրջանում հայտնի «1000 դրամների օրենք»-ին։

«Այս օրենքի շահառու էին համարվում 2017 թվականի հունվարի մեկից հետո տեղի ունեցած դեպքերով զոհված կամ հաշմանդամություն ստացած անձինք և նրանց հարազատները։ Մենք պաշտպանության նախարարության հետ համատեղ քննարկեցինք և պարզեցինք, որ կա հնարավորություն այդ ամսաթիվը երկու տարով հետ տանել և ըստ այդմ օրենսդրական կարգավորումը կտարածվի 2015 թվականի հունվարի մեկից հետո տեղի ուենցած դեպքերի վրա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը տեղեկացրեց, որ այսօր նախատեսված է 1000 դրամների հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որի օրակարգում է այդ հարցը։ Նախարարի խոսքով՝ փոփոխության արդյունքում 183 զոհվածի ընտանիք և զինհաշմանդամ ծրագրի շահառու կդառնա։

Վարչապետը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին նաև հայտնեց, որ իրեն տեղեկանք են տվել, ըստ որի` «ոչ անհայտ ընկերություններ 1000 դրամների վճարումները չեն կատարում կամ պարտքեր ունեն»։

«Այդ ընկերությունների անունները կփոխանցեմ ձեզ, մենք պետք է կոչ անենք, որպեսզի բոլոր ընկերությունները վճարումները պարտաճանաչ կատարեն, այս հիմնադրամը պետք է շարունակի մեծանալ և շահառու դարձնել ավելի վաղ ժամանակում զոհված և վիրավորում ստացած զինծառայողների»,- ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ 1000 դրամների նախագիծը պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնությունն էր, որն էլ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն էր։ Դավիթ Տոնոյանի՝ պաշտպանության նախարար նշանակվելուց հետո, կառավարության որոշմամբ, Վիգեն Սարգսյանը հեռացվեց խորհրդի կազմից, և այդ պաշոտնում նշանակվեց Դավիթ Տոնոյանը։ Հետագայում հոգաբարձուների խորհուրդը նիստ հրավիրեց՝ նախագահ ընտրելով Դավիթ Տոնոյանին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter