Չորեքշաբթի, 15 օգոստոսի

«Արմօյլ» ընկերության ներդրումային ծրագրի արտոնության ժամկետի երկարաձգման հարցը հետաձգվեց



Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը կառավարության նիստին ներկայացրեց «Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» դեռևս 2015 թվականի դեկտեմբերի 24-ին ընդունված որոշման նախագծում փոփոխություններ կատարելու որոշման հարցը, որը հետաձգվեց։ Նախարարությունն առաջարկում էր ընկերության հարկային արտոնությունը երկարաձգել մինչ 2018 թվականի դեկտեմբերի 24-ը, որպեսզի ընկերությունը հնարավորություն ունենա նոր սարքավորումներ ներկրելու։

«Կոտայքի մարզում կառուցվող գործարանին տրվել էր արտոնություն, որ ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներ ներկրի, ուզում եմ արձանագրել հետևյալը՝ այս գործարանը նավթամթերքի վերամշակման գործարան է և ոչ թե նավթի»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մինչ նիստն իրեն տեղեկացրել են, որ բնապահպանական տեսչությունը կասեցրել է գործարանի գործունեությունը և հետաքրքրվեց, թե շրջակա միջավայրի ազդեցության գնահատման հարցով ի՞նչ խնդիրներ կան։ Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հայտնեց, որ կառավարությանն առընթեր բնապահպանության տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել և կասեցրել ընկերության գործունեությունը՝ նավթավերամշակում տերմինով։ Նախարարը նաև ասաց, որ գործարանը չի ստացել դրական եզրակացություն բնապահպանության նախարարության կողմից։

«Չնայած իրենք հանրային լսում են իրականացրել, մամուլով շրջանառվել է, որ գործարանը փորձաքննության ենթակա չէ, ընկերության տնօրենի կողմից բաց նամակ է հղվել, բայց իրենք դրական եզրակացություն չունեն»,- ասաց նախարարը։

Վարչապետ Փաշինյանն արձագանքեց՝ եթե տեսչությունը նման որոշում է կայացրել, ապա հարցի քննարկումն առնվազն պետք է հետաձգել։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան առաջարկեց որոշումն ընդունել, ապա անդրադառնալ նախարարի բարձրաձայնած խնդրին։

«Կներեք, ձեր տեսակետը չեմ կիսում, բնապահպանության նախարարի ներկայացարծ տեղեկատվությունից հետո այս հարցը չեմ կարող դնել քվեարկության, անտրամաբանական կլիներ, եթե տեսչական մարմինն ասում է խնդիր կա, նախարարն ասում է շրջակա միջավայրի ազդեցության գնահատում լինի, և այս որոշումը կայացնենք, կառավարությունը իրար հակասող գործողություններ չի կարող ընդունել»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հստակեցրեց՝ կառավարությունը շահագրգիռ է, որ ներդրումներ լինեն և աշխատատեղեր բացվեն, սակայն ամեն ինչ պետք է լինի օրինական ու բնապահպանական առումով խնդիրներ չառաջացնի։

Նախագծի քննարկումը հետաձգվեց։

Հիշեցնենք, որ Եղվարդի Նատի թաղամասում կառուցված գործարանի բաժնետոմսերի կեսը պատկանում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, իսկ մյուս կեսը «Արմօյլ» ընկերությանը, որի հիմնադիր սեփականատերն է իրանահայ գործարար Հենրիկ Տեր-Ղուկասյանը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ