HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում ՊՆ-ի «Լեռնային Հայաստան» առողջարանի տնօրենի գործով

Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը նյութեր է նախապատրաստել Սերժ Սարգսյանի նախկին թիկնապահ, ՊՆ-ի «Լեռնային Հայաստան» առողջարանի տնօրեն, գնդապետ Կորյուն (Արայիկ) Եղիազարյանին առնչվող գործով: Նյութերն ուղարկվել են ոստիկանության Արմավիրի տարածքային բաժին` «հետագա ընթացք տալու համար»:

ԿՀԴՊ ԳՎ-ն սկսել է զբաղվել գործով «Հետք»-ի հրապարակումից հետո, որում Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի բնակիչ Աշոտ Նաջարյանը պատմել էր, թե ինչպես է շուրջ ինը տարի առաջ «Սերժի Արո» անունով հայտնի Կորյուն Եղիազարյանը խլել իր բիզնեսը` գազալցակայանը: 

Աշոտ Նաջարյանին նախ կանչել են ոստիկանության Վաղարշապատի բաժին, հարցեր տվել և արձանագրել: Այնուհետև ոստիկանության աշխատակիցները Ա. Նաջարյանի հետ գնացել են գազալցակայանի տարածք և լուսանկարել այն: Հաջորդ օրը Ա. Նաջարյանին հրավիրել են ԿՀԴՊ գլխավոր վարչություն, որտեղ, իր խոսքով, հանդիպել է ԳՎ 1-ին վարչության պետ Միհրան Դավթյանի հետ:

«Իր տեղակալն էլ էր այնտեղ ու մի քննիչ էր երևի թե: Ուզում էին հետաձգեին, մի երկու օրից քննություն անեին, բայց պետը ասեց` հենց հիմա: Նստեցինք, ասեց` պատմի: Պատմեցի, ասեցի, որ բոլոր փաստաթղթերը ունեմ, մի 4 ժամ գրել եմ, իրենք էլ հարցեր տվեցին, բոլոր հարցերին պատասխանել եմ` ոնց եղել էր», - նշում է Ա. Նաջարյանը:

Աշոտ Նաջարյան

Հանդիպումից օրեր անց ԿՀԴՊ ԳՎ 1-ին վարչության պետի տեղակալ Ե.Պետրոսյանի ստորագրությամբ գրություն է ուղարկվել Աշոտ Նաջարյանին, որով տեղեկացվել է, որ վարչությունը նյութեր է նախապատրաստել և ուղարկել ոստիկանության Արմավիրի տարածքային բաժին:

Հիշեցնենք, որ ըստ Աշոտ Նաջարյանի հաղորդման՝ Կորյուն Եղիազարյանը խլել է իր բիզնեսը ծեծով ու զենքի սպառնալիքով, արդյունքում ստիպել է իրեն նոտարի մոտ ստորագրել առուվաճառքի պայմանագիր, որի հիման վրա՝ սեփականացրել է գազալցակայանն ու զբաղեցրած հողատարածքը։

Պայմանագիրը ստորագրելուց հետո, ըստ Ա․ Նաջարյանի, Կորյուն Եղիազարյանն ու նրա յուրայինները իր մեքենայի մեջ, հակառակ իր ցանկության, թողել են 50 հազար դոլար ու հեռացել։ Գազալցակայանը առուվաճառքի այդ պայմանգրով գրանցվել է ոչ թե Կ․ Եղիազարյանի, այլ վերջինիս որդուն ու յուրայիններին առնչվող «Լի Գազ» ՍՊԸ-ի անունով։ Հետագայում «Լի Գազ»-ի բաժնեմասերը վաճառվել են կաթողիկոսի եղբոր՝ Ոսկեհատի գյուղապետ Գևորգ Ներսիսյանի կնոջը՝ Սոնիկ Ներսիսյանին, արդյունքում գազալցակայանի փաստացի սեփականտերն այժմ գյուղապետի կինն է։ Աշոտ Նաջարյանի խոսքով՝ Կ․ Եղիազարյանի կաթողիկոսի եղբոր ընտանիքին իր բիզնեսը վաճառել է մոտ 500 հազար դոլարով։

ԿՀԴՊ ԳՎ-ի աշխատակից, օպերլիազոր Կարեն Կոստանդյանը «Հետք»-ին հայտնեց, որ Աշոտ Նաջարյանը ԿՀԴՊ ԳՎ-ի կողմից ճանաչվել է տուժող կողմ, նրանից գրավոր բացատրություն են վերցվել, որի հիման վրա էլ նախապատրաստվել են նյութերը:

«Էջմիածնում գործը դեռևս նյութերի նախապատրաստման փուլում է, քրեական գործ հարուցելու կամ մերժման մասին տեղեկություն դեռևս չունենք», - հայտնեց Կ. Կոստանդյանը: Կ. Կոստանդյանը նշեց նաև, որ իրենք գործի նկատմամբ պաշտոնական վերահսկողություն չեն իրականցնում, սակայն ներքին կարգով հետևում են գործի ընթացքին, քանի որ նյութերի նախապատրաստումը ԿՀԴՊ գլխավոր վարչության նախաձեռնությունն է:

Ոստիկանության Վաղարշապատի տարածքային բաժնից «Հետք»-ին տեղեկացրին, որ նյութերի նախապատրաստման փուլը դեռևս չի ավարտվել: Այլ մանրամասներ, մասնավորապես` ովքեր են բացատրություն տվել գործի շրջանակներում, ոստիկանության աշխատակիցը չհայտնեց` նշելով, որ իրավասու չէ: Նշենք, որ նյութերի նախապատրաստման փուլը տևում է 10 օր, որից հետո հայտնվում է քրեական գործի հարուցման կամ մերժման մասին:

առաջին լուսանկարում՝ Կորյուն Եղիազարյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter