HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Հնդիկները պատրաստվում են հեռանա՞լ Հայաստանից

Սոթքի ոսկու հանքի շահագործումն սկսվել է 1976թ.-ից եւ շարունակվել Խորհրդային միության գոյության ամբողջ ընթացքում: Սոտքի եւ Մեղրաձորի հանքավայրերը 25 տարվա շահագործման լիցենզիայով տրամադրվել են «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊԸ-ին: Սոտքի հանքավայրը տրամադրվել է 1980-ին, իսկ Մեղրաձորի հանքավայրը' 1983թ.-ին: 2002թ.-ին «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկության» ( ԱՈԱՁ ) 100% բաժնետոմսերը ձեռք է բերել հնդկական «Սթերլայթ գոլդ լիմիթեդ» ընկերությունը, որն սկսեց Արարատում կուտակված ոսկու պոչանքների վերամշակումը եւ Սոթքի բաց հանքի ու Մեղրաձորի ոսկու փակ հան քի շահագործումը :

«Սթերլայթ գոլդ լիմիթեդ» ընկերությունը, որը 2002թ.-ից ամբողջությամբ ստանձնել է Մեղրաձորի ու Սոտքի հանքավայրերի շահագործումը, հանքավայրի աշխատակիցների համոզմամբ, պատրաստվում է դադարեցնել այն: Հանքավայրի աշխատակիցներն այդ հետեւության են հանգել այն բանից հետո, երբ մեկ ամիս առաջ ընկերությունն սկսել է ամենահարուստ՝ 1-ին հանքամարմինը շահագործել, որը, նրանց ասելով, գերհարուստ հանքամարմին է, էքսկավատորի ամեն շերեփի մեջ 2-3կգ-ից ավել ոսկի կլինի: Շուտափույթ հեռանալու մասին համոզմունքն առավել ամրապնդվել է տեսնելով, որ հարուստ հանքանյութը հանելուց հետո բացած հանքամարմինը ծածկում են հողով, տեղում թողնելով ավելի փոքր տոկոսայնության ոսկին: «Աշխարհում այդպիսի բան չկա, որ հանքամարմնի վրա հողը լցնեն ու առաջ գնան, դա նշանակում է, որ ոսկու փակ հանքը հնդիկները չեն շահագործելու»,- ասում են նրանք:

Ընկերությունն այդ աշխատաոճին անցավ այն բանից հետո, երբ հանրությունը մերժեց հասարակական քննարկման ներկայացված Սեւանում ոսկու նոր հարստացուցիչ ֆաբրիկա կառուցելու նրանց նախագիծը: «Սթերլայթ գոլդ լիմիթեդը» հայտարարեց, որ պատրաստ է 80մլն ԱՄՆ դոլար ներդրում կատարել Վարդենիսում ոսկու մշակման նոր ձեռնարկություն կառուցելու համար: Նրանց ասելով ավելի ցածր տոկոսով հանքաքարն Արարատ տեղափոխելը շահավետ չէ, իսկ եթե Սոտքում գործարան կառուցվի, ապա հանքը կշահագործվի 10 եւ գուցե ավելի տարիներ, եւ նախնական հաշվարկով 9 տարում կարդյունահանվի 40 տոննա ոսկի։ Իր առաջարկն ընկերությունը հիմնավորեց նրանով, որ դառնալով 100%-ի սեփականատեր, 2004թ.-ին Սոտքում պաշարների վերահաշվարկ է կատարել, փորձնական հանքահանում է արել, որից հետո հայտարարեց, թե երկրաբանների ներկայացրած պաշարները չեն հաստատվում: Ըստ ԱՈԱՁ-ի ղեկավարության' Մեղրաձորում ոսկու պաշարներ չկան, մի փոքր տեղն է աշխատում, իսկ Սոտքի ոսկու բարձր տոկոս ունեցող հանքաքարը երկու տարուց կսպառվի։ Իրազեկ անձինք պնդում են, որ, իրականում, Սեւանում ֆաբրիկա կառուցելու մտայնությունը հնդկական ընկերությունն ուներ դեռեւս այն ժամանակ, երբ նա միայն 50%-ի բաժնետերն էր:

Քննարկման ժամանակ ԱՈԱՁ-ի ղեկավարությունը նոր ֆաբրիկայի կառուցումը պատճառաբանեց նաեւ նրանով, որ երկաթուղու բարձր սակագնի պատճառով հանքավայրից ավելի քան 260կմ հեռավորության վրա գտնվող Արարատի ոսկու կորզման գործարանում տնտեսապես արդարացված չէ վերամշակել 1.4գ/տ-ից պակաս պարունակությամբ հանքաքարը: «Դա նշանակում է, որ ավելի ցածր պարունակությամբ հանքաքարը ստիպված կլինենք թողնել հանքավայրում: ՀՀ երկաթուղին չի կարող հանքաքարի ծրագրավորվող տարեկան ծավալը փոխադրել Սոտքից Արարատ՝ երկաթուղային գծերի անբավարար վիճակի եւ շարժակազմի անհրաժեշտ քանակի բացակայության պատճառով»,- նշեցին նրանք: «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊԸ-ի ղեկավարությունը, մեր ունեցած տեղեկություններով, մինչ այդ կառավարությանն առաջարկել էր երկաթուղու մի հատվածը հանձնել իրենց տնօրինությանը, որը մերժվել էր: Նրանց ասելով, մերժումն ստանալուց հետո իրենց այլ բան չէր մնում, քան ուսումնասիրել տեղանքը եւ հարցը հասունացնել հասարակական քննարկում կազմակերպելով:

Բանն այն է, որ ի սկզբանե ՀՀ կառավարությունն արտոնություններ սահմանել էր ԱՈԱՁ-ի ղեկավարումն ստանձնած ընկերության համար: Կառավարությունը 2002թ.-ի թիվ 21 որոշումով երաշխավորել է. «Սոտքի ու Մեղրաձորի հանքավայրերից Արարատ փոխադրվող հանքաքարի երկաթուղային փոխադրման վարձը «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊԸ-ի համար վերջինիս ծրագրի գործողության ամբողջ ժամանակահատվածում 1տ/կմ համար կկազմի 0,153 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ' առանց ավելացված արժեքի հարկի»:

ԱՈԱՁ-ի ներկայացրած պաշարների քանակության հետ համամիտ չեն տեղի երկրաբանները: Նրանք պնդում են, որ ընկերությունը հետազոտելուց հետո ոչ թե 40տ, այլ մոտ 80տ հետախուզված պաշար հաստատեց, որից ցնծության մեջ են: Բայց, որպեսզի ավելի մեծ շահույթ ստանան, ներկայացրին, որ 40տ ոսկու հաշվարկված ծավալ կա եւ Հայաստանի կառավարությանը փորձում են համոզել, որ ֆաբրիկան տեղափոխեն Սոտք: Վարդենիսում հաստատակամորեն պնդում են, որ այս մեկը ոչ մի պայմանով թույլ չեն տա՝ «այստեղ տոննաներով ցիան են գործածում, իսկ 1կգ ցիանը 6մլն մարդ է սպանում»:

Երկրաբանները հայտնեցին, որ նույն հանքային մարմնի մեջ եւ շատ հարուստ տեղեր կան, եւ շատ աղքատ: Հնդիկները հանքաքարով հարուստ տեղերից են միայն ոսկին հանում, փոքր տոկոսայնության ոսկին թողնում են տեղում, մինչդեռ այն պետք է խառնվի հարուստի հետ: Ընկերության բիզնես ծրագրով, եթե այդ հանքամարմնի համար ոսկու միջին պարունակությունը հաշված է 5,7գ, նրանք ներկայացնում են, թե 4գ են հանել: «Մեր կենսափորձով գիտենք, թե ինչքան եւ ինչ հանքաքար են քողարկել, սակայն նրանք կորզում են եւ այլ թիվ են ցույց տալիս: Երկրաբանանական քարտեզով, փաստաթղթերով 10գ հանքաքար ենք ցույց տալիս, Արարատից տվյալները 3 անգամ պակաս են ներկայացնում, թաքցված պաշարները հենց դրանք են: Կառավարությանը բացարձակապես խաբում են: Դա մեր ազգային հարստությունն է, որ թալանվում է»,- ասում են նրանք: Ավելացրին, որ բացի այդ, դատարկ ապարները հեռացնելու ժամանակ հանկարծ հանքաքար է բացվում՝ հանքաքարի ճյուղեր, որը նախագծում չկա եւ ընդերքօգտագործողը կարող է այն ցույց չտալ: Երկրաբանները, եթե սրտացավ չլինեն՝ կարող են այն ուղարկել լցակույտ, բայց մասնագետները գիտեն ինչ որակի ոսկի է եւ տեղում նմուշներ են վերցնում: Պնդում են, որ նման հանքանյութից օր է եղել 40-60 հազար դոլարի եկամուտ է ապահովել երկրաբաններից յուրաքանչյուրը:

Մեզ չհաջողվեց ծանոթանալ ընկերության եւ ՀՀ առեւտրի ու տնտեսական զարգացման նախարարության միջեւ կնքված պայմանագրի ներդրումների ծավալին եւ այն իրականացնելու ժամանակացույցին, որովհետեւ նախարարությունից տեղեկացրին, որ դա առեւտրային գաղտնիք է: Սակայն, իրազեկ անձինք պատմեցին, որ վերջին նախագահական ընտրությունների նախօրյակին Վարդենիս այցելած ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին ներկայացրել են, թե 45մլն դրամի ներդրում են իրականացրել: Ոսկու ձեռնարկության նախկին տնօրեն Սաբիլ Ստեփանյանը տեղում հերքել է տեղեկությունը, ասելով, որ ոչ մի դրամի ներդրում չեն կատարել: Հնդիկները մինչեւ վերջերս պոչամբարներն էին մշակում եւ կատարած փոքր ներդրումներն արվել է Արարատի պոչհանքերի մշակումից ստացած այլ մետաղների հաշվին, ոչ թե ոսկու: Դրանից ստացած շահույթով նրանք մի քանի նոր տեխնիկա են բերել, Արարատի կոմբինատն են վերազինել եւ չինովնիկներին «æիփեր» են նվիրել:

Ներդրումներ կատարելն այստեղ սոսկ պարտավորություն չէ, դրանով էր պայմանավորված հանքի որակյալ շահագործումը: Մասնագետների պնդմամբ, եթե կիրառվեն օգտակար տարրերի կորզման արդիական եւ առավել արդյունավետ տեխնոլոգիաներ՝ հանքավայրերը կշահագործվեն հարյուրամյակներ եւ աշխատատեղեր կապահովեն տասնյակ սերունդների համար: Սակայն ոսկու հանքավայրերի շահագործման այսօրվա ընտրովի եւ գիշատիչ մեթոդը կհանգեցնեն նրան, որ հանքավայրերը կշահագործվեն առավելագույնը 10-11 տարի եւ, ի վերջո, «դեն կնետվեն» իսպառ որակազրկված տեսքով: Դա հանքավայրը փչացնել է նշանակում, հետո այն գնորդ չի ունենա: Մեղադրում են պետությանը, որ թույլատրել է թալանի վերածել հանքավայրերի շահագործումը: Եթե համալիր շահագործվեն եւ ԽՍՀՄ-ի տարիներին նախատեսված ծավալներով (չափանիշ ընդունելով տարեկան 2000 կգ ոսկու կորզումը) շահագործումը լիուլի շահավետ կլինի: Կորզման ծավալներին հետեւելով միանշանակ կարող ենք պնդել, որ վնասով աշխատելու մասին խոսք լինել չի կարող, քանի որ նրանք 2003թ.-ին կորզել են 59,344տ, 2004թ.-ին՝ 65,928տ: Նշենք նաեւ, որ «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկությունը» 2004թ.-ին 40մլն դրամ շահութահարկ է մուծել ու դրանով տեղ զբաղեցրել 300 խոշոր հարկատուների մեջ:

Փորձառու երկրաբանները ասում են, որ պաշարների իրական չափը ճշգրտելը միշտ էլ մասնագիտական վեճեր է հարուցել, ոսկու հանքավայրերի հարցում՝ հատկապես, քանի որ նրանց ասելով, «ոսկին տատանումներ շատ է տալիս»: Ստուգումների նորմատիվ չափանիշներից փոքր ինչ շեղումը այլ տվյալների կհանգեցնի: Սակայն համամիտ չեն ընկերության արտահայտած այն մտքին, որ իրենց ներկայացրած պաշարների քանակությունը իրականությանը չի համապատասխանում եւ որ նրանց ներկայացվել են ԽՍՀՄ-ի ժամանակ՝ 70-ական թվականների ուռճացված տվյալներ: Տեղեկացրին, որ միչեւ ԱՈԱՁ-ի 100% բաժնետոմսերը ձեռք բերելը, հնդկական «Սթերլայթ գոլդ լիմիթեդ» ընկերությանը անգլերեն թարգմանությամբ ներկայացվել են ողջ նյութերը: Սոտքի ու Մեղրաձորի հանքավայրերի 80%-ը եղել են մանրակրկիտ հետախուզված, իսկ 20 %-ը հետազոտված : Ուսումնասիրության արդյունքների թույլատրելի տատանումները + 30%-ից մինչեւ -30% է, իսկ նրանց վերստուգումներից հետո տատանումը եղել է նորմայի սահմանում: Երկրաբանների համոզմամբ, Սեւանում գործարան կառուցելը միմիայն նպատակ ունի ավելի մեծացնել ընկերության գերշահույթները:

Ոսկու փաստացի եւ հետախուզման տվյալներով կանխատեսվող պարունակությունների միջեւ էական տարբերությունով են բացատրում նաեւ ՀՀ բնապահպանության պետական տեսչության 2004թ.-ի հունիսին Սոտքի ու Մեղրաձորի հանքավայրերում կատարած ստուգումներից հետո տեսչության եւ ԱՈԱՁ-ի միջեւ ծագած վեճը(Տես նաեւ' Ովքե՞ր եւ ինչպե՞ս յուրացրին թաքցված ոսկին, http://www.hetq.am/arm/economy/0505-gold.html): Տեսչությունը Սոտքի հանքավայրում վերահաշվարկից հետո արձանագրել էր, որ հայտնաբերվել են 865,2 կգ ոսկու, 3,3 տ արծաթի, 0,86 տ սելենի եւ 7,18 տ թելուրի թաքցված ծավալներ: Մեղրաձորի ոսկու հանքավայրում վերահաշվարկի արդյունքում հայտնաբերվել են 1434,016 կգ ոսկու, 2,78 տ արծաթի եւ 3,38 տ թելուրի թաքնված ծավալներ, որոնց վերաբերյալ կազմել էին համապատասխան ակտեր ու ներկայացրել Գլխավոր դատախազություն: Այդ ընթացքում «Արարատ Ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊԸ-ն դիմել էր տնտեսական դատարան՝ ակտն անվավեր ճանաչելու պահանջով, գտնելով, որ վերստուգումը կատարվել է օրենքի մի շարք դրույթների խախտումով: 2005թ.-ին փետրվարի 2-ին նրանք դատարանում հաշտության համաձայնություն են կնքել, ըստ որի մետաղների մարված պաշարների ծավալների չափի վերանայումը կիրականացվի կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ:

2005թ. մարտի 14-ից մինչեւ 25-ը իրականացվել է համատեղ ստուգումը եւ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը հրաժարվել է «թաքցված» հանքանյութի մասին իր տվայլներից եւ համաձայնվել է 2004թ.-ին հանքավայրում կատարված ստուգման ժամանակ ընդերքօգտագործողի՝ ԱՈԱՁ-ի նախկինում ներկայացրած ծավալներին (2303.0-ի փոխարեն 2237.5կգ ոսկի պարունակող հանքաքար): ՀՀ բնապահպանության նախարարի ներկայացրած գրության համաձայն, ընդերքօգտագործողը ոսկու մարված պաշարների գնահատականը նվազեցրել էր շուրջ 0.9տ' Սոտքի եւ մոտ 1.4տ Մեղրաձորի հանքավայրում:

Նախարարն այդ հանգամանքը բացատրում է նրանով, որ Մեղրաձորի հանքավայրի շահագործաման ամբողջ ժամանակահատվածում, ներառյալ սովետական ժամանակաշրջանը, մշտապես փաստվել է ոսկու փաստացի եւ հետախուզման տվյալներով կանխատեսվող պարունակությունների միջեւ էական տարբերություն, ինչը բերել է ոսկու հաստատված պաշարների չհավաստմանը: Մնում է միայն ավելացնել, թե այդ մասին չգիտեի՞ն նախարարության աշխատակիցները, երբ «թաքցրած պաշարների մասին ակտը» հանձնում էին դատախազություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter