HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Մարգարին և սպրեդ՝ կարագի շփոթեցնող մակնշմամբ. արտադրողը մոլորեցնում է սպառողին

«Հետք»-ը բազմիցս անդրադարձել է հայկական շուկայում իրացվող սննդամթերքի մակնշման խախտումներին։

Այս անգամ ներկայացնում ենք, թե ինչպես է արտադրողը մոլորեցնում սպառողին՝ մարգարինն ու սպրեդը «փաթեթավորելով»՝ իբրև սերուցքային կարագ։

 

Մարգարինը ճարպային արտադրանք է՝ բաղկացած մոդիֆիկացված կամ չմոդիֆիկացված բուսական յուղերից (կենադանական ծագման յուղերով կամ առանց դրանց) ոչ պակաս, քան 20% յուղայնությամբ, կաթով կամ առանց կաթի։

Չի արգելվում մարգարինի մեջ ավելացնել կենդանական ծագման յուղ, սակայն այդ մասին մակնշման մեջ պարտադիր պետք է նշվի։

Մարգարինը հանդիսանում է «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) կարգավորման առարկա և հստակ պահանջներ ունի թե՛ որակի, թե՛ մակնշման մասով։

Նույն տեխնիկական կանոկարգով է կարգավորվում նաև սպրեդը։ Այն ևս ճարպային ապրքանը է՝ յուղի ոչ պակաս քան 39 % պարունակությամբ։ Այն պատրաստվում է կաթնային յուղից, կամ (և) սերուցքից, սերուցքային կարագից, մոդիֆիկացված կամ չմոդիֆիկացված բուսական յուղերից։

Այս երկու ճարպայուղային արտադրանքներում թույլատրվում է օգտագործել սննդային հավելումներ, որոնց մասին ևս պետք է տեղեկացնել սպառողին։

ՄՄ ՏԿ 024/2011 սահմանում է, որ մարգարինի և սպրեդի փաթեթի վրա անպայման պետք է նշվի տրանսճարպերի վերաբերյալ տեղեկություն, որոնց թույալտրելի քանակը  2 %-ից ոչ ավելի է։  

Այս փոփոխությունը ԵԱՏՄ տարածքում ուժի մեջ է մտել դեռևս 2018թ հունվարի 1-ից։ Համարվում է, որ սննդի մեջ 2 %-ից ավելի տրանսճարպերի օգտագործումը կարող է վտանգավոր լինել առողջության համար։

Ճարպայուղային արտադրանքի սպառողական փաթեթի վրա պարտադիր դյուրընթեռնելի տառատեսակով պետք է նշված լինի ապրանքատեսակի անվանումը, որպեսզի չմոլորեցնի սպառողներին (մարգարին, սպրեդ, արձածաղկի ձեթ և այլն)։ Սա հստակորեն ամրագրված է ՄՄ ՏԿ 024/2011-ում։

Սակայն սպառողին գրավելու համար, երբեմն արտադրողներ դիմում են խորամանակ քայլերի, որոնցով և խախտում են «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքն ու ՄՄ ՏԿ 024/2011 տեխնիկական կանոնակարգը, քանի որ մոլորության մեջ են գցում գնորդին։

Օրերս շուկայում հանդիպել ենք ռուսական «Жировой комбинат» ընկերության արտադրության «Саратовский» մարգարինը, որի փաթեթի մակնշման ենտամաում է միայն նշված, որ ապրանքը մարգարին է, այն էլ՝ անկյունային հատվածում և դժվարընթեռնելի տառատեսակով։

Ավելին, մեծ տառատեսակով ապրանքի վրա գրված է «Сливочный»,  ГОСТ 32188-2013, օգտագործված է կովի և կաթի նկար, որոնք թյուր պատկերացնում են ստեղծում ապրանքի մասին։

«մարգարին» անվանումը հայերեն մակնշման մեջ՝ միայն փաթեթի հետևի մասում 

Ապրանքի առաջին բաղադրատարրը ռաֆինացված դեզադորացված բուսական յուղն է։

Հաջորդ նմանատիպ ապրանքներից է  ռուսական «Бытовой комбинат» ընկերության արտադրության «Россиянка» 72 % տոկոսանոց սպրեդը:

Փաթեթի վրա դարձյալ, սպառողի մոտ վստահություն ներշնչելու համար փակցված է  ГОСТ Р 52100 նշանը և դիմային տեսանելի հատվածում նշված չէ, որ այն սպրեդ է։

Փոխարենը նշված է տոկոսայնությունն ու ավելացված է՝ «мягкий вкус сливочного масла» (սերուցքային կարագի նուրբ համ), ինչից տպավորություն է ստեղծվում, որ ապրանքը սերուցքային կարագ է, այլ ոչ բուսական ծագման սպրեդ։

ՄՄ ՏԿ 024/2011-ն արգելում է մարգարինի և ճարպայուղային որևէ արտադրանքի մակնշման մեջ «масло» (կարագ) և նրա արմատից կազմված բառերի օգտագործումը։ Իսկ այստեղ արտադրողը ոչ միայն տեսանելի հատվածում չի նշել, որ տվյալ ապրանքը սպրեդ է, այլ նշել՝ «мягкий вкус сливочного масла», ինչը սպառողին կարող է մոլորեցնել։

Նախորդ ապրանքի պես փաթեթի հետևի հատվածում մանր տառերով է նշված, որ ապրանքը սպրեդ է։ Սա երևում է հայերեն մակնշման մեջ (սպրեդ՝ սերուցքային համով), որը փակցված է օրիգինալ մակնշման վրա։ Վերջինիս առաջինը բաղադրատարրը ռաֆինացված դեզոդորացված բուսական յուղն է։

«սպրեդ» անվանումը՝ մակնշման հետևի մասում 

Այս երկու ապրաքներն էլ ներկրում է «ՍԱՍ Գրուպ» ընկերությունը։

Ապրանքի արտադրման ժամկետն էլ այնպիսի հատվածում է, որ վաճառողն այն նայելու համար ստիպված էր հայերեն մակնշումը մի փոքր հեռացնել։

Եթե հանդիպել եք մակնշման խախտումով ապրանքներ, գրեք մեզ՝ [email protected] հասցեին կամ մեր ֆեյսբուքյան՝ Անվտանգ սնունդ/ «Հետք» էջին։

Մեկնաբանություններ (2)

Հետք
Հարգելի՛ Հասմիկ, հետևեք մեր հրապարակումներին։ Առաջիկայում անդրադառնալու ենք կարագի շուկային։
hasmik
Հարգելի հետք խնդրում եմ ստուգել valio կարագի 5 կգ տուփը որի կգը վաճառվում է 5100 դրամով տուփի վրա շտրիխ կոդ չկա նախնական տվյալներով մարգարին է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter