HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկ մլն դոլարի ներդրում և նոր աշխատատեղեր․ Երևանում կբացվի գյուղատնտեսական ու արտադրական սարքավորումների գործարան

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 10-ին նախարարությունում Բիզնես Արմենիայի և իրանական Arad Agricultural Machinery ընկերության միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր՝ 1 000 000 դոլար ներդրում կատարելու և Երևանում գյուղատնտեսական ու արտադրական սարքավորումների նոր գործարան բացելու մասին։

Հուշագիրը ստորագրեցին Բիզնես Արմենիայի Միջազգային կոմերցիայի խմբի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը և իրանական Arad Agricultural Machinery ընկերության գործադիր տնօրեն Նասեռ Ռահիմին։

Հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցում էին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը, Հայաստանում ԻԻՀ դեսպանության և Իրանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներ։

Հուշագրով նախատեսվում է, որ Բիզնես Արմենիան, ինչպես ծրագրի իրականացման նախնական փուլում, այնպես էլ հետագա փուլերի ընթացքում, նաև արտահանման խթանման նպատակով, կշարունակի աջակցությունը։

Նոր գործարանն արտադրությունը կսկսի այս տարվա սեպտեմբեր ամսից։ Նախնական փուլում ընկերությունը կունենա 20 աշխատող։ Հետագայում՝ դասընթացներից և վերապատրաստումներից հետո, աշխատողների թիվը կհասնի 100-ի։

«Իրանական և Միջին Արևելքի ընկերությունների համար Հայաստանը ուղի է դեպի ԵԱՏՄ շուկա և հակառակը։ Այս գաղափարի արդյունքներն արդեն տեսանելի են. հաստատվող իրանական ընկերությունը Հայաստանում արտադրվող ապրանքի խոշոր մասնաբաժինը իրացնելու է ԵԱՏՄ երկրներում» - նշեց Բիզնես Արմենիայի Միջազգային կոմերցիայի խմբի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը։

«Բիզնես Արմենիայի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների ու Գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ պատրաստվում ենք արտոնյալ պայմաններ տրամադրել հայաստանցի գնորդներին» - նշեց Arad Agricultural Machinery ընկերության գործադիր տնօրեն Նասեռ Ռահիմին։

«Հայաստանում բիզնեսի շահավետ կողմերը գործարարներին ներկայացնելու ուղղությամբ Բիզնես Արմենիայի կողմից օտարերկրյա այցերի ընթացքում իրականացված աշխատանքների շարունակական արդյունքների մասին են վկայում գրանցվող հաջողությունները։ Իրանական ընկերության հետ համագործակցության այս հուշագրի ստորագրումը դրանցից մեկն է։ Սա ևս մեկ հնարավորություն է երկու երկրների գործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ»,-իր խոսքում նշեց Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

Նշելով, որ ՀՀ կառավարության ներդրումային քաղաքականությունը նպատակաուղղված է ներդրումային և գործարար բարենպաստ միջավայրի ձևավորմանը և Հայաստանում իրականացվող ներդրումների խթանմանը՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը համոզմունք հայտնեց, որ իրանական ընկերության մուտքը Հայաստան նոր թափ կհաղորդի և կնպաստի երկու երկրների միջև առևտրատնտեսական և ներդրումային առկա համագործակցության ընդլայնմանը։

«ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից այս նախաձեռնությունը իսկապես ողջունելի է, և մենք վստահ ենք, որ յուրաքանչյուր այսպիսի ծրագիր լինելու է ևս մեկ քայլ ցույց տալու, որ ՀՀ-ում իսկապես շահավետ է իրականցնել բիզնես՝ գործարար միջավայրը բարենպաստ է, ներդրումային միջավայրը կայուն»,-նշեց նա։   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter