HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ասում էի՝ դուք թալանով եք զբաղված». ԱԻՆ նախկին աշխատակիցը 4 տարի պայքարում է դատարանում

Թոշակի անցած գնդապետ Հարություն Կարապետյանը դիմել է «Հետքի» խմբագրություն` բարձրաձայնելու` ԱԻՆ-ում պայքարել է անօրինականության դեմ, սակայն ինքն է 2014-ին «անօրինական կերպով կորցրել աշխատանքը»:

Հարություն Կարապետյանը պատմեց, որ արտակարգ իրավիճակների ոլորտի երկարամյա աշխատակից է եղել: Աշխատել է 1975 թ.-ից, երբ համակարգը դեռ Ներքին գործերի ենթակայությամբ էր գործում, ապա 2002թ.-ի վերջից դարձել է Արտակարգ իրավիճակների վարչության Վայոց ձորի հրդեհային անվտանգության զորամասի հրամանատար: Աշխատել է նաև այլ մարզերում արդեն որպես ԱԻՆ Վայոց ձորի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության հաշվառման վերլուծության և քարոզչության բաժնի առաջատար մասնագետ, տեսուչի պաշտոնում:

Տեսուչ Կարապետյանը 2014-ին, երբ թոշակի տարիքին մեկուկես տարի է մնացել, կորցրել է աշխատանքը: Եղեգնաձորի բնակիչ նախկին տեսուչն ասում է, որ այժմ ընտանիքով մնացել են իր թոշակի հույսին, որն էլ, ըստ նրա, ճիշտ չի հաշվարկվել: Թե՛ աշխատանքից ազատման, թե՛ թոշակի ոչ ճիշտ հաշվարկի հարցերը Հարություն Կարապետյանը վիճարկել ու դեռ շարունակում է վիճարկել վարչական դատարանում:

Հարություն Կարապետյանը պնդում է՝ աշխատանքից իրեն զրկելու պատճառը եղել է ԱԻՆ նախկին ղեկավարության պատասխանը՝ ուղղված իր կողմից անօրինական ստուգումներ չանելուն. «Ես դեմ եմ եղել անօրինական ստուգումներ անելուն: Հիմնական շեշտը դա է եղել: Քանի որ ներքին կարգով պլաններ կային՝ անպայման այցելել օբյեկտներ ու կազմել արձանագրություններ՝ էսքան գումար էս մարդուց, էնքան էն մարդուց, ես էլ դեմ էի, որ մանր ու միջին ձեռնակրատիրական գործունեության ծավալողների մոտ որևիցե մեկը գնա, իմ վրա արդեն աշխատանք տարան»,-պատմեց ԱԻՆ նախկին աշխատակիցը: Ըստ նրա, ղեկավարության նպատակն է եղել ոչ միայն հեռացնել նրան, այլ դատի տալ, քանի որ «ես իրենց ասում էի՝ դուք թալանով եք զբաղված»:

Ավելին՝ ԱԻՆ 3 աշխատակիցների կողմից ՀՔԾ է ուղարկվել հաղորդում Հարություն Կարապետյանի դեմ, սակայն քրեական գործի հարուցումը մերժվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Սակայն մինչ այդ անձամբ ԱԻՆ աշխատակազմի այն ժամանակվա ղեկավար Համլետ Հակոբյանն է քննիչին հայտնել, թե Հարություն Կարապետյանը ձգտել է մշտապես տնտեսվարող սուբյեկտների հետ «ստվերային, հանցավոր կապ հաստատել, այդ թվում՝ արտադրական վտանգավոր օբյեկտները շահագործող անձանց հետ»: Թավշյա հեղափոխությունից հետո, սակայն, ըստ Կարապետյանի ունեցած տեղեկության, ԱԱԾ գործողությունների արդյունքում բացայատվել է ԱԻՆ-ում յուրացումների դեպքեր և հենց ինքը՝ նախկին աշխատակազմի ղեկավարի անունը շրջանառվում է այդ գործում:  

Նախ` Հարություն Կարապետյանի նկատմամբ կիրառվել էր «խիստ նկատողություն» քաղաքացիական ծառայողի համար նախատեսված կարգապահական տույժը։ Ապա ԱԻՆ-ի աշխատակազմի ղեկավարը 2014թ. սեպտեմբերին դիմել էր քաղաքացիական ծառայության խորհուրդ՝ տեսուչ Կարապետյանին «զբաղեցրած պաշտոնից ազատում» կարգապահական տույժը կիրառելու հիմնավորվածությունը պարզելու նպատակով։ Իսկ մի քանի օր հետո նա զրկվել է աշխատանքից:

Հարություն Կարապետյանը վարչական դատարանում վիճարկում էր ԱԻՆ թիվ 866-Ա հրամանը: Պահանջը՝ իրեն վերականգնել Վայոց ձորի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության հաշվառման վերլուծության ևքարոզչության բաժնի առաջատար մասնագետ տեսուչի պաշտոնում: Վարչական դատարանը, սակայն, մերժել էր հայցը: Վերաքննիչ դատարանում ևս նա պարտվել էր:  Նրա բողոքն այժմ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում է:

Հարություն Կարապետյանը խնդրում է իր վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

Լուսանկարում Հարություն Կարապետյանն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter