HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչու կավատները չեն պատժվում-2

«Այսպես 2003 թվականի սկզբներից սկսվեց իմ գործունեության հերթական փուլը: Զանգահարեցի Դուբայում կավատությամբ զբաղվող Անահիտ Մալխասյանին, ճշտեցի Նունե Խչեյանի Երեւանի հեռախոսահամարը, որը հիմա չեմ հիշում, եւ զանգահարեցի Նունեին, նրանից խնդրեցի աղջիկներ գտնել եւ ուղարկել ինձ մոտ' Դուբայ, իմ ղեկավարությամբ մարմնավաճառությամբ զբաղվելու:
Նա աղջիկներ հավաքագրելու համար ինձանից պահանջեց յուրաքանչյուրի համար 1000 ԱՄՆ դոլար գումար, մի քանի օրվա ընթացքում «Վեստեր Յունիոն» համակարգով ուղարկել եմ 2000 դոլար, որից հետո Նունեն Դուբայ ֆաքսով ուղարկեց Կամիլայի եւ Արմինեի անձնագրերի պատճեները:

Ես աղջիկների տեսքին հավանություն տվեցի եւ խնդրեցի Նունեին շտապ նրանց Մոսկվա ուղարկել, որտեղից էլ Արայիկ Աղաջանյանը, Սեւոն, Ավոն եւ մյուսները պետք է կազմակերպեին այդ աղջիկների' Մոսկվայից Դուբայ մեկնելը:

Սկզբում Նունեն Մոսկվա ուղարկեց Կամիլային, այդ ժամանակ ես ֆինանսական խնդիրներ ունեի, եւ քանի որ Արայիկին յուրաքանչյուր աղջկա Դուբայ ճանապարահելու համար տրվող 2000 դոլարն էլ չունեի, ես խնդրեցի կավատությամբ զբաղվող Նազիկ Պապյանին, որպեսզի ինձ փոխհատուցի Կամիլայի վրա կատարած ծախսը եւ մնացած ծախսերը անելով' բերի իր մոտ մարմնավաճառությամբ զբաղվելու:

Այնուհետեւ Նունեն Մոսկվա ուղարկեց Արմինե անունով աղջկան, որի մասին ես տեղյակ պահեցի եւ նախօրոք Արայիկին ուղարկեցի նախապատրաստված 2000 դոլարը, որից հետո, կոնկրետ ամիսը եւ օրը չեմ հիշում, Արմինեն եկավ Դուբայ, որտեղ ես կազմակերպեցի նրա մարմնավաճառությամբ զբաղվելը:

Ինչպես Արմինեի, այնպես էլ մյուս մարմնավաճառների դեպքում նրանք բնակվում էին իմ կողմից վարձակալած բնակարանում: Ես հոգում էի նրանց ուտելու եւ հագնելու ծախսերը, ցույց էի տալիս դիսկոտեկներում իմ վարձակալած սեղանները, որտեղ նրանք «հաճախորդներ» էին գտնում եւ 100-150 դոլարի դիմաց սեռական հարաբերություն էին ունենում նրանց հետ: Աղջիկների աշխատանքի մեջ գտնվելու ժամանակ նրանց հետ հեռախոսային կապի մեջ եմ եղել եւ, խնդիրներ առաջանալու դեպքում, դրանք հիմնականում լուծում էի:

Սկզբում մարմնավաճառը աշխատած գումարներով փակում էր իր վրա կատարած ծախսս' «մինչեւ Դուբայ տեղափոխելու համար», որը 5000 դոլար էր: Դրանից հետո յուրաքանչյուր օրվա համար' բնակվելու, ուտելու եւ մյուս ծախսերի համար, ինձ տալիս էին 100 դոլար, իսկ մնացած գումարը հավասարապես բաժանվում էր իմ եւ նրա միջեւ: Նունեն ինձ ուղարկել է վերը նշված աղջիկներին, որոնց ազգանունները եւ բնակության վայրը չգիտեմ:

2003թ. սկզբներին կապնվեցի իմ ընկերուհի Սիրանույշ Մուսայելյանի հետ եւ խնդրեցի գումարի դիմաց աղջիկներ հավաքագրել եւ ինձ մոտ ուղարկել' մարմնավաճառությամբ զբաղվելու: Սիրանույշը նույնպես զբաղվում էր Դուբայում կավատությմաբ զբաղվողների մոտ մարմնավաճառներ ուղարկելով: 2003թ. ընթացքում, կոնկրետ ամիսներ չեմ հիշում, տարբեր ժամանակահատվածներում Սիրուշը իմ ընկերուհի Նելլի Հարությունյանի հետ հավաքագրել եւ ինձ մոտ Դուբայ է ուղարկել Երեւան քաղաքի բնակիչ Ա. Ս.-ին... որի համար նրան ուղարկել եմ 1000 դոլար, որից նա գնել է Ա.-ի Երեւան-Մոսկվա ինքնաթիռի տոմսը: Սիրուշենք 2003թ. հուլիսին հավաքագրել եւ ուղարկել են Մոսկվա դիլիջանցի Կ. Թ.: Կ-ին Սիրուշը եւ Նելլին հավաքագրել են Նունե Խչեյանի եւ դիլիջանցի Անահիտի միջոցով: Այնուհետեւ Սիրուշը Նունեի եւ Նելլիի հետ հավաքագրել եւ ինձ մոտ է ուղարկել Վեդի քաղաքի բնակչուհի Ա. Գ.-ին (2003-ի օգոստոս):

Նույն ամսին Սիրուշը եւ Նելլին ինձ մոտ են ուղարկել Ա. Հ.-ին (Բարբի տիկնիկ' Կասանդրա մականունով) եւ Կ. Խ.-ին («Միլիրովկա» եւ «Լիզա» մականուններով, մեծացել է Գավառի մանկատանը)»:

Հատված Մարիետա Մուսայելյանի 2004թ. նոյեմբերի 8-ի հարցաքննությունից

Նելլի Հարությունյան-հավաքագրող, նախկինում երկու անգամ դատապարտված, Այժմ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում իր պատիժն է կրում:

« ... Ես եւ Սիրուշը, իսկ երկու դեպքում էլ Նունե Խչեյանը, հավաքագրել եւ մարմնավաճառության նպատակով Դուբայում կավատությամբ զբաղվող Մարիտա Մուսայելյանի եւ Նազիկ Պապյանի մոտ ենք ուղարկել ավելի քան 10 երիտասարդ աղջիկների, որոնց հավաքագրել էինք հանրապետության տարբեր մարզերից եւ համայնքներից»:

Հատված Նելլի Հարությունյանի 2004թ. հոկտեմբերի 14-ի ցուցմունքից:

Նունե Խչեյան-հավաքագրող, նախկինում 4 անգամ դատապարտված: Այժմ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում իր պատիժն է կրում:

«1997թ.-ին մեկնել եմ Դուբայ, որտեղ մինչեւ 1998թ. զբաղվել եմ մարմնավաճառությամբ: Այնուհետեւ 1998-1999 գտնվել եմ Հայաստանում, որից հետո կրկին վերադարձել եմ Դուբայ եւ զբաղվել իմ նախկին աշխատանքով: 2001թ.-ին վտարվել եմ Դուբայից: Դուբայից վերադառնալով' Հայաստանում հավաքագրել եմ մի շարք աղջիկների եւ ուղարկել եմ Դուբայ' տարբեր կավատների մոտ մարմնավաճառությամբ զբաղվելու, որոնց մի մասի համար 2003թ.-ի սեպտեմբերին դատապարտվել եմ: 2003թ.-ի օգոստոսին Նելլիի եւ Սիրուշի հետ հավաքագրել եւ մարմնավաճառությամբ զբաղվելու նպատակով կավատ Մարիետա Մուսայելյանի մոտ ենք ուղարկել Վեդի քաղաքի բնակչուհի Ա. Գ.-ին եւ դիլիջանցի Կ. Թ.-ին: Գավառի մանկատան նախկին սան Կամիլային: Կավատ Նարինե Խաչատրյանի հետ պայմանավորվելով եւ յուրաքանչյուր մարմնավաճառի համար հազար դոլար ստանալով' հավաքագրել եւ նրա մոտ եմ ուղարկել Նորքի երկրոդ զանգվածի հանրակացարանի բնակչուհիներ Հասմիկին, Սուսաննային, Գոհարին, Ալավերդի քաղաքի բնակչուհի Գայանեին...»:

Հատված Նունե Խչեյանի 2004թ. հոկտեմբերի 18-ի ցուցմունքից:

«2003թ. նոյեմբերին Սիրուշենք ուղարկել են Մ. Մ.-ին, իսկ 2004թ. ուղարկել են Մ. Գ.-ին, որի մականունը Օվսանիկ է: Նշված բոլոր աղջիկները մինչեւ 2004թ. սեպտեմբերի 23-ը իմ կողմից վերը հիշատակված պայմաններով մարմնավաճառությամբ են զբաղվել, նրանք բոլորն էլ աշխատանքը կատարել են իրենց ցանկությամբ, այսինքն' ես նրանց պոռնկությամբ զբաղվելը կազմակերպել եմ նրանց համաձայնությամբ: Ցանկանում եմ նշել, որ Մ. Մ.-ն Դուբայից վտարվել է 2004թ. մայիսին եւ այդ մասով ճշտում եմ ցուցմունքս: Բացի վերը նշված աղջիկներից ինձ մոտ 2004թ. ապրիլից մինչեւ սեպտեմբեր ամիսը մարմնավաճառությամբ է զբաղվել Սիրուշի եւ Նելլիի կողմից հավաքագրված ու ինձ մոտ ուղարկված Ա. Կ.-ն: Վերջինիս քրոջը' Սիրուշենք քրոջ հետ ուղարկել էին ինձ մոտ' մարմնավաճառությամբ զբաղվելու, բայց համապատասխան բժշկական ստուգման ենթարկելուց հետո պարզվեց, որ նա կույս է, եւ քանի որ նա իր կուսությունը ցանկանում էր վաճառել 10 հազար դոլարով, իսկ այդ գումարը ոչ ոք չտվեց նրա հետ կենակցելու համար, ուստի նրան հետ ուղարկեցի Հայաստան: Սրանցից բացի 2003թ. հունվարին Մարիետա Աղաջանյանը ինձ մոտ մարմնավաճառությամբ զբաղվելու համար նախօրոք ուղարկված 1500 դոլարի դիմաց ուղարկել է Էջմիածնի շրջանի Ջրառատ գյուղի բնակչուհի Ն-ին, Երեւան քաղաքի բնակչուհիներ Ա. Մ.ին եւ Ն.-ին»:

Հատված Մարիետա Մուսայելյանի 2004թ. նոյեմբերի 8-ի հարցաքննությունից

2004թ. սեպտեմբերին Մարիետա Մուսայելյանը, վերցնելով իր մոտ աշխատող աղջիկների ունեցվածքը, փողերը, ոսկեղենը, չվճարելով տան վարձը' ըստ իր ցուցմունքի մեկնել է Ստամբուլ: Քրեական գործում այլեւս որեւէ բան չկա Դուբայում մնացած եւ Մարիետայի հսկողությամբ աշխատող կանանց մասին: Քննիչներին նրանց ճակատագիրը կարծես թե չի հետաքրքրել: Մինչդեռ Մարիետայի անհետանալուց հետո նրա կանանցից երեքը հայտնվել են Դուբայի բանտում, այնուհետեւ նրանց ճակատագիրն անհայտ է: Մնացածները կամ ինքնուրույն են աշխատում, կամ էլ հայտնվել են այլ կավատների մոտ:

Դուբայը լքելուց հետո Մարիետան նախ մեկնել է Օման, այնտեղից' Ստամբուլ, ապա' Երեւան:

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter