Շաբաթ, 18 օգոստոսի

«Իմ կոչմանը հարազատ եմ՝ արվեստագետը պետք է ընդդիմադիր լինի». Երվանդ Մանարյան


Երվանդ Մանարյան՝ դերասան, բեմադրիչ, սցենարիստ: Նրան ճանաչում են բոլորը, թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, նրան ճանաչում են և՛ բեմից, և՛ մեծ ու փոքր էկրաններից: Նա առաջիններից էր, ով 1946թ. ամռանը եկավ պատերազմից հյուծված ու ծանրագույն վիճակում գտնվող Հայաստանում հաստատվելու: Եկավ հենց այստեղ ուսում ստանալու, իսկ հետո՝ գեղեցիկ ու ապրեցնող գործեր ստեղծելու: Նա այն բացառիկ արվեստագետներից է, ով իր կոչմանը զուգահեռ ու համահունչ է պահում նաև մարդ-քաղաքացու տեսակը՝ առանց տարանջատելու այդ երկու միմյանցից խիստ տարբեր և երբեմն միմյանց հակասող կեցվածքները:

Երվանդ Մանարյանի հետ զրուեցել եմ մի քանի տարի առաջ, և թեպետ հանդիպման առիթը «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի գործունեությունն էր, կամ թատրոնն ընդհանրապես, անհնար եղավ չանդրադառնալ նաև կյանքի թատերաբեմում ծավալվող հիմնական գործողություններին: Այստեղ, իմ համոզմամբ, սովորաբար փոխվում են հանդիսատեսի և դերասանների տեղերը, իսկ բեմադրիչը շատ անգամ մնում է անհասկանալի, անկանխատեսելի, և, որ ամենասարսափելին է, չբացահայտված:

«Իմ կոչմանը հարազատ եմ՝ արվեստագետը պետք է ընդդիմադիր լինի:-ասում է սիրված դերասանը,- Իմ համոզմունքը դա է, որովհետև հասարակությունը էլեկտրական հոսանքի նման երկու բևեռ ունի՝ էն, որ ասում են «ֆազ  և նոլ»: Ֆազը ինչքան էլ հզոր լինի, եթե նոլը չմիանա, ոչինչ չի լինի: Հասարակությանը այ էդ երկուսն էլ պետք են »:

Երվանդ Մանարյանը դեռ մի քանի տարի առաջ զբաղվում էր իր թատրոնով, թեպետ խոստովանում էր, որ հասարակական-քաղաքացիական զբաղվածությունն իրենից մեծ ժամանակ է խլում: Նա նկատի չուներ միայն հանրահավաքներին ակտիվորեն մասնակցելն ու երկրում տիրող հակասական իրավիճակներին ականջալուր լինելը, դրանց մասին համարձակ բարձրաձայնելը:

«Մենք պարզապես չենք կարողանում ճիշտ չափորոշել, թե ո՞րը, ինչպե՞ս, ինչքա՞ն… էստեղ մեր ազգային բնավորությունն էլ է իրենը անում, գիտե՞ք,- ասում է նա,- Եթե մեկը իմ կարծիքին դեմ բան է ասում, ես դա չեմ ընդունում  որպես բազմակարծություն, ես դա ընդունում եմ որպես թշնամանք, և էստեղ ամեն ինչ փչանում է: Էդպես հասարակությունը դժվար վիճակների մեջ հաճախ կհայտնվի: Ես կարծում եմ, որ մեր հասարակության ծանր, դժվարին հարցերի (իսկ դրանք կան և ոչ ոք ժխտել չի կարող) մեծագույն պատճառներից մեկն է դա: Մենք իրար լսել և լսածը մտքի ջաղացով, աղորիքով անցկացնել, ապա՝ որոշել «ինչն ու ինչպեսը» չենք կարողանում: Գուցե դիմացինը իրավացի՞ է, չէ՞ »:                                                         

Երբ 1946թ. հայրենադարձների առաջին խումբը եկավ Հայաստան, նրանց մեջ,  Մանարյանից բացի, տաղանդավոր երիտասարդների մեկ այլ խումբ կար՝ ովքեր հետո հայտնի ու սիրված անուններ էին դառնալու իրենց գործով, հայրենի երկրի հանդեպ ունեցած մեծ նվիրվածությամբ. Հովհաննես Բադալյան, Զարեհ Տեր-Կարապետյան, Իշխան Ղարիբյան, Աբիգ Ավագյան և ուրիշներ: Երվանդ Մանարյանը Երևանի թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնի ուսանող դարձավ:

1952թ. նա արդեն Մոլիերի «Տարտյուֆ» կատակերգության փայլուն բեմադրիչի վկայագիր ուներ:

«Ծնողներս երկուսն էլ դերասաններ են եղել և շատ լավ գիտեին, թե դա ինչ դաժան ասպարեզ է,- պատմում է Ե. Մանարյանը,- Չէին ուզում, որ ես էլ նույն ճանապարհով գնայի: Իսկապես դաժան ասպարեզ է թատրոնը. շատ բանից ես քեզ զրկում, շատ: Էն դերասանը, ով իրեն շատ բաներից չի զրկում, նա դերասան չէ: Դա արդեն կոչվում է դերասանություն անել, իսկ սրանք շատ տարբեր բաներ են: Կան դերասաններ, ովքեր նույնիսկ տարիներով չեն խաղում, բայց դերասա՛ն են, և կան դերասանություն անողներ, ովքեր անընդհատ բեմի վրա են, բայց՝ այդպես էլ դերասան չեն դառնում: Շատ դժվար և պատասխանատու արվեստ է: Նախ՝ գիտե՞ք, ապրելը հետաքրքիր է, բայց մեկ անձնավորություն լինել և քո մեջ կրել տարբեր անձնավորություններ… էսօր թագավոր լինել, վաղը՝ ծաղրածու, շատ-շատ բարդ է: Մենք նայում ենք նրան, ծիծաղում կամ տխրում, իսկ դերասանը իրենից շատ բան է պոկում-նետում մի կողմ, որպեսզի կարողանա էն մյուսը վերցնի: Ես շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ այս ճանապարհը ցույց տվեց և երբևէ չեմ էլ կարողացել նույնիսկ մտովի պատկերացնել, թե ինչ կնշանակեր փոշմանել: Սա է տրված ինձ, բնության տվածն է ինձ հարազատ, որը ոչ մի բանի հետ ես փոխել չեմ ուզեցել: Չի կարելի դրանք փոխել, հոգի՛ս, դա է քոնը»:

Լուսանկարը՝  «Խոհարարները եկել են մրցույթի» ֆիլմից

Արվեստագետը եթե այս հարցերին չի անդրադառնում կամ չի տիրապետում, նա արվեստագետ չէ, նա պարզապես զվարճացնող է

 Իր հոդվածներից մեկում թատերագետ Վարսիկ Գրիգորյանը գրել է. «Գեղաշնորհ ու անդադրում մարդը ստեղծագործում էր, գրում պիեսներ ու սցենարներ, երևում մեծ ու փոքր էկրաններին, տիկնիկային ներկայացումներ պատրաստում: Եվ բազմաշնորհ ու հուսալի մարդուն մշակույթը տնօրինողները նետում էին այնտեղ, ուր գործը կաղում էր: Այսպես նա հայտնվեց համարյա քայքայված պետական տիկնիկային թատրոնում, որը ոչ միայն ոտքի կանգնեցրեց, հզորացրեց, այլև երկրին բերեց արտասահմանյան առաջին մրցանակները: Մարդն ուներ մեկ ուրիշ առավելություն էլ՝ վարակում և իր գործակիցն էր դարձնում մերձավորներին: Կոչումով բեմադրիչ, բայց նաև փայլուն, ինքնատիպ արտիստ է, ում ոչ մի անձնավորումը՝ լինի մեծ, թե փոքր, չի մոռացվում: Եթե միայն հիշեք նրա էկրանային դերերից մի քանիսը, պարզ կդառնա ամեն ինչ: Նույնիսկ փողոցում անծանոթներն են նրան բարևում, քանզի իր անունով նա տպովորվել է «Հարսնացուն հյուսիսից» կինոնկարից: Հապա Սարսափունի՞ն «Ընկեր Փանջունին» կինոնկարից, փոքր էկրանի մի քանի անմոռաց դերերը՝ նկարիչ Ռուժը՝ «Ծուղակ»-ից, Վիլհելմը՝ «Նավապետների շաբաթ»-ից, բանտի հսկիչը՝ Չարենցի «Նամակ ուղղիչ տնից» և այլն: Բոլորն էլ մտային ու հուզական բնութագրությամբ զուսպ, սակայն տպավորիչ ու ինքնատիպ»:

Տարիների միջով անցած փորձառությամբ, մասնագիտական հսկա պաշարով աչքի անցկացնելով ժամանակակից թատրոնն ու այս աշխարհի մարդկանց մոտեցումն իրենց գործին՝ նա ցավով է նկատում փոփոխությունները: Բայց նույնիսկ դրանց մասին խոսելիս նա նույն բարի, համբերատար, խրատող ու հավատով լեցուն մարդն է:

«Այսօր արվեստը, թատրոնը՝ մասնավորապես, դժբախտաբար զբաղված է հիմնականում միայն զվարճացնելով: Ծիծաղն ու քրքիջը չեն միայն, լաց լինելն էլ է զվարճանալու տեսակ: Կան իհարկե լուրջ ներկայացումներ, և ես անչափ ուրախանում եմ, երբ տեսնում եմ, որ դրանք երիտասարդների գործերն են: Բայց, բոլոր դեպքերում, այսօր մեր արվեստը ավելի շատ զվարճացնող է՝ ծիծաղի միջոցով, թե լացի, միևնույն է՝ ժամանցային է: Մեզ չի խոցում, ցավ չի պատճառում: Սա շատ կարևոր բան է, մեզ պետք է այն ցավ պատճառի: Մենք պիտի ընդվզենք էդ ցավի դեմ, որպեսզի իմանանք, որ նա կա: Մինչդեռ փոխարենը՝ հանգիստ ընդունում ենք, գալիս ենք տուն, մեծ մասամբ չենք հիշում, թե ինչ ենք դիտել: Որովհետև հիշարժան բան չէ: Դա ժամանց է, որի իրավունքը ամեն մարդ ունի, բայց միայն դրանով ժամանակն անցկացնել, կնշանակի՝ ինքնասպանություն գործել»:- ասում է Երվանդ Մանարյանը:

Հատված ֆիլմից

Երբ գալու լինի այն սերունդը, որը ստրուկ չի եղել

Երվանդ Մանարյանի համոզված է, որ հասարակությունը շարունակում է վստահել իր մտավորականին, նա պարզապես դադարել է վստահել որոշ մտավորականների: Ասում է, որ մտավորականի կարիքը միշտ էլ զգացվում է և մեծապես է զգացվում, հատկապես՝ ծանր ու դժվարին օրերին: Թե որքանով են մարդկանց ակնկալիքները արդարացվում, կարող է շատ հարաբերական լինել: Պատճառները տարբեր են: Շատ հաճախ մարդիկ պարզապես սխալվում են, որովհետև մտավորականի ասածը չի համընկնում իրենց սպասելիքներին: Բայց անցում է ինչ-որ ժամանակ և համոզվում ես, որ նա այնուամենայնիվ ավելի ճիշտ էր: « Պիտի ավելացնեմ և պարզապես չեմ կարող չանդրադառնալ,  որ մեր օրերում հակառակն է ավելի շատ հանդիպում՝ երբ կապը մտավորականի, արվեստագետի և հասարակության միջև այս առումով չի կայանում: Պահանջում են մտավորականից, բայց՝ չեն ստանում»:- ասում է նա:

Իսկ պատճառները խորն են, որոնք մաքրելու համար երկար տարիներ ու մեծ համբերություն է պետք: Հնի ու նորի արանքում միշտ էլ դժվար են զիջումներն արվում, բայց այս արտիստի համար լուծումը մեկն է՝ ճանապարհը վստահել նորերին: «Ես ենթադրում եմ, որ դա պատմության կողմից մեզ պարտադրվող ճակատագրի հետևանքն է: Դա գալիս է նաև սովետական կյանքի խորը հետքերից: Երբ ճշմարտությունը մեկն էր՝ վերևից ասված, և մեզ մնում էր միայն այդ ճշմարտությունը հասանելի դարձնել յուրաքանչյուրին: Ինքներս վերլուծելու, հասկանալու՝ այդ ճշմարտությունը իսկապե՞ս ճշմարիտ է, թե՞ ոչ,  և նրան հակադրվելու իրավունքը չունեինք: Մենք դաստիարակվում էինք էդպես, երեխաները, երիտասարդները, մեծերն էլ էին դա ընդունում: Եվ հիմա դրա հետքը միանգամից մաքրելը հնարավոր բան չէ: Դա աստիճանաբար պիտի կատարվի: Իսկ այդ աստիճանաբարը մեր հասարակության մեջ տեղի ունեցող տեղաշարժերն են, որոնք երբեմն կարող են մեզ նաև խորթ ու տարօրինակ թվալ: Բայց դա է հենց մաքրվելու և էն ճշմարիտը գտնելու ճանապարհը, ուրիշ ճանապարհ չկա:

Աստվածաշնչում ասվում է, որ դրա համար անհրաժեշտ է 40 տարի: Այսինքն՝ ստրկություն տեսած սերունդը պիտի վերանա, երբ գալու լինի այն սերունդը, որը ստրուկ չի եղել: Նա պիտի հասարակության տեր կանգնի և  նոր հիմքից  ամեն ինչ ստեղծի: Բայց էլ էն կեղտոտ շաղախը չի օգտագործի քարը քարի վրա դնելու և որմը կանգնեցնելու համար: Դրա համար համբերություն է պետք: Արվեստագետը եթե այս հարցերին չի անդրադառնում կամ չի տիրապետում, նա արվեստագետ չէ, նա պարզապես զվարճացնող է»:

 

Տիկնիկավարը հենց ձեռքը դրեց տիկնիկի մեջ ու բռնեց նրա թելերը, տիկնիկն արդեն կենդանի արարած է

Մանարյանի մուտքը տիկնիկային աշխարհ սկսվեց 1957թվականից: Պատմում է, որ այդ տարիներին նա Սունդուկյանի անվան թատրոնում ռեժիսորի ասիստենտ էր (Վարդան Աճեմյանի), երբ որոշվեց վերաբացել Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը: Վերջինս փակվել էր 1950թ. և արդեն յոթ տարի թատրոնի նախկին ստեղծագործական կազմը գործում էր «Հայհամերգի» կազմում: Արվեստի գլխավոր վարչությունը որոշում է թատրոնը ոտքի կանգնեցնելու պատասխանատու գործը վստահել Երվանդ Մանարյանին: 1957թ-ից նա ստանձնում է թատրոնի գլխավոր ռեժիսորի դերը: Իր մուտքը տիկնիկային աշխարհ նա գուցե պատահականություն է համարում, բայց խոստովանում է, որ տարիներ անց հասկացել է, որ դա իր ամենաճիշտ քայլն է եղել: « Էնտեղ լավ ես բացվում,- ասում է Ե. Մանարյանը,- ամեն ինչ հնարավոր է տիկնիկների լեզվով ասել, նույնիսկ այն, ինչը դժվար կամ անհնարին է թվում: Չէ՞ որ ի վերջո երեխաների հետ գործ ունես: Շատ կարևոր է, որ մեր երեխաները ինքնուրույն մտածողություն ունենան, ազդեցության ոլորտը չընկնեն: Ես ուղղակի ազդեցության մասին չեմ խոսում: Ինքնուրույն լինելը շատ բարդ բան է և պետք է փոքրուց սովորես: Երբ տիկնիկն ինչ-որ բան է ասում և հանկարծ փոքրիկ դահլիճից դու լսում ես երեխայի ընդվզող ձայնը՝ «Չէ՛, էդպես չի՛», ուրեմն արդեն նրա մեջ զարթնեց ինքնուրույն մտածողը: Ես մեծ ու կարևոր գործ արեցի, այդքանը ինձ այդ օրվա համար լրիվ բավարար է»:

1988թ. Ե. Մանարյանը հիմնադրեց «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիան: Քաղաքում տիկնիկային այլ թատրոնների կողքին «Ագուլիս»-ն իր գույնն ու տրամադրությունն ուներ: Այստեղ փոքրիկները գալիս էին ոչ միայն իրենց հեքիաթների հերոսներին տեսնելու, պարզ ու իրենց համար մատչելի պատումներ վայելելու, այլև՝ Երվանդ պապիկին հանդիպելու: Նրանք զրուցում էին, միասին խաղում տիկնիկների հետ, ներկայացման անմիջական մասնակիցը դառնում ու երբեմն՝ բեմադրության փոքրիկ փորձեր անում: Այստեղ ապրում էին նաև Ե. Մանարյանի պատրաստած տիկնիկները:

«Տիկնիկավարը հենց ձեռքը դրեց տիկնիկի մեջ ու բռնեց նրա թելերը, տիկնիկն արդեն կենդանի արարած է,- ասում է Երվանդ Մանարյանը,- թողեց թելերը՝  իր է, առարկա:  Մեծ հրաշք է, երբ երեխան խաղում կամ շփվում է տիկնիկի հետ: Նա հարցեր է առաջադրում, իբրև թե այդ հարցերը տիկնիկից է լսում և ինքն էլ սկսում է մտածելով պատասխանել իր իսկ տված հարցին: Այնպես որ՝ այն ծնողները, ովքեր իրենց երեխաներին հաճախ են տիկնիկային թատրոն տանում, նախ ազատվում են երեխաների շատ բարդ հարցերին պատասխաններ տալուց: Միաժամանակ օգնում են նրան հետագա կյանքում ինքնուրույն հաղթահարել խոչընդոտները: Տիկնիկայինում դաստիարակված երեխան փառավոր պատկերացումներ ունի: Նա հավատ ունի և գիտի, որ իր կողքին կան նաև իր նման մտածող այլ երեխաներ: Երեխաների հետ իհարկե ավելի դժվար է աշխատելը: Երբ պահի տակ ուզում ես որևէ նոր բան ավելացնել ասածիդ կամ արածիդ մեջ, դե ստեղծագործ մարդ ես, մեծերի համար հեշտ է այն ընդունելը, կամ էլ՝ սովորականի նման կանցնի-կգնա: Բայց երեխաներին տվածդ ամեն մի խոսքի և ակնարկի համար դու ասես Աստծո առաջ ես պատասխանատու: Շատ դժվար է»:

Արդեն մի քանի տարի է՝ «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիան չի գործում,  վերանորոգման խնդիրներ ուներ և այն լուծել էր խոստացել մշակույթի նախարարությունը:

 

Իսկական թատրոնի հետքերով

«Կինոն չեմ գերադասում թատրոնից,-ասում է Ե. Մանարյանը,- թատրոնն ինձ համար ավելի հետաքրքիր է: Հետո կինոյում նկարահանվելը շատ բարդ է. դու ոգևորվում ու փորձում ես պահն արդեն բռնել, անընդհատ հարամ են անում ու ասում՝ «ստո՛պ», որովհետև լույսը հարմար չի եղել, կամերան մի քիչ էսպես պիտի փոխվի և այլն: Բացի այդ՝ բոլորովին այլ բան է ստեղծագործական ընթացքը: Դու քո հոգու կարողությունները այդ պահերին այրում ես կամա՜ց-կամա՜ց: Ու արդյունքում դրանից ստեղծվում է նոր բան: Սա ուրիշ վիճակ է: Էդ ստեղծագործական պահը ապրելը շատ բարձր բան է: Այն դերասանները, ովքեր թեկուզ մեկ անգամ այդ պահն ապրել են բեմի վրա, այլևս չեն կարողանում կտրվել բեմից, նրանք դրա գերին են»:

Ե. Մանարյանը ոչ միայն սիրված ֆիլմերի տպավորիչ կերպար է ու դերասան, բազմաթիվ բեմադրությունների հեղինակ, այլև՝ սցենարիստ, թատերագիր, մանկավարժ… մամուլում բազմիցս հրապարակվել են նրա հոդվածներն ու արձակ գործերը:  Նաև նկարահանել է վավերագրական ու գեղարվեստական ֆիլմեր՝ «Հայկական մանրանկարչություն», «Կառամատույցի կրպակը», «Միքայել Նալբանդյան», «Լույս», «Դեղանյութի ծնունդը», «Նորից ամառ եկավ » և այլն։

«Մենք պետք է կարողանանք բազմակարծությունը տարբերակել շահադիտությունից:- ասում է սիրված դերասանը,- Պետք է կարողանանք դիմացինին լսել կարողանալ և ամեն դեպում մտածել նրա ասածի շուրջ, եթե անհրաժեշտ է՝   քննարկել այն: Միայն դրանից հետո, երբ այդ ասելիքի՝ բազմակարծության, թե՞ շահի համար հնչած լինելը մեզ համար հասկանալի լինի, մենք հստակ կիմանանք իրականությունն ու ավելի ճիշտ կկողմնորոշվենք: Բայց մինչ այդ՝ պետք է լսել կարողանանք: Ու դա պիտի սովորի երեխան, ով հետո պատանի է դառնալու, երիտասարդ, հետո՝ հասարակության հասուն անդամ: Այդ ամենը կարող է մեզ սովորեցնել իսկական թատրոնը, եթե այնտեղ կա իսկական ազգային դրամատուրգիա, որի պակասը մենք մեծապես զգում ենք»:

 

 

Լուսանկարները վերցված են Ե. Մանարյանի ֆեյսբուքյան էջից


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։