HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Նոր Հաճնում խմելաջրի խողովակները վթարվել են․ համայնքապետարանի և «Վեոլիա ջրի» միջև նոր դատական վեճ է հասունանում

Նոր Հաճն համայնքի խմելաջրի խողովակները վթարվել են քաղաքի տարբեր հատվածներում: Համայնքապետարանի աշխատակազմի քարուղար Արարատ Դումանյանի ասելով՝ դա տեղի է ունեցել օրեր առաջ,  Երեւանի Կորեայի ձոր կոչվող թաղամասում Երեւան մտնող «Արզնի-Երեւան թիվ 2» մայրուղային ջրատարի վթարվելու հետեւանքով: Վթարի վերացման աշխատանքներ կատարելու համար, ինչպես օգոստոսի 2-ին տեղեկացրել է «Վեոլիա ջուրը» իր facebook-ի էջում, դադարեցվել է Արաբկիր վարչական շրջանի որոշ տարածքների ջրամատակարարումը:

Աշխատակազմի քարտուղարի ասելով՝ դրա հետեւանքով Նոր Հաճն մտնող խմելու ջրի ճնշումը, մոտ 10-ն անգամ բարձրացել է, եւ քաղաքում մի քանի տեղ խմելաջրի խողովակի վթարներ են եղել։ Նոր Հաճնում նույնպես այդ օրը դադարեցվել է ջրամատակարարումը: «Հաճն Ջուր» ՀՈԱԿ-ը, որը քաղաքի խմելաջրի մատակարարն է, հաշվարկում է պատճառված վնասը:

Համայնքապետարանի հիմնադրած «Հաճն Ջուր» ՀՈԱԿ-ը մեկ տարուց ավելի է, ինչ դատական վեճի մեջ է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ: Նոր Հաճն քաղաքը խմելաջուրն ստանում է Արզականի ջրատարից, որի կառավարումը հանձնված է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին:

Կառավարությունը 2016 թ·-ին համայնքներին պարտադրեց համայնքի սեփական գույքը` օրվա կարգավորման ջրամբար, խմելու ջրի ջրատար, կոլեկտոր եւ այլնսեփականության իրավունքով, անհատույց նվիրել ջրամատակարար ընկերություններին, իսկ այդ ընկերություններում ունեցած բաժնետոմսերը՝ պետությանը: Այնուհետեւ, Կառավարությունը 2016 թ· հոկտեմբերի 27-ի արձանագրային որոշումով հանրապետության ջրամատակարար 5 ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի եւ  գույքի օգտագործման իրավունքը 15 տարով վարձակալության հանձնեց ֆրանսիական «Վեոլիա Օ Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» կոմանդիտային բաժնետիրական ընկերությանը:

Ներկայումս «Վեոլիա ջուրը» սպասարկում է Երեւան քաղաքը եւ 355 բնակավայր, եւ բացի դրանից, ընկերությունը մեծածախ ջրամատակարարման ծառայություններ է մատուցում 52 բնակավայրի: Ըստ այդմ՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն Նոր Հաճնի համայնքապետարանին եւ նրա ենթակայությամբ գործող «Հաճն Ջուր» ՀՈԱԿ-ին առաջարկել է մեծածախ ջրամատակարարման ծառայության մատուցման պայմանագիր կնքել իր հետ:

«Հաճն Ջուր» ՀՈԱԿ-ը հրաժարվել է պայմանագիր կնքելուց, պատճառաբանելով, որ առաջարկված ջրամատակարարման եւ ջրահեռացման մեծածախ սակագինը չափազանց բարձր է եւ ձեռնտու չէ ՀՈԱԿ-ին: Իրենք այդ պայմաններով չեն կարող քաղաքում ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայություն մատուցել:  

Նշենք, որ 2018 թ·-ի հունվարի 1-ից հանրապետությունում խմելու ջրի մատակարարման մեծածախ ծառայության մատուցման սակագինը սահմանվել է՝ 38·282 դրամ, իսկ ջրահեռացման մեծածախ ծառայության մատուցման սակագինը՝ 19·141 դրամ:

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն 2017 թ· փետրվարի 2-ին «Հաճն Ջուր» ՀՈԱԿ-ի եւ Նոր Հաճնի համայնքապետարանի դեմ դատական հայց է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ մեծածախ բաժանորդի համար պայմանագիր կնքելու, սահմանազատման կետում տեղադրված բաժանորդի հաշվիչով առկա ցուցմունքն ընդունելու եւ համաձայն ցուցմունքի վճարում կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին:

Դատաքննությունը դեռեւս չի ավարտվել, իսկ «Վեոլիա ջուրը» հայցադիմումը ներկայացնելու օրից Նոր Հաճնի սպառած ջրաքանակի հաշվարկ է կատարում սահմանված մեծածախ գնով, տույժերով ու տուգանքներով, որը համայնքի ղեկավար Գագիկ Մաթեւոսյանի ասելով՝ մոտեցել է 90 մլն դրամի շեմին:

Իր հերթին համայնքապետարանը դիմել է Ջրային պետական կոմիտեին, խմելաջրի համակարգը համայնքից իր հաշվեկշիռ վերցնելու գործընթաց սկսելու համար: «Ուզում ենք ողջ համակարգը հանձնել Ջրային կոմիտեին, որովհետեւ մենք հիմա անորոշ վիճակում ենք։ Տուգանքները շարունակում են կուտակվել, նրանք ամսական հաշվարկում են այնքան ջուր, որքան մտնում է այդ խողովակով։ «Հաճն Ջուր» ՀՈԱԿ-ը ոչ առեւտրային կազմակերպություն է, շահույթ չունի, հավաքագրված վճարը բավարարում է համակարգի պահպանմանն ու աշխատավարձին»,- ասում է համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արարարտ Դումանյանը։  

2017 թ.-ի հուլիսի 7-ին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն դատարանին միջնորդել է հայցագնի չափով արգելանք դնել պատասխանողի գույքի եւ դրամական միջոցների վրա` պատճառաբանելով, որ հայցի ապահովման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը: Դատարանը միջնորդությունը բավարարել է՝ հայցագնի՝ 16 մլն 122.780 դրամի չափով, արգելանք է դրել պատասխանող «Հաճն Ջուր» ՀՈԱԿ-ի գույքի եւ դրամական միջոցների վրա:

Երկու ամիս հետո «Հաճըն Ջուր» ՀՈԱԿ-ը հայցի ապահովումը մասնակի վերացնելու մասին միջնորդություն է ներկայացրել: ««Հաճըն Ջուր» ՀՈԱԿ-ի տնօրեն Կ. Ադամյանը 28.08.2017 թ. միջնորդություն է ներկայացրել դատարան, որով խնդրել է պատասխանողի դրամական միջոցների վրա դրված արգելանքը վերացնել, քանի որ կիրառված արգելանքի հետեւանքով անհնարին է դառնում «Հաճըն Ջուր» ՀՈԱԿ-ի գործունեությունը»,- ասվում է միջնորդությունը բավարարելու մասին դատարանի որոշման մեջ: Դատարանը «Հաճըն Ջուր» ՀՈԱԿ-ի դրամական միջոցների վրա դրված արգելանքը վերացրել է` պահպանելով գույքի վրա կիրառված արգելանքը: 

Դատաքննությունն ընդհատվել է, քանի որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն հայցի ապահովումը մասնակի վերացնելու մասին դատարանի որոշումը բողոքարկել է վերաքննիչ դատարան: Վերաքննիչ բողոքը վերադարձվել է՝ դատական ակտը բողոքարկման ենթակա չլինելու պատճառաբանությամբ:

Հիշեցնենք, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն հայտարարել է նաեւ խմելաջուրը 14 դրամով թանկացնելու հայտ ներկայացնելու մասին: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը «Վեոլիա ջուր» ընկերությունում ստուգումներ է իրականացնում, որից հետո թերեւս պարզ կլինի՝ «Վեոլիա ջուրը» կպնդի՞ իր հայտը եւ ինչպիսին կլինի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վերաբերմունքը սակագինը բարձրացնելու հարցին:

 

Լուսանկարները՝ Դավիթ Բանուչյանի

Մեկնաբանություններ (1)

Լուսինե
Մեկնաբանությունը...«Վեոլիա ջուր» -ի հետ ընենց խնդիրներ ունեմ արդեն յոթ ամիս, որ պատմելու բան չի․․․ որ տան ջրի խողովակների մեջ ջուր չլինի, բայց տանը դրված լինի ջրաչափ․․․ խելագարություն ա մի ուրիշ տեսակի․․․․․․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter