Կիրակի, 19 օգոստոսի

«Ընկուզենու տակ». եղեգնաձորցի 23-ամյա Լիլիթի բիզնեսի մոդելը


Լիլիթ Խալաթյանն ապրում է Եղեգնաձորում: Մանկավարժական համալսարանն ավարտելուց հետո վերադարձել է հայրենի քաղաք, հիմնել սեփական բիզնես՝ ռեստորան-հյուրատունը։

Ընտանեկան հանգստի համար նախատեսված սենյակը դարձրել  է արվեստի կենտրոն, որտեղ տեղացի արվեստագետների աշխատանքներն են ցուցադրվում։  Ցանկանում է հայկական մշակույթն ու ավանդույթների մի մասը ներկայացնել ինչպես Հայաստանի, այնպես էլ օտարերկրյա տուրիստներին։

Լիլիթը մասնակցել է գիդ-ուղեկցողների համար նախատեսված սեմինարներին, որոշակի գիտելիքներ ձեռք բերել ու նպատակն իրականացնելու համար աջակիցներ փնտրել։

Տան մուտքի դարպասների դիմաց պապու տնկած ընկուզենու մեծ ծառ է, որի ստվերում էլ հյուրանոց-ռեստորանն է։

Ցուցասրահում հնություններ են՝ լամպեր, ինքնաեռ, թախտ։ Ցուցասրահի առջեւում բացօթյա տաղավարներ են. այստեղ հյուրասիրում են  Եղեգնաձորի ավանդական խոհանոցի ուտեստները։

Ռեստորան-հյուրատունն ընտանեկան բիզնես է, յուրաքանչյուրն իր աշխատանքն ունի։ Հայրը ՝ Աբրահամ Խալաթյանը, մեղվապահ է եւ փայտագործ։  Ռեստորանի տաղավարը, սեղանները նրա ձեռքի աշխատանքներն են։ Բակում օղի է թորում։ Լիլիթը չի պատմում օղու թորման մասին, ասում է, որ ամենից լավ հայրն է ցուցադրում. «Էստեղ եկած տուրիստներին ամենից շատ օղու թորման գործընթացն է հետաքրքրում»։ Աշնանն էլ որոշել են տուրիստներին ցույց տալ, թե ինչպես է մեղրը քամվում, ինչպես է մեղրամոմից առանձնացվում։

Լիլիթը զբաղվում է ոչ միայն կազմակերպչական աշխատանքներով, այլեւ օգնում է մորը՝ տիկին Աննային, եւ միասին են պատրաստում ուտելիքներ։ Խոհանոցը հայկական է. հիմնականում Եղեգնաձորի ավանդական ուտեստներ են։

Հյուրատան ճաշացանկի յուրահատկությունները ավանդական ընտանեկան շորվան ու սոխով տոլման են. այն միայն Եղեգնաձորում է պատրաստում։

Երեք ամսվա ընթացքում հյուրատունն արդեն մոտ 500 այցելու է ունեցել։

Հյուրերը ոչ միայն ճաշակում են ուտեստներ, այլեւ հնարավորություն ունեն այն իրենց ձեռքով պատրաստել. անգամ խորոված անել, լավաշ ու գաթա թխել։

Լիլիթն ասում է՝ Եղեգնաձորը  հարմար վայր է տուրիզմի զարգացման համար, ուստի որոշել է իրենց թաղամասը տուրիստական կենտրոն դարձնել։

Լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի

 


Գլխավոր էջ

Տպել    |  In English

Մեկնաբանություններ (2)
1. Արմեն Ադամյան23:46 - 11 օգոստոսի, 2018
Լիլիթին ճանաչում եմ ծնված օրվանից,քանզի նրա ծնողները և տատի-պապիները իմ լավ ընկերներն ու բարեկամներն են ու պատահական չէ,որ Լիլիթի նմանօրինակ հաջողված ձեռնարկումը արդյունք է Եղեգնաձորյան արմատական ճանաչված,հարգված Խալաթյանների և Ավագյանների տոհմական,հյուրընկալ սովորույթների և ավանդույթների:Ուրեմն ամուր պահենք Մեր Հակական առողջ տոհմածառերն ու հորդորենք պատկան կազմակերպություններին և անհատներին զորավիգ ու նեցուկ լինել նման երիտասարդներին....Ապրես Լիլիթ ջան,Միշտ առաջ,դեպի նոր բարձունքներ....
2. Մերի02:59 - 12 օգոստոսի, 2018
Իմ սիրելի իմ լուսերես Ամեն լուսաբացդ լինի նոր մտահղացումներով լի։ Համով ջան Համբուրում եմ
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։