Շաբաթ, 18 օգոստոսի

Առաջին տեսակցությունն առանց...



Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Մի քանի օր առաջ, այսքան տարվա մեջ առաջին անգամ, երկարատև տեսակցություն ունեցա հարազատներիս հետ՝ առանց հորս ներկայության: Մայրս հորս լուսանկարներից էր բերել, ես էլ խցից իջեցրել էի ինձ մոտ եղածները:

Հարազատներս իրենց հետ բերել էին նաև Ձեր ցավակցական խոսքերն ու ազատության անկեղծ ցանկությունները: Կարդացի բոլորը, շնորհակալ եմ: Աստված թող պահպանի Ձեր ծնողներին: Ձեր բարեմաղթանքներն են նաև ուժ տալիս այս չորս պատերի մեջ պայքարելու... հիմա փորձում եմ սթափվել ու շարունակել ճանապարհս դեպի ցմահ Ազատություն:

Ի պատասխան մեր նամակ-խնդրանքի`հորս հոգեհանգստին կամ թաղմանը իմ ներկայությունը 1-2 ժամով ապահովելուն, հարազատներս Քրեակատարողական ծառայությունից ստացել են գրություն, որով պետի տեղակալը նախ ցավակցություն է հայտնել հորս մահվան կապակցությամբ, ինչի համար շատ շնորհակալ եմ, ապա հղում անելով իմ կարգավիճակով պայմանավորված կարճատև մեկնում արգելող օրենքին` մերժել է բավարարել խնդրանքը:

Տեղյակ եմ, որ այս հարցի վերաբերյալ մարդասիրական մոտեցում ցուցաբերելու, առանց խտրականության`մարդու անձնական և ընտանեկան կյանքը հարգելու  նպատակով օրենքի վերանայման համար պայքարել է նաև իրավապաշտպան Թեմիկ Խալաֆյանը, ում պատիվ եմ ունեցել հանդիպելու և զրուցելու բանտախցում: Լա՛վ է, որ վերջապես օրենսդրական փոփոխություն է նախաձեռնել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը այս հարցի վերաբերյալ: Իհարկե, Աստված չանի կարիքը լինի դրա կիրառման:

Ինչքան էլ չեմ ուզում վերհիշել մահապատժի դաժանագույն, մռայլ տարիները, սակայն երբեն չի ստացվում. հարազատներիս հետ վերհիշեցի առանց երկարատև տեսակցության տարիները՝ 1996-2005 թվականները՝ մոտ 10 տարի: Հետո հիշեցինք այն բոլոր հազվադեպ՝ տարեկան մեկանգամյա, իսկ վերջին 1 տարում՝ տարեկան 6 անգամ ունեցած հանդիպումները ընտանիքիս հետ:

Այո՛, մահապատժի տարիներին և նույնիսկ ԵԽ-ին անդամակցելուց հետո՝ մինչև 2005 թվականը, մեզ արգելված էր երկարատև տեսակցություններ ունենալը հարազատների հետ, իսկ ավելի ճիշտ`այդ մասին ընդհանրապես օրենք չկար: Տարին մեկ անգամ՝ այն էլ դատախազի հատուկ թույլատվությամբ կարճատև`մոտ 40 րոպեանոց հանդիպում էր տեղի ունենում`տարածության վրա`երկշերտ, կեղտոտ ապակիների հետևից՝ հեռախոսի միջոցով, որոնցով հաճախ ձայն էլ չէր լսվում: Այս ամենի հետ մեկտեղ, թե՛ դատապարտյալի կողքին, թե՛ դիմացը`հարազատների մոտ,  15-20 բանտի աշխատակից էր կանգնում:

Փորձում էի ուղեղս անջատել բանտից ու բանտապահներից ու հոգուս մեջ պահել ընտանիքիս անդամների դեմքերը, ձայները, շարժումները, որովհետև հետո մեկ տարի պետք է ապրեի դրանով. ո՛չ հեռախոսակապ կար, ո՛չ նամակագրություն:

Հիշում եմ՝ այդ տարիներին խցակիցներիցս մեկի մոտից հայտնաբերեցին ընտանիքի նկարներից, պատռեցին`ասելով՝ արգելված է: Այն, ինչ հետո եղավ, սարսափելի էր. հաշված ամիսների ընթացքում նրա հոգեկան, ապա և ֆիզիկական առողջական վիճակը վատացավ՝ գումարած սովը, ծեծը… նա մահացավ:

2005 թվականին վերջապես «Նուբարաշեն» բանտում բացվեց երկարատև տեսակցության 2 սենյակ և ցմահներին նոր քրեակատարողական օրենսգրքով թույլատրվեց տարեկան նվազագույնը մեկ երկարատև տեսակցություն մերձավոր ազգականների հետ: Չնայած օրենքում գրած էր` առնվազն բառը, բայց բանտի պետերը, բացառությամբ Արամ Սարգսյանի, դա դարձրել էին կանոն: Եվ այդպես, թեև տարին այդ մեկ անգամ էր 3 օրով երկարատև հանդիպումը, ընտանիքիս հետ անցկացրած օրերը, թեկուզ բանտի ներսում, իմ երջանիկ օրերն էին: Փոքր, ճաղապատ պատուհանից ներս էին մտնում արևի ճառագայթները, և հայրս միշտ այդ պահերին ասում էր`արի արևի տակ կանգնի: Բոլորս միասին սեղան էինք նստում, հյութով լի բաժակներ բարձրացունում (ալկոհոլ այստեղ չի կարելի անգամ տեսակցության ժամանակ) ու ամենակարևոր կենացն ասում:

Երբ բանտում գտնվելուս 20 տարին լրացավ, այստեղի աշխատակիցները պնդում էին, որ, իբր, փախուստների պատճառով իմ տեսակցությունների սահմանափակումը չի կարող հանվել և ես չեմ կարող արդեն տարեկան ոչ թե 1, այլ 6 անգամ երկարատև հանդիպումներ ունենալ հարազատներիս հետ: Նրանք պատճառաբանում էին, թե ազատազրկման հաշվարկը ոչ թե 1996թ.-ից, այլ երկրորդ փախուստից`2009թ.-ից են սկսել: Ստիպված եղա դիմել դատարան, որ քրեակատարողական համակարգին դատարանը պարտավորեցնի հանել իմ տեսակցությունների անօրեն սահմանափակումը: Այս մասին ես ժամանակին գրել եմ իմ հոդված-նամակներում. դատարանն ամբողջությամբ բավարարեց իմ դիմումը`պարզաբանեց, որ ցմահ ազատազրկման հաշվարկի սկիզբ չի կարող փոխվել, այն հաշվվում է`1996թ. հուլիսի 13-ից և ես որոշումը կայացնելու ժամանակ փաստացի կրել եմ իմ 20 տարի պատիժը և պարտավորեցրեց «Նուբարաշեն» ՔԿՀ վարչակազմին վերացնել իմ տեսակցությունների սահմանափակումը: Այս որոշումը կայացնող դատավորը Մարդ-դատավորն էր, ով իմ ճակատագրում եղավ առաջին դատավորը, որ օրենքին համապատասախան արդար որոշում կայացրեց: Վերաքննիչում էլ դատախազի բողոքը մերժվեց: Հայրս՝ մորս ուղեկցությամբ, եկել էր վերաքննիչի նիստին: Ուրախացել էր, որ արդեն տարեկան 6 անգամ պիտի տեսնեինք իրար: Տեսակցություններից առաջ հուզվում էր, հաշվում օրերը: Անցած տարվա հոկտեմբերից արդեն ամեն ամիս անարգել տեսակցություններ եմ ունենում ընտանիքիս հետ, նաև ընկերներիս, որոնք կարող են ամեն ամիս կարճատև տեսակցել ինձ:

Ազատազրկման վայրում գտնվող մարդկանց կապը ընտանիքի հետ անհրաժեշտ է ոչ միայն նրա և նրա ընտանիքի անդամների համար, այլ նաև հասարակության, ուր դատապարտված քաղաքացին ի վերջո վերադառնում է և նորից դառնում հասարակության լիարժեք անդամ: Ազատազրկման տարիներին հասարակության հետ կապող միակ օղակը ընտանիքն է, որը նույնպես ազատազրկված է լինում, կրում բազմաթիվ զրկանքներ: Այս տարի դեռ պատժի 20 տարին չհատած ցմահ ազատազրկվածների երկարատև տեսակցությունը տարեկան 1 անգամից դարձավ 2 անգամ: Դա էլ, բնական է, բավարար չէ, բայց էլի դրական քայլ է:  

 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Լեյլի22:31 - 12 օգոստոսի, 2018
Մհեր ջան ես հարազատ ծնողի ,քրոոջ ամենամոտ հարազատի նման սպասում եմ քեզ ամեն ինչ կարդում բոլոր հարազատ բարեկամներիս մոտ խոսում եմ քեզանից: 84 տարեկան քույրիկ ունեմ միշտ հարցնում է Մհերից ինչ կա տա աստված չմահանամ մինչև Մհերը դուրս գա: ես միշտ ասում եմ հաստատ տեսնելու էս երեխայի նման ուրախանում ու սպասում ենք քեզ:հաստատ տեսնելու ակնկալիքով աստված քեզ պահապան:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ