Շաբաթ, 18 օգոստոսի

Փոփոխվելու է սննդամթերքում հակաբիոտիկների թույլատրելի քանակը



Օգոստոսի 14-ից ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ 2018թ փետրվարի 13-ի N28 որոշումը, ըստ որի՝ սահմանվում է անասնաբուժության մեջ օգտագործվող դեղամիջոցների ցանկը, որոնց մնացորդային քանակը թույլատրելի կլինի կենդանական ծագման չվերամշակված սննդատեսակների մեջ։ Այս մասին նշված է ԵՏՀ պաշտոնական կայքում։

Նշված նորմերն ընդունելը, ըստ հանձնաժողովի,  ընդամենը միջանկյալ փուլ է կենդանական ծագման մթերքում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդների նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար։

ԵՏՀ-ն այս որոշումը մշակել է՝ իբրև գործող՝ ՄՄ ՏԿ 021/2011 («Սննդային արտադրանքի անվտանգության մասին») տեխնիկական կանոնակարգի 13-րդ հոդվածի 3-րդ կետի հավելում։

Համաձայն դրա՝  կենդանական ծագում ունեցող, չվերամշակված պարենային հումքից սննդամթերք կարելի էր պատրաստել միայն այն դեպքում, երբ կենդանիների օրգանիզմից ամբողջությամբ դուրս կգային անասնաբուժության մեջ օգտագործվող դեղամիջոցների մնացորդները, այդ թվում՝ հակաբիոտիկները։

Նախկին նորմը կենդանական ծագում ունեցող մթերքներում դեղամիջոցների մնացորդային քանակը գրեթե զրոյական էր սահմանում։ Սա, ըստ ԵՏՀ-ի, հակասում է միջազգային փորձին և նոր որոշմամբ՝ կկարգավորվեն նաև ԵԱՏՄ կանոնակարգերի և միջազգային ստանդարտների միջև եղած անհամապատասխանությունները։

Նոր որոշումը չի պարտավորեցնում արտադրական վերահսկղություն իրականացնել անասնաբուժության մեջ օգտագործվող բոլոր դեղամիջոցների նկատմամբ։ Սակայն արտադրողները պետք է կատարեն ռիսկերի գնահատում և դրա հիման վրա  իրականացնեն լաբորատոր փորձաքննություններ։

Օրինակ, կենդանական ծագման հումք գնելու ժամանակ, եթե արտադրողը մատակակարից տեղեկացել է, ասենք, վերջինս հակաբիոտիկներ է օգտագործել, ապա պետք է փորձաքննություն իրականանցի՝ պարզելու դրանց առկայությունը հումքում։

Նոր որոշումը արտադրողներին իրավունք է տալիս օգտագործել փորձաքննության ցանկացած մեթոդ, սակայն նշվում է, որ թույլատրվելու է կիրառել միայն նորմատիվ փաստաթղթերով սահմանված փորձաքննության մեթոդների ցանկը։

Օգոստոսի 14-ից ԵԱՏՄ երկրների պատասխանատու վերահսկող կառույցները (Հայաստանում՝ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, հեղ․) չվերամշակված հումքի նկատմամբ կանխարգելիչ միջոցառումներ կարող են իրականացնել միայն այն դեպքում, եթե հայտնաբերվել է թույլատրելի նորման գերազանցող հակաբիտոիկների մնացորդային քանակ։

Նշված հարցերի կարգավորման համար ԵՏՀ-ն ստեղծել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են ԵԱՏՄ երկրների վերահսկող կառույցների անասնաբուժական ոլորտի փորձագետները։

Հանձնաժողովը մոտ ժամանակներս մշակելու է հակաբիոտիկների թույլատրելի քանակի նորման ոչ միայն հումքում, այլև արդեն՝ կենդանական ծագման վերամշակված սննդատեսակում։


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ