HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախկին զինվորն արդարացվել է. պետությունից 142.000 եվրո փոխհատուցում է պահանջում

Քաջարանի բնակիչ, նախկին զինծառայող Ջորջ Թոսունյանը թեև արդարացվել է 4 տարի առաջ, իսկ 2 տարի առաջ արդարացումն օրինական ուժ է ստացել, այդուհանդերձ արդեն 2 տարի պայքարում է բարոյական վնասի փոխհատուցում ստանալու համար: «Ձերբակալելիս արագ են գործում, իսկ փոխհատուցման հարցում դանդաղ քննում»,-տարակուսում է Ջորջ Թոսունյանը:

Պետությունից Ջորջ Թոսունյանը պահանջում է 142.000 եվրոյին համարժեք դրամ: Նշենք, որ ՄԻ Եվրոպական դատարանը Հայաստանի դեմ մի շարք գործերով մեկ օրվա դիմաց անգամ 350 եվրոյին համարժեք դրամի փոխհատուցելիք գումար է սահմանել:

Զինծառայողը ձերբակալվել է 2013 թ-ի հունվարի 18-ին, երկու օր անց նրան խուլիգանության մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 13 ամիս անց փոխվել է խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին: Իսկ 2014-ի դեկտեմբերի 22-ին 21-ամյա Ջորջն արդարացվել է. դատախազը հրաժարվել է մեղադրանքից: 2016-ին արդարացման դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Նրա ներկայացուցիչ, փաստապան Տիգրան Հայրապետյանը նշում է, որ արդարացման դատավճիռն ինքնին հաստատում է, որ Սյունիքի մարզի դատարանը խախտել է Ջորջ Թոսունյանի սահմանադրական ու կոնվենցիոն իրավունքները, մասնավորապես՝ ազատության անձեռնմխելիության իրավունքը: Իսկ Քաղաքացիական օրենսգրքի 1087.2 հոդվածի 1-ին մասով մարդու հիմնարար իրավունքների խախտման հետևանքով պատճառված վնասը ենթակա է հատուցման պետական բյուջեի հաշվին:

Նախ Ջորջը նշեց, որ կալանավորված լինելով՝ նա գտնվել է փակ խցում, որը նախատեսված է եղել 10 անձի համար, բայց այնտեղ եղել է մինչև 15 կալանավոր, ստիպված հերթափոխով են քնել: Լինելով չծխող՝ ստիպված է եղել 13 ամիս շնչել ծխախոտի ծխով լցված օդ: Սենյակում, որպես կանոն, միշտ եղել է 1 մետրի հասնող ծխի շերտ: Այդքան ժամանակ նրա հետ քննչական գործողություններ մի քանի անգամ են կատարվել:  Զինծառայող է եղել, նրան կալանավորել են, երբ արդեն ծառայելիս է եղել 20 ամիս, այսինքն՝ 4 ամիսից տուն պետք է վերադառնար: Այս ամենը փաստաբան Տիգրան Հայրապետյանը զետեղել է հայցադիմումի մեջ՝ որպես հոգեկան տառապանք առաջացնող պատճառներ, որոնք անհրաժեշտ պայմաններից են բարոյական վնասի փոխհատուցման համար:

Այս հարցով պատասխանողները Արդարատատության ու Ֆինանսների նախարարություններն են: Ըստ պետության ներկայացուցիչների դիրքորոշման, նախ փոխհատուցման պահանջվող գումարը շատ մեծ է, բացի այդ, ըստ նրանց, քանի որ կալանավորման որոշումները չեն վերացվել, օրինական ուժ են ստացել, ապա բարոյական վնասի փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող: Այլ կերպ ասած, ըստ պետական մարմինների, կալանավորման որոշումները եղել են օրինական, դրանք բողոքարկվել են մինչև վճռաբեկ դատարան, ուստի, ըստ արդարադատության նախարարության, բարոյական վնասի փոխհատուցում չի կարող ստանալ Ջորջ Թոսունյանը: «Սակայն այն, որ անձը անօրինական է կալանավորվել, վկայում է հենց արդարացման դատավճիռը»,-արձագանքում է Ջորջ Թոսունյանի ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանը:

Այս քրեական գործի մասին մանրամասն՝ այստեղ

Լուսանկարում փաստաբան Տիգրան Հայրապետյանն է

 

Մեկնաբանություններ (1)

Արամ
Համաձայն ՄԻԵԴ-ի նախադեպային նշանականության Ռինգվոլդն ըննդեմ Նորվեգիայի գործով 11.02.2003թ. վճիռի ` Այնպես որ պատասխանողի ինչպես միշտ անհիմն պատճառաբանությունները տեղին չեն և վնասի հատուցման գործով քրեական գործով արդյունքը նշանակություն չունի... գուցե պատասխանողը մի քիչ ավելի ուսումնասիրի մեր կողմից վավերացրած կոնվենցիան, եթե իհարկե ի վիճակի է, և տրամադրի պատճառված վնասը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter