HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրիկ Խաչատրյանը Ոսկեձորի հանքը շահագործելու իրավունք է ստացել 29 տարով

Նախորդ ամիս էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կայքում հրապարակվել են նախարարության եւ հանքարդյունաբերող ընկերությունների միջեւ կնքված պայմանագրերը: Այդ ընկերություններից մեկն էլ Սյունիքի նախկին (2004-2013 եւ 2014-2016 թթ.) մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պատկանող «Գեղի Գօլդ» ՍՊԸ-ն է:

Ինչպես սկսվեց ամեն ինչ

Դեռեւս 2008 թ. Կապանի տարածաշրջանի Նոր Աստղաբերդ համայնքի (Նոր Աստղաբերդն այսօր խոշորացված Քաջարան համայնքի մաս է կազմում) վարչական տարածքում երկրաբանական ուսումնասիրությունների արտոնագիր էր ստացել «ԲԱՄՕ Մետալ» ՍՊԸ-ն: Հետախուզությունը նախատեսված էր իրականացնել 4 տարում: Այս համայնքում (ավելի կոնկրետ՝ Աջաբաջ բնակավայրում) են գտնվում Կապանի խմելու ջրի ակունքները: Այդ ժամանակ կապանցիները սկսեցին դժգոհել խմելու ջրի որակից, ասում էին, որ ծորակից երբեմն հոսում էր ժանգագույն ջուր:

Տեղի հասարակական կազմակերպությունները 2012 թ. օգոստոսի 1-ին բաց նամակով դիմեցին ՀՀ նախագահին՝ խնդրելով կասեցնել «ԲԱՄՕ Մետալի» արտոնագիրը: Նույն ընթացքում ընկերության գործունեության մասին իր բացասական վերաբերմունքն էր հայտնում նաեւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ հավաստիացնելով, որ ջրի խնդիրն իր հսկողության տակ է: Նա հայտարարություններ էր անում, ջրի աղտոտվածության դեմ պայքարողների շարքում էր, նույնիսկ մամուլում ասել էր, որ Կապանի ջուրն աղտոտվել է ոչ թե հեղեղումների, այլ «ԲԱՄՕ Մետալի» գործունեության հետեւանքով:

Սակայն մարզպետի՝ մաքուր ջրի համար մղած «պայքարը» երկար չտեւեց: «ԲԱՄՕ Մետալի» արտոնագիրն ավարտվեց 2012 թ. հոկտեմբերի 5-ին: Նույն թվականի դեկտեմբերի 17-ին Սուրիկ Խաչատրյանն Արարատ Վեզիրյանից գնեց «Գեղի Գօլդ» ՍՊԸ-ի բաժնետոմսերի 51 տոկոսը, իսկ 49 տոկոս բաժնեմասն անցավ նրա աներորդուն՝ Վարդան Բարսեղյանին: Ներկայում ՍՊԸ-ի 100 տոկոսի սեփականատերն ու գլխավոր տնօրենը Ս. Խաչատրյանն է: 

Եվ ի՞նչ արեց մարզպետը. ինքը սկսեց ոսկի որոնել այնտեղ, որտեղ աշխատում էր «ԲԱՄՕ Մետալը»: Ընդհանրապես, դատելով ոլորտում Սուրիկ Խաչատրյանի ակտիվությունից, կարելի է ասել, որ հանքարդյունաբերությունը նրա տարերքն է:   

Պաշարները

2013-ից «Գեղի Գօլդը» հետախուզական աշխատանքներ էր կատարում Ոսկեձորի ոսկի-բազմամետաղային հանքավայրում, եւ ահա 2016-ի հուլիսի 22-ին նախարար Լեւոն Յոլյանն ու ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Բակունցը ստորագրել են ընդերքօգտագործման պայմանագիր օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով:

Հանքավայրի շահագործման իրավունքը տրվել է 29 տարով: Պայմանագրի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այն շահագործվելու է բաց եղանակով:

Ամբողջ ժամկետի համար ընկերության տիրապետմանն ու օգտագործմանն է հանձնվել 23,3 մլն տոննա հանքաքար, որից 15,7 մլն-ը՝ հանքավայրի առաջին գոտում, իսկ 7,6 մլն-ը՝ երկրորդում:

Ահա, թե որքան են Ոսկեձորի հանքավայրի պաշարները:


Infogram

Ներդրումներ եւ պետական վճարներ

Պայմանագրի հավելվածով սահմանված են, թե ինչ ծավալի ներդրումներ է անելու «Գեղի Գօլդը»: Այսպես՝ 2,5 տարի պահանջվելու է ավտոճանապարհի անցման համար, որի վրա ծախսվելու է 292 մլն դրամ, մակաբացման ապարների հեռացումը տեւելու է 1,5 տարի եւ պահանջելու 2,1 մլրդ դրամի ներդրում, գործառնական ծախսերը գնահատվել են 3 մլն դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 12,8 մլրդ դրամ:

Ընկերությունը պետբյուջե է վճարելու պարտադիր վճարներ (բնապահպանական, բնօգտագործման վճար), պետական տուրք, ընդերքօգտագործման դիմաց բնության եւ շրջակա միջավայրի դրամագլխի վճարներ, արդյունահանված տարածքի, արտադրական լցակույտերի տեղադիրքի եւ դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության եւ առողջության ապահովման նպատալկով մշտադիտարկումների վճար:  

Սոցիալական պարտավորություններ

Ըստ պայմանագրի՝ «Գեղի Գօլդը» պարտավորվել է ներդրումներ կատարել ազդակիր համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում: Ահա, թե ինչպիսի գումարներ են սահմանվել.

-մասնակցություն համայնքի զարգացման սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերին՝ տարեկան 300.000 դրամ
-նպաստի տրամադրում սոցիալապես անապահով ընտանիքներին ըստ համայնքի հայտի՝ տարեկան 200.000 դրամ
-դպրոցի համար անհրաժեշտ գրենական պիտույքների տրամադրում՝ տարեկան 150.000 դրամ
-մասնակցություն համայնքային նշանակության ճանապարհների վերանորոգման աշխատանքներին՝ ըստ անհրաժեշտության տրամադրելու է տեխնիկա

Բացի այս ամենից՝ հանքի փակումից հետո «Գեղի Գօլդը» պետք է իրականացնի միջոցառումներ, որոնք ուղղված են լինելու աշխատուժի եւ հանքի անմիջական ազդեցության գոտում գտնվող համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի մեղմացմանը: Դրանց շարքում նախատեսված են վերաորակավորման դասընթացներ, այլ մասնագիտությունների ուսուցման կազմակերպում, փոքր եւ միջին բիզնեսի կազմակերպման աջակցություն եւ այլն: Սահմանվել է, որ միջոցառումների չկատարումը համարվելու է պայմանագրային պարտավորությունների խախտում, եւ ընկերության հանդեպ կիրառվելու են օրենսդրության սահմանված պատասխանատվության միջոցներ:

Հանքի շահագործումը սպառնում է կապանցիներին

Անկախ սոցիալական պարտավորությունների ծավալից՝ Ոսկեձորի հանքավայրի շահագործումն աղետալի հետեւանքներ կարող է ունենալ Կապանի տարածաշրջանի բնակչության համար: Քաղաքի խմելու ջրի ավազանը (լուսանկարում) գտնվում է Աջաբաջ բնակավայրում՝ Գեղի գետի վրա:

Հանքավայրը գտնվում է Գեղիի ավազանում՝ ավելի բարձր նիշում, այսինքն՝ գետի եւ Կապանի խմելաջրի աղտոտման վտանգը չափազանց մեծ է: Այս փաստը հուզում է կապանցիներին եւ բնապահպաններին: 2016-ի հունիսին՝ նախքան ընդերքօգտագործման պայմանագրի կնքումը, Կապանի 4 ՀԿ-ներ դիմել էին նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով միջնորդել դադարեցնելու «Գեղի Գօլդի» աշխատանքները: «Աշխատանքները կատարվում են Կապան մատակարարվող խմելու ջրի ակունքներից բարձր հատվածքներում, որը բնապահպանական եւ հանրության առողջության հետ կապված անվերահսկելի ռիսկեր է պարունակում»,- նշված էր նախագահին ուղղված նամակում: Նամակի հրապարակումից շաբաթներ անց «Գեղի Գօլդը» հանքի շահագործման իրավունք ստացավ:

Հիշեցնենք, որ նախորդ ամիս բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը «Հետքի» հրապարակումների հիման վրա վարչական վարույթ է հարուցել Սուրիկ Խաչատրյանի ընկերության հանդեպ: Տեսչական մարմնի Սյունիքի ստորաբաժանման պետ Լեւոն Պետրոսյանը մեզ փոխանցել է, որ առայժմ չեն ամփոփել արդյունքները:

Մեկնաբանություններ (2)

mahmouzian
this crook is a first class criminal goris and the state payed for it. living in berzor I only hear is crime his son crimes and people around him crimes .he should be prosecuted for hit not let go peacefully .take from him what he took from the people a pure bastard
GB
It is high time for this corrupt oligarch to resign and go like Serjic peacefully!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter