HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Ընձի սպառնացել են, օր եթե շարունակեմ բողոքել, մեծ տղուս կսպանեն»

Պայմանավորված ժամին պայմանավորված տեղում եմ: Գոհարը հայտնվում է՝ խորը շնչելով, հավանաբար արագ է քայլել ինձ շատ չսպասեցնելու համար: Գնում ենք Գոհարի տուն, ավելի ճիշտ՝ «դոմիկ», որտեղ վարձով է բնակվում:

Առաջինը լռությունը խախտում է ուղեկիցս. «Ընձի սպառնացել են, օր եթե շարունակեմ բողոքել, մեծ տղուս կսպանեն: Բայց ես ինչ էնեմ, օր չբողոքեմ: Երկու էրեխուս ստրուկի տեղ կաշխատցնեն ընդեղ»,-Գոհարի աչքերը լցվում են արտասուքով, ձայնը սկսում է դողալ, չգիտեմ՝ հուզմունքից, թե ցրտից: Գոհարն առանց վերարակու է, միայն մի բլուզով, իսկ տունը, պարզվում է, բավական հեռու է:

Մինչեւ տեղ հասնելը ուղեկիցս սկսում է կցկտուր բաներ պատմել, մի քանի անգամ հիշատակելով Արագած անունը: Վերջինս սպառնում է Գոհարի զավակներին ուղարկել Արմենի մոտ:

«Իսկ ով է այդ Արմենն ու ինչու է Արագածն ուզում հենց իր մոտ ուղարկել տղաներիդ»,-հարցնում եմ վշտահար կնոջը:
«Արմենը քրոջս մարդն էր: Արագածն էլ մեզի խոպան կանչած մարդն է: Արմենին իրանք ծեծելով սպանեցին, գուզեն ըսեն, օր տղեքիս էլ կսպանեն, եթե լուռ չմնամ»,-պարզաբանում է Գոհարը:

5 երեխա ունի 43-ամյա Գոհար Խաչատրյանը: Աղջկան արդեն ամուսնացրել է, երկու անչափահաս տղաները Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների գիշերային խնամքի ու պաշտպանության հաստատությունում են, իսկ Միսակն ու Սամվելը, Գոհարի պնդմամբ, պատանդ են Լիպովցիում (Липовцы) 25 տարի գործունեություն ծավալող ծնունդով էջմիածնեցի Արագած Հարությունյանի մոտ:

Վարձակալած տնակում Գոհարը մենակ է ապրում: Ամուսինը՝ Զիլֆիմյան Արտաշեսը Ռուսասատանում է, սակայն նրա մասին կինը գերադասում է չխոսել՝ սահմանափակվելով «էղած-չեղած մե հաշիվ է» արտահայտությամբ:
Մեծ տղան՝ Միսակը, չորս տարի առաջ մեկնել է Չիտա՝ քեռու մոտ արտագնա աշխատանքի: Մոտ մեկ տարի անց Գոհարի եղբայրը քրոջ որդուն տարել է Լիպովցի եւ տեղավորել աշխատանքի Արագած Հարությունյանի մոտ:

Սկզբնական շրջանում կարծես թե դժգոհություններ չեն հնչել: Գործատուն նորմալ վճարել է: Միսակը շինարարական աշխատանքներ է կատարել, այլ կերպ ասած՝ բանվորություն: 2010թ.-ի աշնանը, Գոհարի պատմելով, իրեն զանգահարել է անձամբ Արագածն ու առաջարկել գտնել հացթուխների՝ իր գործարանում աշխատելու համար:

Գոհարն ասել է, որ կգա, կբերի իր հետ նաեւ քրոջ ամուսնուն, ով լավաշ թխող է, ինքը խմորը կբացի, մեկն էլ կլինի, որ հացը հանի:

«Ըսավ ամեն ինչ լավ կեղնի, ես ձեզի 3 սենյականոց եմ առել, գրանցումը կապահովեմ, ելեք արեք,-պատմում է Գոհարը,-հետո անցավ մեկ ամիս, զանգեցինք, թե մարդիկ համաձայն են գալ, դու գումարն ըսա: Արագածը խոստացավ լավաշ թխողին ամիսը 30 հազար ռուբլի, գունդ բացողին 25 հազար, հաց հանողին 15 հազար ռուբլի: Ըսի՝ Արագած ջան ես, փեսես, երեխես գուկանք: Բայց սաղ վեշ-մեշը ծախել եմ, էդ հույսով գուկամ, օր դու մեզի տուն ես առել: Ըսավ՝ պրոբլեմ չունիք, արեք: Էն ժամանակ Սամվելիկս 15 տարեկան էր, օր հետս տարա; Ըսինք՝ էրթանք աշխատինք, գանք գոնե տուն առնինք: Ես դաժե 10 տարեկան երեխիս եմ հանել մանկատնից, տարել հետս՝ մտածելով, որ ընդեղ դասի կերթա, բայց չգնաց»:

Խումբը մեկնել է 2010թ.-ի նոյեմբերի 16-ին: 2011թ,-ի օգոստոսի 13-ին Գոհարը փոքր տղայի հետ վերադարձել է՝ Լիպովցիում թողնելով Միսակին ու Սամվելին:

«Ընչի ետ եկանք, որովհետեւ Արագածը մեզի խաբեց: Ոչ մի տուն, ոչ մի գրանցում, ոչ մի դպրոցի հարց երեխիս համար չլուծեց: Աշխատցրավ, խոստացած փողը չտվավ: Առաջի 3 ամիսը կոպեկի երես չենք տեսել: Վերջը ես եմ գնացել Արագածին ըսել, թե մեզի հաշվարկ էրա, դեմը ազիզ օր է, մեզի փող տուր էրթանք բազար: Ըսավ՝ ինչ հաշվարկ էնեմ, բանմ էլ դուք եք ընձի պարտք մնացել: Ըսավ՝ 5000 հազար դու բդի ստանայիր, 5000 Սամվելիկը, 10 հազար ռուբլի էլ Միսակը: Ես հանել եմ ձեր ուտելու ու տան վարձը, բանմ էլ դուք եք ընձի պարտք մնացել: 15 հազար ռուբլի էլ փեսինս էր, օր ծեծին՝ մեռավ: Ես կռվա հետը, ըսի՝ ըբը ինչի մեզի հասցրիր ըստեղ, մենք էլ մեր ունեցած-չունեցածը ծախինք եկանք: Մեզի «Դաշիրակ» կկերցնես, էդ «Դաշիրակը» ես Հայաստան չէի կրնա ուտեի՞: «Դաշիրակ», «Դաշիրակ», ես իմ հայաստանս կուտեի էդ «Դաշիրակը»»:

Գոհարը պատմում է, որ աշխատել են առանց հանգստյան օրերի՝ առավոտից իրիկուն: Իրենց թխած հացի պահանջարկը մեծ է եղել: Իրենք աշխատել են լավաշի ցեխում, սակայն գործել է նաեւ «սոմին» հացի արտադրամաս: Որպես ապացույց Գոհարը ցույց է տալիս այնտեղից Հայաստան բերած պիտակը, որի վրա երեւում է հետեւյալ մակնշումը.

«Приморский край Октябрьский р-он, п. Липовцы, ул.Угольная 34
Липовецкий хлебозавод
Хлеб ржано-пшеничный
Дата 09.07.2011»:

Գոհարի ներկայացմամբ, Լիպովցիում Արագածը բավականին մեծ կարողության տեր է համարվում: Ունի ռեստորան, սրճարաններ, հացի փռեր, բեռնափոխադրումներ իրականացնող «ֆուռեր» եւ այլն: 51-ամյա գործարարն ամուսնացած է, ունի 3 զավակ: Ընտանեկան բիզնեսում թեւ ու թիկունք են 2 տղաները: Հացը թխվել է թե սեփական օբյեկտներում սպառման, թե վաճառքի համար:

Գոհարն ասում է, որ իրենք հացի գործարանի տարածքից դուրս գալու իրավունք չեն ունեցել, թեպետ անձնագրերն իրենց մոտ է եղել:

«Համ էլ կվախենայինք,-ասում է Գոհարը,-գրանցում չունեինք, եթե բռնեին «դեպորտ» կենեին Հայաստան, էդ էլ մեզի ձեռ չէր տա, կմտածեինք, օր գնացել ենք գոնե կոպեկմ երկուս աշխատինք, օր դարդակ հետ չգանք: Բայց հետո տեսաք, օր չէ~, էս մարդը հեչ միտք չունի իրա խոստումերը կատարելու: 10 ամիս աշխատանք, 10 ամիսն էլ Արագածը հաշվեց, ըսավ՝ ընձի պարտք եք: Սկզբից պատճառ կբռներ, թե տոմսի փողը հլը չեք փակվել, հետո էլ, թե ձեր կերածի ու տան վարձի համար փողը հետ կպահեմ»:

Գոհարը հիմա էլ հաշվում-հաշվում չի կարողանում հասկանալ, թե ինչպես եղավ, որ 10 ամսում իրենք այդպես էլ չկարողացան Երեւան-Վլադիվոստոկ ինքնաթիռի տոմսի արժեքը՝ 36 հազար ռուբլին իրենց աշխատանքով հատուցել Արագածին:

«Օր իրա խոստացած գումարը տար, մենք համ էդ պարտքը կփակեինք, համ էլ ետ գալու մասին չէինք մտածե: Օգոստոս ամսին մէ կերպմ 7 հազար ռուբլով պոեզի տոմս եմ առել, վերցրել եմ Հովիկիս, ետ եմ եկել Հայաստան: Մոսկվա պոեզից հենց իջանք միգրացիոն ծառայությունից բռնեցին: Անկոպեկ, սոված-ծարավ հասել եմ տեղ: 7 օր ճամփա եմ եկել: Էն երկու տղիս չկրցա բերեի, Արագածը չթողեց, թե իրանք բդի մնան աշխատին, օր պարտքը փակեն: Բայց ես գիտեմ, օր իրանց պահել է ստրուկի տեղ կաշխատցնե: Ես ինչ եկել եմ ուշքս ու միտքս Միսակս ու Սամվելիկս են: Ես չիդեմ ուր դիմեմ, օր իրանց բերել տամ Հայաստան: Ընձի խաբար-խաբարի հետեւից կենեն երեխեքս, թե մա ջան, մե բանմ էրեք Հայաստանից, թող միլիցեքը գան մեզի բռնեն, «դեպորտ» էնեն, մենակ թե դուրս գանք ըստեղից»:

Միսակը Սամվելը

Սակայն Գոհարը մտավախություն ունի, որ Արագածը անպատիժ կմնա, քանի որ «ախպերական» կապերի մեջ է տեղի ոստիկանության հետ: Հարցնում եմ, թե ինչու է այդպես համոզված Հարությունյան ընտանիքի անպատժելիության մեջ:

«Որովհետեւ Արմենին ծեծին, մեռավ, գործը ջրին գնաց, հեչ մարդ էլ չնստավ,-պատասխանում է Գոհարը,- Արագածը Արմենի դիակը, մեկ էլ 3000 դոլար հետը դրեց, ղրկեց քրոջ գյուղն, օր թաղեն, մեզի էլ դարձավ ըսավ ուրդեղ գուզեք բողոքեք, մեկ է ես չոր դուրս գուկամ: Արմենի քուրն էլ մե օրմ ընձի բազարը տեսավ, քաշեց սաղի մոտը ծեծեց, կգոռար, թե դու պատճառ եղար, օր ախպերս հասավ էդ չոլերը, զարգին սպանին: Բայց ես ինչ մեղավոր էի: Ես իրան ըսել էի, բայց Արագածի հետ Արմենն անձամբ էր պայմանավորվել: Հմի ընձի կվախեցնեն Արագածն ու իրա տղեքը, թե լեզուդ լուռ էրա, թե չէ տղեքիդ գլուխն էլ կուտենք»:

Ի դեպ, այդ ժամանակահատվածում Արագածի հրավերով Գյումրիից եւս չորս հոգի մեկնել է Լիպովցի՝ աշխատելու եւ արժանացել նույն ճակատագրին:

Հ.Գ. ՀՀ գլխավոր դատախազությանը՝ այս հոդվածը հաղորդագրություն է հանցագործության մասին:
«Հետք»

Մեկնաբանություններ (5)

Mkrtich
http://comready.ru/company/8625233
Ara
DISGUSTING, I think that we armenians have to make a NGO to deal with these family, corruption, and injustice issues. The Armenian government should help her get her kids back after they stop stealing all this money from our poor citizens.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Սա human trafficing -ի ևս մի դեպք է:........................ Առաջինը, մինչև ԹՂԹԻ ՎՐԱ սևը-սպիտակով չտեսնեք ՈՉ ՈՔԻ ՄԻ ՎՍՏԱՀԵՔ:Ով ուզում է լինի.թեկուզ մայրդ լինի: Հաճախ հարազատներին ՍՏԻՊՈՒՄ են ստել իրենց հարազատներին: ՄԻՆՉԵՎ ԱՉՔՈՎԴ ՉՏԵՍՆԵՍ ոչ մի ասածի մի հավատացեք. հատկապես Ռուսաստանի նման ֆեոդալական երկրում:......................... Երկրորդ- ես գտնում եմ բավականին ՔԱՋ,որ այս կինը բարձրաձայն խոսում է իրենց ԱՌԵՎԱՆԳԱԾ հանցագործի մասին: Կինը օգնության կարիք ունի: Հայաստանի ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ է իր երկրի քաղաքացի առևանգված տղաներին ազատել ստրկությունից ու քրեական գործ սկսել հանցագործի դեմ:..........................Երրորդ- քո ուժը մի թերագնահատիր,ու դիմացինիդ ուժը մի գերագնահատիր.այն էլ մի խաբեբա հանցագործինը:
stella
Hargeli Sara duk lusnic ek ijel. Duk erevi chek el patkeracnum te inch e sovac u crtaharvac linel@ . Dzend tak texic a galis . Esorva drutyamb bolorn el uzum en aprel barekecik u pordzum en kayler anel hasnelu dran . Dzer gorozutyunn u tgitutyun@ i cuyc mi drek hamacancum. Shnorhakalutyun
Վահե-2010
ՀՀ գլխավոր դատախազությանը ուղղված այս հաղորդագրությունով հարցը չի լուծվելու: Պարզապես մեր և ռուսաստանի ,,իրավապահպանների,, գրպանը մի ավելորդ պատառ գումարով կավելանա: Չի բացառվում, հանցագործ գործատուն և դատախազները բոլորին վախի իշխանության ներքո պահելու նպատակով կարող են պատանդներից մեկին էլ վերացնել: Համատարած ստրկատիրության վերացման հույսը միայն կաշառակերների իշխանությունը տապալելու միջոցով է գալու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter