HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտանիքը որպես ազատազրկվածի ուղղման գործընթացի դերակատար

Հայաստանը որդեգրել է վերակնագնողական արդարադատության գաղափարը, որը քրեական արդարադատության կենտրոնում դնում է իրավախախտների վերականգնումը և վերաինտեգրումը հասարակություն: Սակայն, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, որքան խիստ են մեկուսացման պայմաններն ուղղիչ հիմնարկներում, այնքան ավելի շատ ջանք է պահանջվում ազատությոնից զրկված անձանց վերաինտեգրման համար:  Այս առումով կարևոր է ընտանիքի և ընկերների հետ սերտ կապերի պահպանումը, ինչը դրական կանդրադառնա ազատությունից զրկված անձանց բարեկեցության և քրեական ենթամշակույթի ազդեցությունից խուսափելու վրա: Բացի այդ, քրեակատարողական հիմնարկի պատերից դուրս գտնվող անձանց հետ կանոնավոր կապը կարող է խոշտանգումների և վատ վերաբերմունքի բացառման երաշխիք լինել: Եվ վերջապես, նման շփումները, ինչպես հաստատվել է բազմաթիվ հետազոտություններով և մշտադիտարկում իրականացնող առաքելությունների կողմից, ուղղակիորեն նպաստում են քրեակատարողական հիմնարկում լարվածության նվազմանը, ավելի դրական միջավայրի ձևավորմանը:

Հայաստանում ազատությունից զրկված անձանց բարեկեցությունը մեծապես կախված է ընտանիքի նյութական և բարոյական աջակցությունից, քանի որ մեր հիմնարկները ոչ միայն չեն տրամադրում անգամ նվազագույն հոգեբանական աջակցություն, այլ նաև չեն ապահովում ամենատարրական նյութական կարիքները (անձնական հիգիենայի պարագաներ, հագուստ, սնունդ): 

ՀՀ օրենսդրությամբ դատապարտյալներին տրամադրվում է ամսվա ընթացքում առնվազն մեկ կարճատև տեակցություն` մինչև չորս ժամ տևողությամբ և երկու ամսվա ընթացքում առնվազն մեկ երկարատև տեսակցություն՝ մինչև երեք օր տևողությամբ։ Երկարատև տեսակցության տևողությունը, ի դեպ, բացառիկ է և կարող է համարվել եվրոպական բանտային համակարգի լավագույն փորձ:  

Այնուամենայնիվ, չնայած լավատեսական «ամսվա ընթացքում առնվազն մեկ կարճատև տեակցություն» բանաձևին և հնարավոր ամենաերկարատև տեսակցության ամրագրման փաստին, գործող օրենսդրությունը և պրակտիկան մի շարք մտահագությունների տեղիք են տալիս, եթե համադրում ենք դրանք ազատությունից զրկված անձանց հետ վարվեցողության ընդունված միջազգային չափանիշների և տարբեր երկրների քրեական արդարադատության համակարգերի լավագույն փորձի հետ: Դրանք են․

1) չնայած քրեակատարողական օրենսգրքի «ամսվա ընթացքում առնվազն մեկ կարճատև տեակցություն» ձևակերպմանը` նույն օրենսգրքի մեկ այլ հոդվածով սահմանվում է, որ ազատազրկման դատապարտված անձին տարվա ընթացքում կարող է տրամադրվել առավելագույնը 14 տեսակցություն։ Ըստ այդմ, պրակտիկայում  ամսվա ընթացքում «առնվազն մեկ կարճատև տեակցություն» բանաձևը վերափոխվում է «առավելագույնը մեկ տեսակցություն» բանաձևի, ինչը խոչընդոտում է վերականգնման և վերաինտեգրման ծրագրերի արդյունավետ իրականացմանը: Միջազգային չափանիշները պահանջում են, որ արտաքին աշխարհի հետ կապերը չշահարկվեն որպես խրախուսանք կամ պատժի միջոց, մինչդեռ մեզ մոտ հակառակն է. լրացուցիչ տեսակցության իրավունքը սահմանված է որպես արտոնություն, ինչն ակնհայտորեն հակասում է Հայաստանի կողմից հռչակված վերականգնողական արդարադատության գաղափարին:

2) Հայաստանում երկարատև տեսակցությունները թույլատրելիս քրեակատարողական հիմնարկի վարչակազմն առաջնորդվում է «ամուսին» եզրույթի ամենասահմանափակ մեկնաբանությամբ․ ընդունելի են բացառապես պաշտոնապես գրանցված ամուսնությունները, ինչը բացառում է եկեղեցով ամուսնությունները և քաղաքացիական ամուսնությունները:

3) Հայաստանում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների առանց այն էլ ծանր վիճակը էլ ավելի է բարդանում այն հանգամանքով, որ ընտանիքի հետ կապի պահպանման իրենց իրավունքը լրջորեն խախտվում է անձնական և ընտանեկան կյանք ունենալու իրավունքի բացարձակ ժխտմամբ:

4) Հայաստանում նախատեսված չէ անչափահասների տեսակցության հատուկ ռեժիմ, ինչը միջազգային փաստաթղթերի պարտադիր պայման է: Սա հատկապես կարևոր է Հայաստանի դեպքում, քանի որ անչափահասները գտնվում են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում` շատ հաճախ շատ հեռու իրենց բնակության վայրից և ընտանիքից:

5) Խնդրահարույց է նաև նյութական աջակցության մեխանիզմների բացակայությունն այն անձանց, որոնք հնարավորություն չունեն այցելելու քրեակատարողական հիմնարկում գտնվող իրենց ազգականներին: Այս առումով Հայաստանում կրկին առավել խոցելի են կանայք և անչափահասները, քանի որ քիչ լինելու պատճառով նրանք տեղաբաշխվում են միայն «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում և հաճախ շատ հեռու իրենց բնակավայրերից: Հաշվի առնելով ազատությունցի զրկված անձանց բարեկեցության համատեքստում տեսակցությունների դրական ազդեցությունը և առավելությունները` պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի` ապահովելու կապն երկարատև տեսակցությունների իրավունք ունեցող այն ազգականների հետ, որոնք հնարավորություն չունեն հոգալու իրենց ճանապարհածախսը:

6) Տեսակցությունների տրամադրման գործընթացում պետք է բացառվեն կոռուպցիան և արտոնյալների խավի գոյությունը: Անընդունելի է տեսակցությունների անհիմն արգելումը կամ գումարի դիմաց տեսակցությունների տրամադրումը, մինչդեռ նման դեպքեր բազմիցս արձանագրվել են մշտադիտարկում իրականացնող մարմինների կողմից:

7) Վերականգնողական արդարադատության առաջնային պահանջներից է յուրաքանչյուր ազատությունից զրկված անձի նկատմամբ անհատական մոտեցման մշակումը: Անհրաժեշտ է ներդնել պատժի կրման ավարտից առաջ կամ պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի դեպքում արձակուրդի հնարավորությունը և անվտանգության ռեժիմի աստիճանական թուլացման ընթացակարգ, ինչը լավ հնարավորություն է ամրապնդելու հարաբերություններն ընտանիքի հետ և  վերականգնելու համայքի ներսում կապերը: Անշուշտ նման այցելությունների տրամադրման ընթացակարգը պետք է հստակ սահմանված և կանոնակարգված լինի` խուսափելու համար թյուրընկալումներից, որ դրանք ընտրողական են տրամադրվում:

8) Կարևոր է ընտանիքի անդամների և ընկերների հետ տեսակցությունների կազմակերպումը` ազատությունից զրկված անձի և այցելուի արժանապատվության հարգման սկզբունքի պահպանմամբ և առանց քրեակատարողական հիմնարկի անվտանգության խաթարման: Շատ հաճախ դատապարտյալները հրաժարվում են երկարատև տեսակցություններից` այցելությունների համար նախատեսված սենյակների ոչ բավարար պայմանների պատճառով: Անգամ եթե սենյակները պատշաճ կահավորված են, այցելուները փակի տակ են պահվում, չունեն դատապարտյալների բնակության տարածքից դուրս զբոսնելու և մաքուր օդին համատեղ ժամանակ անցկացնելու հնարավորություն:

 Մինչդատական կալանքի փուլում մտահոգություն առաջացնող առավել կարևոր խնդիրներն են.

9) Ընտանիքի անդամների և ընկերների հետ տեսակցությունների կամայական արգելումը մինչդատական փուլում: Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները, դիտորդական մարմինները և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բազմիցս ընդգծել են, որ մինչդատական կալանքի ընթացքում արտաքին աշխարհի հետ կապի սահմանափակումները պետք է կիրառվեն միայն բացառիկ դեպքում և պետք է հստակ հիմնավորված լինեն:

10) Կալանավորված անձանց ամսվա ընթացքում տրամադրվում է առնվազն երկու տեսակցություն` մինչև երեք ժամ տևողությամբ, իսկ երկարատև տեսակցություն նախատեսված չէ առհասարակ: Հաշվի առնելով այն փաստը, որ մինչդատական կալանքը կարող է բավականին երկար ժամանակ տևել, այս բացը լրջագույն խնդիր է դառնում, հատկապես, որ խոսքն այն անձանց մասին է, որոնք դեռևս չեն դատապարտվել և հնարավոր է, որ չդատապարտվեն էլ:

11) Ձերբակալվածների պահման վայրերում կարճատև տեսակցությունները տրամադրվում են բաժանարար պատնեշներ ունեցող սենյակներում, որոնք ապահովված չեն պատշաճ հարմարություններով: Առաջինը` բացակայում է անձանց ֆիզիկական շփման հնարավորությունը. ազատությունից զրկված անձին և այցելուին բաժանում է ապակե պատնեշը: Երկրորդը` տեսակցությունների տրամադրման համար նախատեսված սենյակները հաճախ օգտագործվում են այլ նպատակներով  (զննություններ, քննչական գործողություններ և այլն) և հասանելի չեն լինում այցելուների համար:

Եվ այսպես, անհրաժեշտ և կարևոր է բացառել արտաքին աշխարհի հետ կապի կամայական արգելման պրակտիկան, երաշխավորել, որ արտաքին աշխարհի հետ կապի պահպանումը խրախուսվի, ավելացվի տեսակցությունների նվազագույն թույլատրելի քանակը, իսկ սահմանափակումները լինեն պատշաճ հիմնավորված և արդարացի։

Սույն հրապարակումը պատրաստվել է «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության՝ «Խոշտանգումների և վատ վերաբերմունքի նվազեցումը Հայաստանում և Վրաստանում կանխարգելիչ մշտադիտարկման մեխանիզմների հզորացման միջոցով» ծրագրի շրջանակներում՝ Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է բացառապես հեղինակը, և այն որևէ ձևով չի արտահայտում ֆինանսավորող կողմի կամ «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության տեսակետները։

Աղբյուրը՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter