HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այգիներն ու բանջարանոցները ոռոգելու պատճառով խմելու ջուրը Զորական չի հասնում. գյուղացիները ջուր են կրում հարևան համայնքներից

Տավուշի մարզի Զորականի գյուղամիջյան ճանապարհներին հանդիպեցինք ձորից ավանակներով ջուր բերող այլ գյուղացիների:

Արկադի Մարտիրոսյանն ասում է` խմելու ջուր կրելու համար է ավանակ գնել։

«Մենք ամռանը միայն տեղատարափ անձրևներից հետո ենք խմելու ջուր ունենում, այն էլ` շոկոլադի  գույն»,- ասաց ուսուցչուհի Արևիկ Բաղիրյանը: Արևիկը պատմեց, որ 13 տարեկանից Զորականի ջրամատակարարման ծանր վիճակի մասին  գյուղացիների խնդրանքով դիմումներ է գրել պետական զանազան մարմիններին:  

Զորականում հող մշակելու համար չի հերիքում նաև ոռոգման ջուրը: Գյուղի 450 հա վարելահողից գյուղացիները մշակում են ընդամենը 70 հա-ն: Սոնա Թամրազյանի պնդմամբ, տարվա մեջ  2-3 անգամ են Զորականին ոռոգման ջուր տալիս: Սոնայի դեղձի այգին արդեն չորացած էր, ծառերի վրա մի քանի մանր դեղձեր էին երևում:

Զորականի վարչական ներկայացուցիչ Սուրեն Մարտիրոսյանի խոսքով, Զորականի վարելահողերի մոտ 40, իսկ տնամերձերի`  50- 60 տոկոսն է ոռոգվում: Անցած տարիներին գյուղում երկու ջրագիծ և ոռոգման ներքին ցանց է կառուցվել, սակայն դրանք չեն բավարարում Զորականի ամբողջ վարելահողերի և տնամերձերի ոռոգմանը:

Հինգ օր խմելու ջուր չունենալուց հետո զորականցիներն օրերս ջրամատակարարման իրենց ծանր վիճակի մասին  սոցիալական ցանցերով տեղեկացրել են Տավուշի նորանշանակ մարզպետ Վահե Ղալումյանին։

«Խնդիրը  «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ է կապված: Ըստ բնակիչների` որոշ բնակավայրերում խմելու ջուրն օգտագործում են ոռոգման նպատակով: Երեկոյան շատ կարճ ուսումնասիրությունից հետո ջուրը հասավ Զորական, և հետագայում էլ կոնստրուկտիվ կլինի մեր խոսակցությունը ջրի տնօրինության հետ, և ինձ թվում է`արդյունք կունենանք: Թե ինչ պարբերականությամբ զորականցիները կստանան խմելու ջուր, այս պահին մենք հետազոտությունների փուլում ենք: Վերջում կհասկանանք, եթե գյուղացիները իրավացի են, որ խմելու ջուրն օգտագործվում է ոռոգման նպատակով, այդ հարցը պետք է կոնկրետ լուծում ստանա»,- «Հետք»-ին ասաց Զորական այցելած մարզպետ Վահե Ղալումյանը:

Սուրեն Մարտիրոսյանի խոսքով, Զորականը 1 կմ երկարությամբ ջրագիծ ունի, որից օգտվում են գյուղի 50-60 ընտանիքներ: Սուրեն Մարտիրոսյանը եղել է Զորականի նախկին գյուղապետը: Վերջինս պատմեց, որ  Զորականի  խմելու ջրի ջրամատակարարման խնդիրն արմատապես լուծելու համար 2014թ.-ին գյուղապետարանի հետ կնքած պայմանագրով  «Հայջրմուղկոյուղին» որոշել է կառուցել 1 կմ երկարությամբ ջրագիծ և պոմպակայան:  Ըստ նախկին գյուղապետի՝  աշխատանքերը «Հայջրմուղկոյուղին» անավարտ է թողել` պատճառաբանելով, թե Զորականը խմելու ջրի ներքին ցանց չունի: Պատվիրատուն անիմաստ է  համարել նոր ջրագծի և պոմպակայանի կառուցումը: Զորականցիները դիմել են կառավարություն:

«Այդ ժամանակ որոշվեց, որ «Հայջրմուղկոյուղին» կկառուցի պոմպակայան եւ մեկ կմ երկարությամբ ջրագիծ, ավարտից հետո Հայաստանի տնտեսական զարգացման հիմնադրամի միջոցներով 2015թ.-ին կառուցել գյուղի խմելու ջրամատակարարման ներքին ցանց»,- պատմեց Ս. Մարտիրոսյանը:  

Ծրագրի իրականացման համար նախատեսվել է հիմնադրամի 85 մլն դրամ ներդրում: Համայնքի ներդրումային գումարը կազմել է 6,4 մլն դրամ: Ս. Մարտիրոսյանի ասելով, Զորականի գյուղապետարանը, պայմանագրի համաձայն, ժամանակին փոխանցել է շինարարության 1-ին փուլի համար նախատեսված համայնքի 3 մլն դրամ ներդրումը: Ծրագիրը, Ս․ Մարտիրոսյանի պատմելով, ավարտին չի հասցվել: «Հայջրմուղկոյուղին» կառուցել է միայն 1 կմ երկարությամբ ջրագիծ, սակայն  Զորականի գյուղապետարանին ներկայացրած կատարողական ակտում ցույց է  տվել, թե կառուցել է նաև պոմպակայան։

«Ես այդ ակտը չստորագրեցի, որովհետև նրանք Զորականում ոչ պոմպակայան են կառուցել, ոչ էլ պոմպ են տեղադրել:  Իրենք պատճառաբանում են, թե մենք հող չենք տրամադրել: Եթե հող չենք տրամադրել, բա այդ 1 կմ երկարությամբ ջրագիծն ում տված հողի վրա են կառուցել»,- ասաց  Ս. Մարտիրոսյանը:  Վերջինս պնդեց, թե իր ներկայացրած փաստերը կարող է հիմնավորել փաստաթղթերով:  

Հայաստանի տնտեսական զարգացման հիմնադրամի կողմից չի կառուցվել նաև գյուղի ջրամատակարարման ներքին ցանցը: Համայնքների խոշորացումից հետո հիմնադրամը համայնքի ներդրած 3 մլն դրամը հետ է վերադարձրել արդեն խոշորացված Կողբ համայնքի բյուջե:

Համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը հայտնեց, որ այս պահին  Զորականում ջրի ներքին ցանց է կառուցվում. «Երևի 10 օրվա ընթացքում կավարտենք ջրագծի կառուցումը»,- ասաց նա:

Ս. Մարտիրոսյանի ասելով, ջրի ներքին ցանցի նախահաշվային արժեքը կազմում է 22 մլն դրամ: Նոր կառուցվող ներքին ցանցը ջրով կապահովի գյուղի ավելի ցածրադիր թաղամասերից մինչև գյուղամեջ ընկած տարածքում բնակվող բնակիչներին:  Ջուր կստանան Զորականի դպրոցը, հանդիսությունների սրահը, մանկապարտեզը, վարչական շենքը»,- բացատրեց Ս. Մարտիրոսյանը:  Ջրագիծը պետք է բարձրանա գյուղի ամենաբարձր դիրքում գտնվող թաղամաս: Սակայն, Սուրեն Մարտիրոսյանի ասելով, այդ ջրագծով Զորականի ջրամատակարարման խնդիրը նույնպես արմատապես չի լուծվի:  

«Հիմա ժողովուրդը պայքարում է գյուղը ջուր հասցնելու համար: Ամբողջ Զորականը ջրով սնվում է մեկ կետից՝ գյուղի դպրոցից ներքև գտնվող 500 մմ տրամաչափի խողովակից: Այն սպասարկում է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի Թումանյանի ջրմուղկոյուղին: Հիմնականում այս սեզոնին, այս էլ քանի տարի է, ոչ թե միայն մեր գյուղի, նաև Հաղթանակ և Պտղավան գյուղերի ջրի ճանապարհին գտնվող այգիներն ու բանջարանոցները ոռոգվում են մեր խմելու ջրով, որի պատճառով բնակչությանը ջուր չի հասնում:  Ջրագծերի ու ներքին ցանցի խնդիրները լուծելուց առաջ, նախ պետք է լուծել խմելու ջուրը Զորական հասցնելու խնդիրը»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter