Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել է 3 մլն դոլարանոց առանձնատան տեր


Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր ընտանիքի հետ ապրում է այս տանը: Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ տեղակայված առանձնատունը 2013թ. գրավադրված էր «Ամերիաբանկ»-ում 1 մլն 800 հազար դոլար լիկվիդացիոն արժեքով: Անշարժ գույքի գործակալների գնահատմամբ` առանձնատան շուկայական արժեքն այդ ժամանակ 3-4 մլն դոլար էր: Զանազան գործարքների և սխեմաների արդյունքում Գասպարյանն այս տունը ձեռք է բերել մոտ 200 հազար դոլարով: 

Այս սխեմաներն իրականացնելու համար այդ ժամանակ կային գործող անձինք, որոնցից յուրաքանչյուրն ուներ յուրահատուկ դերակատարություն: Նրանք էին՝ հասարակության մեջ Վովայի Արշակ անունով հայտնի, այդ ժամանակ ոստիկանապետի թիկնազորի ղեկավար Արշակ Հակոբյանը, Գասպարյանի գլխավոր խորհրդական Հայկ Ստեփանյանը, գործարար Սիլվա Համբարձումյանը և «Ամերիաբանկ»-ի ներկայացուցիչները: 

Տունը ձեռք բերելու բանակցությունների վերջին փուլում ներգրավվել է անձամբ Վլադիմիր Գասպարյանը: Առանձնատան սեփականատեր Աղասի Դանիելյանին չեն վճարել խոստացված 900 մլն դրամ գումարը: Տան սեփականատեր է դարձել Գասպարյանի զոքանչը` Հեղուշ Գալստյանը: Վարկային պարտավորությունները չկատարելու հետևանքով բանկը առանձնատունը հանել է աճուրդի: Նախկինում 1 մլն 800 հազար դոլար գնահատված առանձնատունը վաճառվել է 200 հազար դոլարով: Այն գնել է Վլադիմիր Գասպարյանի կնոջ ազգականը՝ ոստիկանության կրթահամալիրի պետի նախկին տեղակալ Էմիլ Զուլոյանը: Օրեր անց գնդապետ Զուլոյանն առանձնատունը նվիրել է Վլադիմիր Գասպարյանի որդուն՝ Վլադիմիր Գասպարյանին:  

Վլադիմիր Գասպարյանին փաստացի պատկանող առանձնատունը գտնվում է Երեւանի Փափազյան 2/5 հասցեում: 854 քմ մակերեսով եռահարկ առանձնատունը տեղակայված է 2836 քմ մակերեսով հողակտորի վրա, որին կից առկա է նաև 126 քմ մակերեսով խաղահրապարակ: Բացի այս, Գասպարյաններն ունեն ավտոտնակ, պահակակետ և լողավազան: Հողակտորն էլ պատված է արծաթափայլ եղևնիներով: 

Կադաստրի պետական կոմիտեում առկա տեղեկատվության համաձայն՝ 2012թ. առանձնատան սեփականատերը եղել է Ալբերտ Երիցյանի կինը` Անահիտ Սարուխանյանը, 2013-ին` Երիցյանի ընկեր Աղասի Դանիելյանը, 2014-ին` Վլադիմիր Գասպարյանի զոքանչը` Հեղուշ Գալստյանը, 2015-ին՝ ոստիկանության գնդապետ, Գասպարյանի կնոջ ազգական Էմիլ Զուլոյանը, ապա` նույն 2015-ին` Վլադիմիր Գասպարյանի որդին: 

Առանձնատան ինչ-որ առումով առեղծվածային գործարքները բացահայտելու համար առանձին-առանձին զրուցել ենք գործարարներ Ալբերտ Երիցյանի, Աղասի Դանիելյանի, Սիլվա Համբարձումյանի հետ, իսկ մեր գրավոր հարցերին մասնակիորեն պատասխանել են «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունից: Մոտ 7 օրից հարցազրույց տալու պատրաստակամություն հայտնեց նաև ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվող Էմիլ Զուլոյանը, որը Վլադիմիր Գասպարյանի կնոջ մորաքրոջ որդին է, սակայն հետագայում չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Հարցազրույցի նախնական պայմանավորվածություն ենք ունեցել նաև նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, որը հետագայում, չպատասխանելով մեր հեռախոսազանգերին, ըստ էության, հրաժարվեց հարցազրույց տալու իր մտադրությունից: 

Ալբերտ Երիցյանից հետո առանձնատան ձեռքբերման տարբեր սխեմաներ են գործել 

Եվ այսպես, 2012 թվականին հայտնի գործարար Ալբերտ Երիցյանը ֆինանսական խնդիրների պատճառով որոշում է Փափազյան փողոցում տեղակայված և իր կնոջ՝ Անահիտ Սարուխանյանի անունով գրանցված առանձնատունը վաճառել: Ալբերտ Երիցյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ առանձնատունը վաճառելու մտադրության մասին այդ ժամանակ ասել է անշարժ գույքի գործակալներին, վարվել է այնպես, ինչպես կվարվեր ցանկացած անշարժ գույք վաճառող մարդ:

Երիցյանի խոսքով՝ առանձնատունը HSBC բանկում է գրավադրված եղել: Իր ընկեր, գործարար Աղասի Դանիելյանը, որն այդ ժամանակ «Ունիվերսամ Ավան» ՍՊԸ-ի տնօրենն էր, ցանկացել է գնել առանձնատունը: Ալբերտ Երիցյանի և Աղասի Դանիելյանի պայմանավորվածության արդյունքում Դանիելյանը նույն բանկից 1․6 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով վարկ է վերցրել և գնել առանձնատունը: «2015-16 թվականն էր, թվականը լավ չեմ հիշում: Մենք այդ գույքը վաճառեցինք Աղասի Դանիելյանին: Նորմալ գործարք է եղել, մենք գումարը ստացել ենք, վաճառել ենք, ոչ մի խնդիր չկա»,- ասաց Ալբերտ Երիցյանը: Հետո դժվարությամբ, բայց հիշեց, որ այն ժամանակ մոտ 900 մլն դրամով են վաճառել առանձնատունը: Երիցյանի պնդմամբ՝ ինքն այդ գործարքից հետո չի հետաքրքրվել, թե տունը ով ում է վաճառել, և այսօր ով է դարձել սեփականատեր: 

Նշենք, որ 2012թ. առանձնատան հասցեն եղել է Վրթ. Փափազյան 2, 2013-ին՝ Փափազյան 2/7, իսկ 2014 թվականին՝ Փափազյան 2/5 և առ այսօր գործում է վերջին հասցեն: 

Առանձնատան գործարքը Աղասի Դանիելյանի համար գլխացավանք է դառնում 

Ի տարբերություն Ալբերտ Երիցյանի, առանձնատունը գնած Աղասի Դանիելյանը մանրամասն վերհիշեց, թե ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել առանձնատան շուրջ: «Ունիվերսամ Ավան» ՍՊԸ-ի նախկին տնօրենը «Հետք»-ի հետ զրույցում պատմեց, որ Երիցյանն է իրեն դիմել՝ խնդրելով գնել առանձնատունը: Խնդրել է նաև՝ եթե ավելի թանկ գնով ձեռք բերող հայտնվի, ապա տունը վաճառեն նրան, իսկ Դանիելյանի կատարած ծախսը կփոխհատուցեն: Աղասի Դանիելյանը համաձայնել է HSBC բանկում Երիցյանի կնոջ անունով գրավադրված առանձնատունը բանկից ձեռք բերել, քանի որ ցանկանում էր երբեմնի ընկերոջն օգնել: Դանիելյանը 2012թ. HSBC բանկից 1.6 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ վարկ է վերցրել և դարձել առանձնատան սեփականատեր, իսկ առանձնատունը շարունակել է գրավադրված մնալ բանկում: Հետագայում Երիցյանը Դանիելյանին տեղեկացրել է, թե առանձնատունն ավելի բարձր արժեքով գնող է հայտնվել, սակայն պետք է շինությունը վերակառուցվի: Դանիելյանը 2013թ. Երևանի քաղաքապետարանից ստացել է ճարտարապետահատակագծային առաջադրանք: 

«Դրանից հետո ուրիշ մարդիկ է ճարում (Ալբերտ Երիցյանը-հեղ.) և տունը երկու մարդու վրա է վաճառում: Իրեն օգնում էի, մարդն ուղղակի խեղդվում էր, ես ոչ մի շահի ակնկալիք չեմ ունեցել, բոլորն էլ գիտեին այդ մասին»,- 6 տարվա վաղեմության իրադարձությունը վերհիշեց Դանիելյանը՝ նշելով, որ երբ տունն արդեն իր անունով է եղել, հայտնվել է գործարար Սիլվա Համբարձումյանը, որն արդեն գնել էր Երիցյանին պատկանող հացի արտադրամասը: Աղասի Դանիելյանի պնդմամբ՝ Սիլվա Համբարձումյանը միջնորդական առաքելություն է իրականացրել, սակայն չի իմացել, որ առանձնատան սեփականատերն ինքն է, ոչ թե Երիցյանը կամ նրա կինը: «Երբ հայտնվեց ռեալ գնորդը, նա ասեց, որ Սիլվան է եղել միջնորդը»,- ասաց Դանիելյանը՝ նշելով, որ «ռեալ գնորդը» նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն է եղել: 

Աղասի Դանիելյանի պնդմամբ՝ Գասպարյանի անունից սկզբում գործարար Սիլվա Համբարձումյանի, հետագայում իր հետ բանակցել են Գասպարյանի թիկնազորի նախկին ղեկավար Արշակ Հակոբյանը, Գասպարյանի նախկին գլխավոր խորհրդական Հայկ (Հայկարամ) Ստեփանյանը (այժմ բնակվում է ԱՄՆ-ում), ՃՈ 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատար Սուրեն Խուդոյանը, ոստիկանության կրթահամալիրի պետի նախկին տեղակալ Ռազմիկ Խանզադյանը և այլք: 

Մինչ Վլադիմիր Գասպարյանի և Սիլվա Համբարձումյանի հայտնվելը, «Ամերիաբանկ»-ը Աղասի Դանիելյանին առաջարկել և ձեռք է բերել HSBC բանկում նրա ունեցած վարկային փաթեթը: Պարզ ասած՝ հիփոթեքային վարկը տեղափոխվել է «Ամերիաբանկ»: Վարկառու է դարձել Դանիելյանին պատկանող «Ունիվերսամ ավան» ՍՊԸ-ն, իսկ Դանիելյանը` վարկի երաշխավոր: 

Աղասի Դանիելյանի տեղեկություններով՝ Սիլվա Համբարձումյանը պետք է Վլադիմիր Գասպարյանի համար գնվելիք տունը ձեռք բերեր 2 մլն դոլարով: Սիլվա Համբարձումյանի առաքելությունն ավարտվում է այն ժամանակ, երբ Վլադիմիր Գասպարյանի ներկայացուցիչները պարզում են, որ առանձնատունը ոչ թե Ալբերտ Երիցյանին է պատկանում, այլ Աղասի Դանիելյանին: Ըստ Աղասի Դանիելյանի՝ մինչ Գասպարյանի ներկայացուցիչները կպարզեին, թե ում սեփականությունն է առանձնատունը, նրանք Ալբերտ Երիցյանին վճարած են լինում 2 մլն դոլար: Սիլվա Համաբարձումյանը ևս պնդեց, որ Գասպարյանի ներկայացուցիչները Երիցյանին 2 մլն դոլար կանխավճար են տվել և նշեց, որ գործարքի գինը պետք է 3.2 մլն դոլար կազմեր:

Երբ Ալեբերտ Երիցյանին տեղեկացրինք, որ Սիլվա Համբարձումյանը որոշ մանրամասներ է պատմել գործարքի մասին, նա զարմացավ: «Նման բան չի եղել, ո՞վ է նման բան ասել: Կարո՞ղ է Արշակը կամ Հայկ Ստեփանյանը կանգնեն և ասեն, որ ինձ փող են տվել: … Արշակը կամ Հայկը ինձ գումա՞ր են փոխանցել, չի կարող նման բան լինել: Ուրեմն ես այն մարդն եմ, ում գումար են փոխանցել ու ես ստո՞ւմ եմ: Ո՞նց կարող է նման բան լինել»,- ասաց Ալբերտ Երիցյանը: 

Վլադիմիր Գասպարյանը սպառնացել է. հաղորդում հանցագործության մասին 

2013թ. Գասպարյանի ներկայացուցիչները կապ են հաստատել առանձնատան փաստացի սեփականատեր Աղասի Դանիելյանի հետ: Վերջինիս խոսքով՝ շուրջ մեկ տարի տևած բանակցություններն արդյունք չեն տվել, և 2014թ. Գասպարյանն ու ինքը հանդիպել են: «Ինքն (Վ.Գ.-ն-հեղ.) ասեց՝ ես փողերը տվել եմ (Համբարձումյանին, Երիցյանին-հեղ.), դուք եք ուզում ինձ խաբել, ես էլ ապացուցեցի, որ այստեղ խաբելու բան չկա, քեզ խաբողները քո դիմաց նստած են, ոչ թե ես եմ: Ինքն ընդունեց: Ասեց՝ քո բոլոր փողերը կտամ, ոչ մի կոպեկ չես տուժի, իմ ձեռքով կվերցնեմ կտամ, այսպիսի խոսակցություն է մեր մեջ եղել»,- վերհիշեց Դանիելյանը: Վերջինս Գասպարյանի առաջարկով, ապա սպառնալիքների ազդեցության տակ առանձնատունը վաճառել է Գասպարյանի զոքանչին՝ Հեղուշ Գալստյանին: Պայմանագրի գինը կազմել է 900 մլն դրամ: Երբ Դանիելյանը պահանջել է գումարը, նրան սպառնացել են: Հարցին՝ կոնկրետ ի՞նչ սպառնալիքներ է ստացել Վլադիմիր Գասպարյանից, նա պատասխանեց. «Այս կանենք, այն կանենք… ընտանիքի, երեխաների… երեխայիդ «նարկոման» կսարքենք, կմտնենք այս կանենք, այն կանենք»: Հարցին՝ է՞լ ինչ է ասել Գասպարյանը, Աղասի Դանիելյանը պատասխանեց. «Ասեց՝ քո մասին ամեն ինչն ուսումնասիրել եմ, նույնիսկ արյանդ կարգը գիտենք: Հասկացա, որ ես վաղուց իրենց նշանառության տակ եմ: Օրենքն ու իշխանությունն իրենց ձեռքն էր, ոնց ուզեին, կարող էին պտտել: Ցանկացած արարք, ցանկացած քայլ սպասելի էր: Ամեն ինչ էլ սպասում էի, հիմա էլ եմ սպասում, այնպես չի, որ չեմ սպասում»: 

Նույն ժամանակահատվածում Դանիելյանը «Ունիվերսամ Ավան» ՍՊԸ-ն, որը գույք չուներ, վաճառում է Սիլվա Համբարձումյանին:

Արդյունքում վարկային փաթեթը հետևյալ տեսքն է ունենում՝ վարկառուն շարունակում է մնալ «Ունիվերսամ Ավան» ՍՊԸ-ն, բայց արդեն Սիլվա Համբարձումյանի անունով, առանձնատունը գրավադրված է մնում արդեն Հեղուշ Գալստյանի անունով, և որպես երաշխիք երկու այլ գույք է գրավադրվում. մեկը` Դանիելյանի տղայի անունով, մյուսը՝ Համբարձումյանի քրոջ: Աղասի Դանիելյանը շարունակում է մնալ նշված վարկի երաշխավորը: Նույնիսկ մի քանի ամիս Գասպարյանի խնդրանքով կատարում է վարկի ամսական՝ մոտ 40 հազար դոլար վճարումները: 

Աղասի Դանիելյանի և Հեղուշ Գալստյանի միջև կնքված պայմանագրով վճարման ենթակա 900 մլն դրամը Դանիելյանն այդպես էլ չի ստանում: 2016 թվականին Աղասի Դանիելյանը Վլադիմիր Գասպարյանի (այդ ժամանակ` ՀՀ ոստիկանապետ) դեմ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու փոխարեն հաղորդում է ներկայացրել Ալբերտ Երիցյանի դեմ, թե իբր վերջինս խաբեությամբ առանձնատունը վաճառել է Հեղուշ Գալստյանին: Դանիելյանի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվում է, մերժումը հետագայում բողոքարկվում է մինչև Վճռաբեկ դատարան, սակայն մնում է անփոփոխ:

«Ամերիաբանկի» դերը առանձնատան ձեռքբերման գործարքում 

Աղասի Դանիելյանը, հասկանալով, որ և՛ տունն է կորցրել, և՛ գումարը, դադարում է վճարումներ կատարել: Դանիելյանի խոսքով, «Ունիվերսամ Ավան» ՍՊԸ-ն էլ չի կատարել բանկի առջև ստանձնած վարկային պարտավորությունները, իսկ բանկը 2014 թվականին 1.8 մլն դոլար շուկայական գին ունեցող առանձնատունը կրկին գնահատման է ենթարկել, որն այս անգամ գնահատվել է 500 մլն դրամ կամ մոտ 1 մլն դոլար: Դանիելյանը նշեց, որ բանկը 2015թ. գաղտնի և ապօրինի աճուրդ է անցկացրել, որտեղ առանձնատունը, մի քանի անգամ չվաճառվելով, էժանացել է, և ընդամենը 100 մլն դրամով վաճառվել Էմիլ Զուլոյանին: Վերջինս Գասպարյանի կնոջ մորաքրոջ որդին է և մինչև 2018թ. հուլիսի 19-ը զբաղեցնում էր ոստիկանության կրթահամալիրի պետի տեղակալի պաշտոնը: Զուլոյանն էլ առանձնատունն իր անունով գրանցելուց հետո՝ 2015թ. հունիսի 10-ին, նվիրել է Վլադիմիր Գասպարյանի որդուն՝ Վլադիմիր Գասպարյանին: Քանի որ Գասպարյան կրտսերը 2015 թվականին անչափահաս է եղել, նվիրատվության պայմանագիրը (1,2) ստորագրվել է Էմիլ Զուլոյանի, Վլադիմիր Գասպարյան ավագի և վերջինիս կնոջ՝ Սուսաննա Գասպարյանի կողմից: Այդպիսով, առանձնատունը դարձել է Գասպարյան ընտանիքի սեփականությունը: 

2015 թվականին «Ամերիաբանկը» հայցադիմում է ներկայացրել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարան ընդդեմ Աղասի Դանիելյանի՝ պահանջելով վերջինիցս բռնագանձել 1 մլն 256 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, քանի որ նա համարվել է վարկի երաշխավորը: Աղասի Դանիելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դատաքննության ընթացքում հաճախ ինքը ծանուցումներ չի ստացել, նիստերի մեծ մասն անցել է առանց իր ներկայության, և արդեն 2015 թվականի դեկտեմբերի 28-ին դատարանը բավարարել է բանկի հայցը: Բացի դրանից, Դանիելյանի խոսքով, ինքը հակընդդեմ հայց է ներկայացրել նույն դատարան, բայց դատարանը ոչ վերադարձրել է այն, ոչ էլ՝ վարույթ ընդունել: Հարկադրված` բանկի դեմ հայց է ներկայացրել այլ վարչական շրջանի դատարան՝ պահանջելով 2014թ.-ից իրեն ազատած համարել երաշխիքային պայմանագրով ստանձնած պարտավորություններից: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նրա հայցը, սակայն հետագայում Վերաքննիչ դատարանը բեկանել է այն, իսկ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել բողոքը: Գրեթե նույն ճակատագրին է արժանացել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանի վճիռը: Դանիելյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել: Աղասի Դանիելյանը դատաքննության ամբողջ ընթացքում առանցքային է համարում դատարաններում բանկի ներկայացուցիչ Արտակ Ավանեսյանի դերակատարությունը, քանի որ նա Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի անդամ Վարդան Ավանեսյանի որդին է: 

«Ամերիաբանկ»-ից մեր գրավոր հարցերին ի պատասխան նշել են, թե Արտակ Ավանեսյանի գործունեության մեջ շահերի բախում չեն տեսնում, իսկ աճուրդի գաղտնի լինելու վերաբերյալ մեր հարցին ի պատասխան` հայտնել են. «ՀՀ օրենսդրությունը գրավադրված գույքի աճուրդային վաճառքի դեպքում չի նախատեսում գործով երաշխավորի կամ գույքի նախկին սեփականատիրոջը ծանուցելու գործընթաց` ուստի աճուրդ կազմակերպողը նման պարտականություններ չի ունեցել: Բոլոր դեպքերում բռնագանձման ծանուցումը ստացած երաշխավորը տեղեկացված է լինում այդ գործընթացի մասին»: Բանկը բացառում է Վլադիմիր Գասպարյանի հնարավոր միջամտությունը առանձնատունը աճուրդի հանելու գործընթացում: Մեր մի շարք հարցերին «Ամերիաբանկ»-ը պաստասխանել է այնքանով, որքանով համարել է, որ չի խախտում երրորդ անձանց իրավունքները: 

Այս ամենից հետո այսօր հետևյալ իրավիճակն է. Փափազյան հասցեի առանձնատունը տնօրինում է Գասպարյանի ընտանիքը, «Ամերիաբանկ»-ում վարկը չմարելու համար արգելանք է դրված երաշխավոր Դանիելյանի գույքի և հաշիվների, «Ունիվերսամ Ավան» ՍՊԸ-ի հաշիվների, Դանիելյանի տղայի անունով գրավադրված գույքի, Սիլվա Համբարձումյանի քրոջ անունով գրավադրված գույքի վրա: Բանկը կռվախնձոր համարվող առանձնատունը վաճառել է Գասպարյանի կնոջ մորաքրոջ տղային, որը հետագայում այն նվիրատվության միջոցով փոխանցել է Գասպարյանի որդուն: Դանիելյանը չի ստացել և դեռ չի կարողանում ստանալ Գասպարյանի զոքանչին վաճառած տան գումարը` շուրջ 900 մլն դրամ: Նախորդ շաբաթվա դրությամբ Վլադիմիր Գասպարյանի, Արշակ Հակոբյանի, Հայկ Ստեփանյանի վերաբերյալ ՀՀ իրավապահ մարմիններում հարուցված որևէ քրեական գործ առկա չէ (1,2):

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում Վլադիմիր Գասպարյանի ներկայացրած ոչ մի հայտարարագրում առկա չէ որեւէ նշում Փափազյան ⅖ հասցեի առանձնատան վերաբերյալ: Նրա որդին՝ Վլադիմիր Գասպարյանը, մեկ անգամ է հայտարարագիր ներկայացրել` 2017 թվականին, որտեղ եւս նշում չկա առանձնատուն նվեր ստանալու մասին: «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը չէր նախատեսում դրույթ, որի համաձայն` պաշտոնատար անձի անչափահաս որդու ստացած նվերը պետք է հայտարարագրվեր: Օրենսդրական այս բացը հնարավորություն է տվել պաշտոնյաներին, որպեսզի կասկածելի ծագման նվերներ ստանալիս դրանք ձևակերպեն անչափահաս երեխաների անունով:


Հեղինակներ

Տիրայր Մուրադյան

Սարո Բաղդասարյան


Գլխավոր էջ

Տպել    |  In English

Մեկնաբանություններ (3)
1. Սամվել23:25 - 13 օգոստոսի, 2018
խաբեություն,թալան,կեղծիք,օրենքի խախտում,պաշտոնական դիրքի չարաշահում....ու բազմակի խճճված օրինախախտումներ,որ բնորոշ են բարձրաստիճան իշխանավորներին,այդ թվում Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆԸ;
2. Karen12:13 - 18 օգոստոսի, 2018
Սթափվիր, գժուկ, սթափվիիիր... սթափվելուց հետո էլ , չքվիր աչքիցս... դզե՞ց
3. ed22:24 - 5 սեպտեմբերի, 2018
Why should we point to officials in Baku etc!! I would say "these people" have learned from lham Hejdar oglu Älijew regime a lot. since the officilas in Baku use to buy property not only for there minor kids but even for there new born babys too.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։