HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն

Հայկական երկու Հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում օգոստոսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախ։ Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարությունը:

Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, Արցախի պաշտպանության նախարարի ուղեկցությամբ, եղել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, ներկա գտնվել բանակային ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը։

Շնորհակալություն հայտնելով անձնակազմին գերազանց ծառայության և նախորդ կիսամյակում ցուցաբերած բարձր ցուցանիշների համար, ՀՀ պաշտպանության նախարարը մատնանշել է այն խնդիրների համալիրը, որի վրա պետք է հատկապես ուշադրություն դարձնել արդեն մեկնարկած նոր ուսումնաշրջանում` շեշտը դնելով գիտելիքների և հմտությունների կատարելագործմանն ուղղված գործընթացների վրա:

Ուսումնական նոր փուլի  մեկնարկին նվիրված միջոցառումը եզրափակվել է զինանձնակազմի հանդիսավոր երթով։

Այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Արցախի իր պաշտոնակցի ուղեկցությամբ այցելել է նաև ՊԲ հյուսիս-արևելյան առաջնագիծ, հետաքրքրվել օպերատիվ-մարտավարական իրադրությամբ, խրախուսել մարտական խնդիրների կատարման գործում աչքի ընկած մի շարք զինծառայողների։

Դավիթ Տոնոյանը ծանոթացել է նաև «Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամի կողմից առաջնագծում իրականացվող ծրագրերին՝ քննարկել դրանց արդյունավետության հետագա բարձրացմանն ուղղված հարցեր՝ ևս մեկ անգամ բարձր գնահատելով այն մեծ աջակցությունը, որ ցուցաբերում է հիմնադրամը` առաջապահ ստորաբաժանումներին տրամադրելով առաջին բուժօգնության անհատական և հատուկ մասնագիտական լրակազմեր:

Ծրագրի նախաձեռնողները վստահեցրել են, որ առաջիկայում ևս հիմնադրամը կշարունակի լինել Զինված ուժերի կողքին և իր գործուն աջակցությամբ նպաստել բանակի առջև դրված խնդիրներն առավել արդյունավետ կյանքի կոչելու գործին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter