HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Եղեգնուտի համայնքապետը լիազորությունները դադարեցնելու դիմում է գրել, իսկ մարզպետը դիմել է իրավապահ մարմիններին

Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանը լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում է ներկայացրել մարզպետարան: Նա համայնքապետի պաշտոնը զբաղեցնում է արդեն 27 տարի՝ 1991 թվականից: Ռազմիկ Մարգարյանը Հանրապետական կուսակցության անդամ է: Իշխանափոխությունից հետո նրա հրաժարականը օրեր շարունակ պահանջում էին համայնքի բնակիչները՝ դժգհելով համայնքապետ աշխատանքից: Սակայն, լիազորությունների վաղաժամկետ դադարեցնելու դիմում գրելու իրական պատճառներն այլ են:

Այդ ընթացքում Եղեգնուտ համայնքում մարզպետարանն իրականացրել է  իրավական և մասնագիտական հսկողություն՝ ուսումնասիրելով համայնքապետարանի 2015-2018թթ. իրավական ակտերը: Բացահայտվել են մի շարք թերություններ, օրենքի խախտումներ:

Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ ուսումնասիրության արդյունքներն ուղարկել են ոչ միայն գլխավոր դատախազություն, այլև մյուս իրավապահ մարմիններին, Պետական վերահսկողական ծառայություն և Հաշվեքննիչ պալատ:

Եղեգնուտ համայնքում գործում է ավազի լվացման և տեսակավորման թվով 2 արտադրամաս: «Ավազ պլյուս» և «Արգավազշին» ՍՊԸ-ները: Երկու ընկերություններն էլ ավազի տեսակավորումներն ու կուտակումները կատարել են իրենց տարածքների գյուղատնտեսական նշանակության հողատարածքների վրա, ինչը մարզպետարանի աշխատակիցները գնահատել են որպես հողօգտագործման նպատակային նշանակության ապօրինի փոփոխություն: Դրանով խախտվել է նաև հողային օրենսգրքի պահանջները:

Վերահսկողություն իրականացրած հանձնաժողովի անդամները պարզել են, որ համայնքապետ Ռազմիկ Մարգարյանի կողմից Հողային օրենսգրքով նախատեսված վերահսկողության դրույթները ոչ պատշաճ իրականացնելու արդյունքում, վերը նշված թվով 2 ավազի արտադրամասերի նպատակային նշանակությունը չփոխելու պատճառով համայնքային բյուջե չի վճարվել մոտ 20-25 մլն դրամ:

Բացի այդ, համայնքի արտադրական տարածքներից նախկին ֆերմայի տարածքում համայնքապետ Ռազմիկ Մարգարյանի եղբոր կողմից հիմնվել է մոտ 1000 քմ խաղողի այգի: Այստեղ նույնպես կատարվել է հողօգտագործման նպատակային նշանակության ապօրինի փոփոխություն:

Համայնքի վարչական տարածքում գտնվող 1,2 հա տարածքը ավագանու 2006թ. որոշմամբ հատկացվել է համայնքապետի եղբորը՝ Վարդան Մարգարյանին, սակայն իրավական ձևակերպումներն իրականացված չեն: Ավելին, այս հողի հետ կապված մի շարք դատական գործընթացներ են եղել: Դրանցից մեկը վերաբերում է «Բետարտշին» ընկերությանը: Վերջինս զբաղվել է ավազի արդյունահանմամբ:

Համայնքապետի եղբորն է օտարվել նաև նախկին ֆուտբոլի դաշտի տարածքը: Բացի այդ, համայնքի տարածքում գտնվող «Խոտ-ալյուր» կոչվող գործարանըհամայնքի լուծարման հանձնաժողովի կողմից 1991թ. դրվել է վաճառքի: Նույն տարում 13,000 ռուբլով գնել է համայնքապետի եղբայր Վարդան Մարգարյանը: Եղեգնուտ գյուղի բնակիչները դիմումներ են ուղարկել մարզպետարան, նշել են, որ համայնքում շատ տարածքներ են պատկանում Մարգարյաններին և նրանց հարազատներին: Օրինակ՝ գյուղի տարածքում գործող բենզալցակայանը, գազալցակայանը, առևտրի սրահը՝ «Բիստրո»-ն, երկաթ-բետոնյա կոնստրուկցիաների տարածքը, գյուղի արտադրական տարածքի զգալի մասը և այլն: Ուսումնասիրություններով պարզվել է, որ տարիներ շարունակ համայնքի բյուջեից գումարներ են ծախսվել համայնքի գրադարանավարի հաստիքը պահելու համար, սակայն փաստացի գրադարանը չի գործել: Գրադարանավարի ամսական աշխատավարձի չափը կազմել է 77,910 դրամ: Միայն 2015-2018թթ. համար գրադարանավարին աշխատավարձ է վճարվել 3 մլն 350 հազար դրամի չափով: Մարզպետարանի աշխատակիցները զրուցել են գրադարանավարի հետ,: Պարզվել է, որ գրադարանում երբեք չի եղել գրադարանի վարման մատյան: Գրադարանից ընթերցողին վերջին անգամ գիրք տրվել է 2008թ-ին: Իսկ գրադարանի տարածքից պարզ է դարձել, որ աշխատանքային պայմաններն իսպառ բացակայում են: Գրադարանի տարածքում ֆիզիկապես հնարավոր չէ նույնիսկ մեկ աշխատանքային սեղան կամ աթոռ տեղադրել:

Համայնքապետ Ռազմիկ Մարգարյանի կողմից ցուցաբերած անհետևողական աշխատանքի հետևանքով հողի հարկի և գույքահարկի մասով կուտակվել է մոտ 54 մլն դրամ ապառք: Համայնքի հողամասերից մոտ 400 հա տրվել է վարձակալության, սակայն վարձակալների կողմից վճարումներ չեն կատարվում, պատճառաբանելով, թե հողերը չեն մշակվում՝ աղակալման և ոռոգման ջուր չլինելու պատճառով: Վճարումներ չեն կատարվել արդեն 10-15 տարի:

Հանձնաժողովը երկու անգամ ստուգել է նաև մանկապարտեզ հաճախող և մատյաններում գրանցված երեխաների թիվը: Պարզվել է, որ, օրինակ՝ հուլիսի 31-ին միջին խմբում մատյանում գրանցված է 36 երեխա, որից, ըստ մատյանում կատարված նշումների, ներկա է եղել 31-ը, մինչդեռ փաստացի ներկա է եղել 25 երեխա: Իսկ ավագ խմբում մատյանում գրանցված  է եղել 31 երեխա, ներկա են ստացել 27-ը, իրականում ներկա են եղել 26-ը: Արձանագրվել են նաև դեպքեր, երբ երեխան գրանցված է եղել մատյանում, ստացել է ներկա, սակայն մանկապարտեզ չեն հաճախում:

Մարզպետարանը այլ խախտումներ էլ է հայտնաբերել, այդ իսկ պատճառով դիմել է իրավապահ մարմիններին: Եղեգնուտի համայնքապետից պարզաբանումներ ստանալ չհաջողվեց, նա չէր պատասխանում հեռախոսազանգերին:

Մեկնաբանություններ (2)

Կարմեն
առձտրի սրահը..........ամոթ է տառասխալները վերացրեք գոնե
Սաթենիկ
Ես հոդվածի հետևում գտնվող մարդիք չեն գրել, որ իրավապահ մարմինների ստուգումների արդյունքում ինչ են հայտնաբերել? դատարկ խոսքեր պետք չեն, ապացույցները ուր են?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter