Կիրակի, 23 սեպտեմբերի

Վիրահայոց թեմն ընդդեմ Վրաստանի պետական մարմինների. երկու եկեղեցու հարցով թեմը դիմել է Թբիլիսիի քաղաքային դատարան



Վիրահայոց թեմն այս տարի երկու հայց է ներկայացրել Թբիլիսիի քաղաքային դատարան: Առաջինը վերաբերում է Թբիլիսիի Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցուն, երկրորդը՝ Թբլիսիի Սուրբ Նշան եկեղեցուն:

Թանդոյանց եկեղեցու համար երկու հայցապահանջ է ներկայացվել

2018թ. հունվարի 5-ին Վիրահայոց թեմը վարչական բողոք է ներկայացրել դատարան ընդդեմ Վրաստանի հանրային ռեեստրի ազգային գործակալության և էկոնոմիկայի նախարարության գույքի կառավարման ազգային գործակալության: Թեմը գտնում է, որ 2017 թվականի հուլիսի 18-ի որոշմամբ Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցին փոխանցելով Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանին, Վրաստանի հանրային ռեեստրը խախտել է Վիրահայոց թեմի շահերը՝ չուսումնասիրելով եկեղեցու ծագումը, նրա պատմությունը և եկեղեցու նկատմամբ թեմի ունեցած պահանջը:

Այս եկեղեցու համար երկրորդ հայցապահանջը ներկայացվել է էկոնոմիկայի նախարարության գույքի կառավարման ազգային գործակալության դեմ, որը Թանդոյանց եկեղեցին և դրան կցված հողակալվածքը, առանց որևէ հիմնավորման, պետության հաշվեկշից օտարել է`այդպիսով հեշտացնելով հայոց եկեղեցին վրաց պատրիարքարանի հաշվեկշռին փոխանցելու գործը: 

Վիրահայոց թեմի շահերը դատարանի և համապատասխան վարչական մարմիններում պաշտպանում են միջազգային EMC և TDI (Tolerance and Diversity InstituteTop of Form) կազմակերպությունների իրավաբանները:

«Վիրահայոց թեմն ունի բոլոր իրավական, փաստացի, արխիվային նյութերն ինչպես ՀՀ-ի արխիվից, այնպես էլ Վրաստանի ազգային արխիվում պահպանված բազմաթիվ նյութերից, որոնք ապացուցում են, որ եկեղեցին ի սկզբանե եղել է հայկական, կառուցվել է Իսահակ Թանդոյանցի կողմից և նրա միջոցներով, և այն պետք է վերադարձվի իր իրավական սեփականատերերին՝ Վիրահայոց թեմին»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց Վիրահայոց թեմի մամլո դիվանի պատասխանատու Սուսաննա Խաչատրյանը:

Լուսանկարը՝ Վիրահայոց թեմի կայքից

Համաձայն Վիրահայոց թեմի նյութերի՝ Թանդոյանց Սբ. Աստվածածին եկեղեցին (Պլեխանովի, այժմյան Դավիթ Աղմաշենեբելի փողոց 38), կառուցվել է 19-րդ դարի 50-60-ական թվականներին: 1866թ. Թանդոյան ընտանիքի նախաձեռնությամբ հարց է բարձրացվել Սբ. Աստվածածին փայտաշեն հին եկեղեցու տեղում նորը կառուցելու առնչությամբ: Եկեղեցին ի սկզբանե կառուցվել է որպես հայկական առաքելական եկեղեցի` հայազգի Սահակ Թանդոյանցի կողմից: Վերջինիս անունով էլ այն ստացել է Թանդոյանց անվանումը: Այդ մասին է վկայում նաև եկեղեցու հարևանությամբ մինչև վերջերս պահպանված գրությունը:

1923-1924թթ. Թանդոյանց եկեղեցին փակվել է Խորհրդային իշխանությունների կողմից: Եկեղեցու ունեցվածքը բռնագրավվել է, իսկ եկեղեցին հանձնվել Հանրապետության պիոներական կազմակերպությանը, ապա վերածվել է «Կոլխիդա» (Կոլխեթի) կինոթատրոնի:

Վրաստանի անկախության հռչակումից հետո՝ 1990-ական թվականներից, Վրաստանի կառավարությունը, հաշվի չառնելով կիսավեր եկեղեցու պատմական ծագումն ու դավանանքային հատկանիշները, այն չի վերադարձրել Վիրահայոց թեմին: 2017 թվականին Վրաստանին Հանրային Ռեեստրի ազգային գործակալությունը Թանդոյանց եկեղեցին փոխանցել է Վրաց եկեղեցու պատրիարքարանին' որպես սեփականություն: Վրաց Ուղղափառ  եկեղեցու պատրիարքարանը Թանդոյանց եկեղեցու հիմքերի վրա արդեն իսկ տարբեր տեսակի աշխատանքներ է իրականացրել։

Վրաց ուղղափառ եկեղեցին էլ հայտարարել է, որ այնտեղ հայտնաբերվել են վրաց ուղղափառ եկեղեցու հետքեր և գրացել է եղեկեցին որպես վրաց պատրիարքարանի սեփականություն:

«Պահանջում են եկեղեցին կրկին վերադարձնել պետական հաշվեկշին, այսինքն՝ Էկոնոմիկայի նախարարության, քանի որ առանց ուսումնասիրության այն հանվել է պետական հաշվեկշռից, եկեղեցին իբր թե հայտնվել է օդում, և դրանից ելնելով վրաց ուղղափառ եկեղեցին հայտ է ներկայացնել այն որպես իր սեփականությունը գրանցելու համար»,- պատմեց Սուսաննա Խաչատրյանը:

Վիրահայոց թեմի մամլո դիվանի պատասխանատուն հայտնեց, որ դատական նիստերն այս գործով հետաձգվում են: Հաջորդ նիստը նշանակված է սեպտեմբերի 11-ին:

Վիրահայոց թեմն ընդդեմ Թբիլիսիի քաղաքապետարանի

Վիրահայոց թեմի երկրորդ հայցն ընդդեմ Թբիլիսիի քաղաքապետրանի է՝ Սուրբ  Նշան եկեղեցու հարցո: Վիրահայոց թեմն այս գործով վիճարկում է քաղաքապետարանի տրամադրած շինթույլտվությունը մի քաղաքացու, ով Սուրբ Նշան եկեղեցու կողքին տարածք է ձեռք բերել և շինարարություն սկսել: Պատրաստվում է եռահարկ տուն կառուցել: Թեմը պահանջում է անվավեր ճանաչել այդ շինթույլտվությունը:

«Եկեղեցին այժմ վթարային, կոնսերվացված վիճակում է, իսկ Սուրբ Նշանի կողքին այժմ կատարվում է անօրեն շինարարություն, որը կարող է միանգամայն փլուզել եկեղեցին: Մենք դիմել ենք դատարան, որպեսզի դադարեցնենք շինարարությունը: Մենք դիմել ենք դատարան ընդդեմ քաղաքապետարանի, որը պատմական հոգևոր հուշարձանի կողքին շենք կառուցելու թույլտվություն է տվել»,- մանրամասնեց Սուսաննա Խաչատրյանը:

1701 թ. կառուցված Սուրբ Նշան եկեղեցու պատկանելությունը վրացական կողմը վիճելի է համարում: 2012 թվականի հունվարին, հիշեցնենք, եկեղեցում բռնկված հրդեհի հետևանքով փլուզվել էր աջակողմյան գմբեթը պահող սյունը, համապատասխանաբար՝ նաև գմբեթը: Նույն տարվա մայիսն էլ արդեն առավել մեծ մասշտաբների փլուզում էր տեղի ունեցել:

Լուսանկարը՝ Անի Հովհաննիսյանի

ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության աշխատակիցներից և բնագավառին առնչվող մասնագետներից կազմված աշխատանքային խումբ էր մեկնել Վրաստան փլուզումն ու եկեղեցու վիճակն ուսումնասիրելու համար: Թեև հուշարձանի վերականգնման նախահաշվարկ էր կազմվել վրացի գործընկերների հետ, որով վերկանագնման արժեքը կազմել էր շուրջ 1,4 մլն լարի (325 մլն դրամ), սայլը տեղից այդպես էլ չէր շարժվել: Եկեղեցին շարունակում էր մնալ վթարային և առանց հսկողության:  

Եկեղեցու կողքի տները ևս խարխուլ վիճակում են, և այդ տարածքում շինարարական աշխատանքները վտանգում են նաև հարակից բնակիչների տներին:

Բացի Վիրահայոց թեմից, Սուրբ Նշան եկեղեցու անմիջական կողքին գտնվող տան բնակիչը ևս դիմել է դատարան ընդդեմ այդ շինարարության, քանի որ իր տան պատն ընդհանուր է և շինարարությունը սպառնում է տան կայությանը:

Սուրբ նշանի գործով երկու նիստ է տեղի ունեցել, որոնք, սակայն, ևս հետաձգվել են:

Պատահական և զարմանալի չէ, որ Վրաց ուղղափառ եկեղեցին որպես իր սեփականություն է գրանցել Թանդոյանց եկեղեցին, քանի որ դեռևս 2013 թվականից ահազանգել էինք, որ Վրաց ուղղափառ եկեղեցին որպես իր ունեցվածք գրանցել է Սամցխե-Ջավախք նահանգի Ասպինձայի շրջանի հայաբնակ Դամալա (որոշ աղբյուրներում՝ Տամալա) գյուղի հայկական Վանք եկեղեցին, Ախալցխայի հարավ-արևմտյան ծայրամասում գտնվող երկու մատուռները, որոնք տեղացի հայերն անվանում են Քրոջ և Եղբոր վանքեր և այլ եկեղեկիներ ու մատուռներ:

Փոխարենը իրավաբանական գրանցում չունեն Վրաստանի տարածքում գտնվող հայկական գործող ու չգործող եկեղեցիներն ու մատուռները: Վիրահայոց թեմը Վրաստանի տարածքում գործող 58 եկեղեցիների գրանցման համար դիմել է Վրաստանի կառավարությանը, սակայն հարցը դեռևս քննարկման փուլում է:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ