HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրիկ Խաչատրյանի ընկերությունն արձագանքել է «Հետքի» հրապարակմանը. բնապահպանները կրկին մտահոգ են

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պատկանող «Գեղի Գօլդ» ընկերության գործադիր տնօրեն Արմեն Բակունցն արձագանքել է մեր հրապարակմանը: Ընկերությունից պարզաբանում են ուղարկել հոդվածի առնչությամբ:

Հիշեցնենք, որ այս ՍՊԸ-ն 2016 թ.-ին կառավարության հետ կնքած պայմանագրի համաձայն Ոսկեձորի ոսկի-բազմամետաղային հանքավայրը շահագործելու իրավունք է ստացել 29 տարով:

Հրապարակում ենք «Գեղի Գօլդի» տնօրեն Արմեն Բակունցի պարզաբանումն առանց փոփոխության:

«Վերջին շրջանում ինչ-ինչ շարժառիթներից ելնելով՝ որոշ ՀԿ-ների և լրատվամիջոցների կողմից շատ է շոշափվում «Գեղի Գօլդ» ՍՊԸ պատկանող Ոսկեձորի հանքավայրի անվանումը, որ իբր այն վնասում է Կապան քաղաքի խմելու ջրին։

Անկեղծ ասած, ես հարգում եմ բոլորի կարծիքը և մտահոգությունները, սակայն խնդրի վերաբերյալ պարզություն մտցնելու համար կուզենայի որոշ պարզաբանումներ տալ:

1.      Նախ նշեմ, որ ներկայումս այդ ջրահավաք ավազանից խմելու ջուր չի վերցվում Կապան քաղաքի համար, խմելու ջուրը վերցվում է այլ ջրահավաք ավազանից, որի հետ Ոսկեձորի հանքավայրը ընդհանարապես կապ չունի.

2.      Ներկայումս ընկերությունը արդյունահանման-շահագործման աշխատանքներ չի իրականացնում Ոսկեձոր հանքավայրում և ըստ շահագործման թույլտվության շահագործումը պետք է սկսվի 2020 թ.-ի.

3.      Հանքավայրը շահագործելուց նույնպես այս թևի վրա (այսինքն՝ ջրահավաք ավազանից վերև) արտադրություն չի նախատեսվում.

4.      Ինչ վերաբերվում է արտահոսքերին. նշեմ, որ անմիջապես բացահանքի շահագործման արդյունքում աղտոտված ջրերի արտահոսք չի առաջանում, անձրևաջրերի և ձնհալքի հոսքերը շնորհիվ շրջանցող առվակների հեռացվում են տեղանքից առանց աղտոտվելու, իսկ անմիջապես գործունեության տարածքի մակերևութային ջրերը հավաքվում են կուտակման ավազաններում, որից հետո մաքրվում նստեցուցիչ-պարզարանում։ Ըստ ՇՄԱԳ նախագծի նախատեսվում են երեք կուտակման ավազան, որոնցում կատարվում է կախույթների նախնական նստեցում։ Բոլոր ավազանների ջրերը հոսում են նստեցուցիչ-պարզարան, որում իրականացվում է ջրերի լրացուցիչ պարզեցում և չեզոքացում։

5.      Անհրաժեշտության դեպքում կարող ենք նաև ջուրը խողովակաշարով շրջանցել ջրավազանից, որը ընկերությունը պատրաստ է և կկատարի իր միջոցների հաշվին նախքան շահագործումը.

Այնպես որ լուծումները այնտեղ շատ են, և անհանգստանալու կարիք կարծում եմ չկա։ Անհրաժեշտության դեպքում ընկերությունը կտրամադրի բոլոր փաստաթղթերը»:

Ոսկեձորի հանքավայրի շահագործումը ռիսկեր է պարունակում. արձագանքում են տեղի բնապահպանները

«Խուստուփ» բնապահպանական ՀԿ-ի նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը պնդում է, որ  «Գեղի Գօլդի» կողմից հանքի շահագործումը մեծ ռիսկ կպարունակի շրջակա միջավայրի համար:

«Այդ ամբողջ ջրերը ներծծվում են ընդերք, գրունտային ջրերը գալիս ձևավորում են Գեղի գետի հոսքը: Այդ լանջերի վրա ցանկացած աշխատանք ռիսկ է պարունակում՝ օգտագործվող քիմիկատները, պայթուցիկ նյութերի մնացորդներն անձրևների հետ ներծծվում են ընդերք մինչև գրունտային ջրերի մակարդակ, իսկ գրունտային ջրերը սնուցում են աղբյուրները, գետակները և մնացած ջրային մակերևույթները»,- նշում է բնապահպանը:

Կապանի բնապահպանական, տեղեկատվական, հասարակական կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանը համակարծիք է, որ բաց եղանակով հանք շահագործելու դեպքում ռիսկեր են առաջանալու շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսների աղտոտման վտանգ է առաջանալու: Ըստ նրա՝ առհասարակ քաղաքի խմելաջրի ջրահավաք ավազանը սանիտարական գոտով, ցանցով փակված պետք է լինի, որպեսզի նույնիսկ վայրի կենդանիները մուտք չգործեն այդ տարածք:

Ավագյանը նաև հիշեցնում է, որ երբ 6 տարի առաջ Սյունիքի ՀԿ-ները բաց նամակով դիմել էին նախկին նախագահ Սերժ Սարգսյանին՝ «ԲԱՄՕ Մետալ» ընկերության կողմից այս տեղանքում որոնողական աշխատանքները դադարեցնելու համար, օրեր անց ստացել էին ընկերության պատասխանը: «ԲԱՄՕ Մետալը» նշել էր, որ եռակողմ հուշագիր են կնքել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հետ (նախկինում այս ընկերությունն էր Կապանի խմելու ջրի մատակարարման պատասխանատուն), և կողմերը պատրաստակամ են բոլոր դեպքերում տրամադրել միջոցներ՝ խմելու ջրի մաքրման համար:

«Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանն էլ նշում է, որ իրենց հնչեցրած մտահոգությունների շարժառիթը կապված է հանրային առողջության հետ:  

Ըստ նրա՝ ներկա օպերատոր «Վեոլիա Ջուր» ընկերությունը Կապան խմելու ջրի մատակարարման համար նախատեսված ջրառի երկու կետ ունի տվյալ տարածքում: Եվ եթե այս պահին ջրառի մի կետից ընկերությունը չի օգտվում, դա չի նշանակում, որ այն երբևէ չի օգտագործվելու: Հիշեցնենք՝ «Գեղի Գօլդի» տնօրեն Ա. Բակունցն ասում է, թե այդ ավազանից Կապանի համար խմելու ջուր չի վերցվում:

Խոսքն այս ավազանի մասին է, որը գտնվում է Աջաբաջ բնակավայրի տարածքում՝
Գեղի գետի վրա 

«Ինչո՞ւ պետք է համայնքի համար նման ռազմավարական նշանակության ջրառի կետն անտեսվի, չէ՞ որ տարիներ ի վեր տվյալ ջրառի կետն օգտագործվել է և կարող է դեռ օգտագործվել: Հանքաքարի արդյունահանման և վերամշակման դեպքում անվերահսկելի ռիսկեր կառաջանան Գեղի գետից ջրառի համար, քանի որ նախատեսվող գործունեությունը շատ ավելի բարձր մակարդակի վրա է, քան ջրառի կետը: Նույնիսկ ընկերության կայքում զետեղված տեղեկատվության մեջ կա տեղանքի բնութագիրը՝ «Ոսկեձորի հանքավայրը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում, Կապան քաղաքից 50 կմ հյուսիս-արևմուտք, մայրաքաղաք Երևանից 180 կ հարավ-արևելք, Բագրուշատի լեռնաշղթայում և Գեղի գետի ավազանի վերին հոսանքում»: Անթույլատրելի է տվյալ վայրում հանքի շահագործումը, և պետք է ամեն ինչ անենք՝ կանխելու այս ընկերության գործունեությունը»,- նշում է Արմեն Փարսադանյանը:

Աջաբաջի ջրահավաք ավազանը կրիտիկական իրավիճակում օգտագործվելու է

Կապանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանի մամուլի քարտուղար Մարգարիտա Մանուկյանը «Հետքին» փոխանցեց, որ մի քանի տարի է՝ Աջաբաջի ջրահավաք ավազանը չի օգտագործվում, բայց այն քաղաքի խմելու ջրի պահուստային ֆոնդն է, որն օգտագործվելու է կրիտիկական իրավիճակներում, խիստ անհրաժեշտության դեպքում:

Կապանի խմելաջրի ավազանը Աջաբաջի տարածքում՝
Գեղի գետի և վտակի միախառնման տեղում

Թե ինչ դիրքորոշում ունի համայնքապետարանն այս հանքի գործունեության մասին, Մարգարիտա Մանուկյանը փոխանցեց Նարեկ Ղահրամանյանի պատասխանը, ըստ որի՝ որպես քաղաքացի և երկրաբան՝ Ղահրամանյանը դեմ է ցանկացած հանքի շահագործմանը, սակայն ի պաշտոնե չեզոք կմնա որևէ կարծիք հայտնելուց:

Առաջին լուսանկարում՝ Գեղի գետը Աջաբաջ բնակավայրի տարածքում՝ Կապանի խմելու ջրի հավաքման ավազանի հարևանությամբ

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
Նախորդ իշխանությունը թաղված էր կոռուպցիայի ու թալանի մեջ, իսկ հանքարդյունաբերությունն առանձնապես հանցագործ ու ազգակործան բիզնես է դարձել: Ինչպես արդեն հայտարարեց վարչապետը, ներկայումս գործող մետաղական հանքավայրերը պետք է մանրազնին ստուգման ենթարկեն ու բացահայտվեն չարաշահումները: Այս պարագայում ուղղակի հրամայական պետք է լինի, որպիսզի կառավարությունն անհապաղ չեղարկի նախորդի կողմից արդեն տրված բոլոր լիցենզիաները՝ նոր հանքավայրերի շահագործման, ընդլայնման ու հետախուզման վերաբերյալ: Հանքահեններն ու նախորդ նախարարները նախ պիտի խստագույն պատասխանատվության ենթարկվեն բնությունն ու երկիրն ավերելու համար (իրականում դա գենոցիդից վատ է, որովհետեւ ոչնչացված մարդկային ռեսուրսը ենթակա է վերականգնման, իսկ ավերված բնությունը՝ ոչ) հետո մնացածը: Սրանից էլ պարզ պահանջ? Հապաղել չի կարելի, որովհետեւ շփոթված գողապետությունը կարծես ուշքի է գալիս ու փորձում նորից գլուխ բարձրացնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter