HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Բարկանում ե՞ս, աղա

Պաշտոնյան՝ տարրական կուլտուրայից զուրկ

ՀՀ-ում կոռուպցիայի կանխարգելմանը կոչված բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեության մասին փորձեցինք կարծիք իմանալ ՀՀԿ ԱԺ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանից: Սակայն նա այնպես ափերից դուրս եկավ՝ «կոռուպցիա» բառը լսելով, այնպես հարձակվեց վրաս, որ նրան տրված ճիշտ պատասխանը ապտակելը կլիներ, եթե ինձ թույլ տայի:

Առանց մեկնաբանությունների ներկայացնում ենք հարցուպատասխանը:

- Պարոն Այվազյան, ի՞նչ եք կարծում, երկրում կոռուպցիայի կանխարգելման համար ստեղծված հանձնաժողովը կկարողանա՞ իրականացնել իրեն վերապահված առաքելությունը:

- Համոզված եմ, որ նման դեպքերում կառույցն իր լիազորություններով հանդերձ կունենա իր դերակատարումը, դա կախված կլինի հանգամանքներից և ներկայացված անձերից: Բայց որ հանձնաժողովը կաշխատի ու կունենա դրական արդյունքներ՝ կասկած չունեմ:

- Հանձնաժողովը զբաղվելու, ուսումնասիրելու և կանխելու է կոռուպցիոն երևույթները, և քանի որ հանքարդյունաբերությունը նույնպես կոռուպցիոն ոլորտներից է, ապա եթե հանձնաժողովը որոշի ուսումնասիրել այդ ոլորտը, ինչպե՞ս կընդունեք դա:

- Ձեր հարցի ենթատեքստից զգում եմ, որ ես կոռուպցիոն գործընթացների մեջ եմ, Դուք փորձում եք վիրավորել ինձ, ես չեմ ուզում պատասխանել Ձեզ:

- Սակայն հարցս անձնական վիրավորանք չի պարունակում: Խոսքն ընդհանուր ոլորտի մասին է:

- Հանքարդյունաբերությունը տնտեսության հիմնական զարգացման ուղիներից մեկն է: Նույն ոլորտով կարող են զբաղվել մոտավորապես հազարավոր մարդիկ, և եթե նրանք հազարավոր են ՀՀ-ում, ապա կոռուպցիան էլ նույնն է, և պետք է զբաղվել դրանով: Հանձնաժողովը պետք է զբաղվի կոռուպցիոն ոլորտով, ինչպես նաև, կներեք էլի, խեղաթյուրողներով, նրանցով, ովքեր չիմացածը ներկայացնում են իմացածի տեղ:

- Ո՞ւմ նկատի ունեք, լրագրողների՞ն:

- Իսկ ինչո՞ւ ոչ: Չէ՞ որ նա կարող է շահագրգռված լինել, օրինակ Դուք, որ նման հարց եք տալիս: Եթե հանքարդյունաբերության ոլորտը համարում եք կոռումպացված, ապա ցանկացած ոլորտ էլ պարունակում է կոռուպցիայի էլեմենտներ: Հազարավոր մարդիկ են զբաղվում հանքարդյունաբերությամբ, մոտ 2-3 ձեռնարկություններում աշխատում են մոտավորապես 5-6 հազար աշխատող, ամենամեծ արտահանումն ունի հանքարդյունաբերության ոլորտը, տնտեսության ամենամեծ հարկատուն հանքարդյունաբերության ոլորտն է:

- Ի՞նչ ակնկալիք ունեք 2012 թվականից:

- Քանի որ Դուք շահագրգռված անձնավորություն եք, չեմ պատասխանում:

Այս կարճատև հարցուպատասխանն ակնհայտորեն Վարդան Այվազյանի սրտով չէր, քանի որ հուզված ու բարկացած սկսեց բարձրաձայն ինձ մեղադրել, իբրև թե պատվեր եմ կատարում: «Հետաքրքիր է, ո՞վ է քեզ պատվիրել, որ ինձ նման հարցեր տաս, ինչքա՞ն են տվել, ամաչո՞ւմ ես ասել, կարմրո՞ւմ ես»: Պարոն Այվազյանը երկար ժամանակ չէր կարողանում հանդարտվել, հարցս հունից հանել էր հանքարդյունաբերության ոլորտի կարկառուն ներկայացուցչին ու բնապահպանության նախկին նախարարին, ում գործունեությունը ներկայիս կառավարության կողմից գնահատվել էր «2»:

Անուշ Ներսիսյան

Մեկնաբանություններ (2)

Gevorgyan
Duq, iharke, ajn anuxex u varckan lragroxneric eq, um miak arachadranqn - mardun varkabekeln e. Duq nman eq aroxch marmni vrs qercvacq voronox chanci !
Arsen
եՍ ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԱՅԴ ՄԱՐԴՈՒՆ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՆՇԱՆԱԿԵԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԵԹԵ ԻՆՔԸ ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ ՈՐ ՀԱՆՔԱՆՅՈՒԹ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ ԵՆ ԹՈՒՅԼ ԶԱՐԳԱՑԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ< ԻՍԿ ԶԱՐԳԱՑԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ ԵՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ< ՄԵՆՔ ՀԱՆՔԱՆՅՈՒԹ ԵՆՔ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ ՀԵՏՈ ԱՅԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔ ԵՆ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ< ԻՍԿ ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՐՏԱԳԱՂԹՈՒՄ Է ԱՅԴ ԵՐԿՐՆԵՐ< ՈՐՊԵՍԶԻ ԱՅԴ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԻ և ԱՅԴ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՀԱՐԿԵՐ ՄՈՒԾԻ; եՏ ԻՆՉ ՄԻ ԳԼՈՒԽ ԳՈՎԵԼՈՒ ԲԱՆ ՈՐ ԳՈՎՈՒՄԱ ԹԵ ԱՅԴ ՈԼՈՐՏԸ ԱՄԵՆԱՄԵԾ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆԱ ԱՊԱՀՈՎՈՒՄ< ԴՐԱՆՔ ԲՈԼՈՐԸ ՏԳԵՏ ԵՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter