Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Հայ ծրագրավորողներն արդեն կարող են իրենց վճարովի հավելվածները տեղադրել ու վաճառել «Google play»-ում



Այսուհետ մոբայլ ծրագրավորողները կարող են Հայաստանից «Android Google Play»-ում տեղադրել և վաճառել իրենց ստեղծած հավելվածները։ Այս մասին տեղեկացնում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

Ըստ հաղորդագրության՝ մինչ այժմ հայ ծրագրավորողները «Google play»-ում անվճար հավելվածներ տեղադրելու հնարավորություն ունեին, որոնք հասանելի էին ամբողջ աշխարհում: Սակայն վճարովի հավելված կամ հավելված, որը կարող է պարունակել ներհավելվածային գնումներ (In-app purchase), Հայաստանում բացված ծրագրավորողի հաշիվները (Developer account) տեղադրել չէին կարող, քանի որ Հայաստանը ընդգրկված չէր Google-ի կողմից թույլատրված երկրների ցանկում: Տեղական ընկերությունները ստիպված էին լինում այլ երկրներում բացել «Developer account» և հարկ վճարել այլ երկրներում ստացված վաճառքների դիմաց։ Դժվարություններ էին լինում նաև գումարը ստանալիս, քանի որ «Google»-ը ուղարկում էր գումարը միայն տվյալ երկրում բացված բանկային հաշիվներին:

Հայ մասնագետները բազմիցս բարձրաձայնել էին այս անհարմարության մասին: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և «Google» ընկերության ներկայացուցիչների միջև դեռ նախորդ տարվանից բանակցություններ էին ընթանում այս ուղղությամբ։

Վերջապես նախորդ շաբաթ այդ բանակցությունները հաջողությամբ ավարտվեցին: Հայաստանում գրանցված ընկերությունները կարող են վաճառել իրենց հավելվածները «Google Play»-ում և ստանալ եկամուտներ: Նախարարությունը տեղեկացնում է, որ սա իրական խոչընդոտ էր հայ ծրագրավորողների համար և դրա վերացման արդյունքում Հայաստանում արտադրվող մոբայլ հավելվածների թիվն այսուհետ կաճի, միջազգային շուկայում դրանց սպառման ծավալները կավելանան:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ