HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դոն Պիպոյի կալանքի ժամկետը երկարացվել է

Քրեական աշխարհում Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացվել է: Այս մասին «Հետք»-ին ասաց Ասատրյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը: Վերջինիս խոսքով՝ քննիչը կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդության մեջ նոր հիմքեր չի նշել և դատարանն անհիմն է երկարացրել իր պաշտպանյալի կալանքի ժամկետը:

Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել՝ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Վերը նշված հոդվածներով էլ Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ազգային անվտանգության ծառայությունը գործի քննության ընթացքում տեսանյութ է հրապարակել, որում երևում են Դոն Պիպոյի դեմ նախապատրաստվող սպանության գործով երեք անձինք՝ Արտակ Այվազյանը, Վազգեն Ղաղախեցյանը և Արկադի Քոչինյանը: Տեսանյութում չերևացող «Պիպո» անունով անձը հարցադրում է կատարում իր սպանության նախապատրաստության հանգամանքների վերաբերյալ: Ըստ ԱԱԾ-ի կողմից տարածված հաղորդագրության՝ տեսանյութը հայտնաբերվել է վերը նշված երեք անձանցից մեկի բջջային հեռախոսից:

Նշենք, որ առևանգված անձինք՝ Արտակ Այվազյանը, Արկադի Քոչինյանը, Վազգեն Ղազախեցյանն ու ևս մեկ անձ՝ Զոհրաբ Զումաշյանը մեղադրվում են ոչ միայն Արթուր Ասատրյանին, այլև քրեական աշխարհում Օշականցի Գևորիկ անունով հայտնի Գևորգ Մելիքյանի և Զապ անունով հայտնի Անդրանիկ Սողոսյանի դեմ սպանություն նախապատրստելու մեջ: Նրանց վերաբերյալ գործն արդեն առաջին ատյանի դատարանում է, և այս գործի շրջանակներում Արթուր Ասատրյանը տուժողի կարգավիճակ ունի:

Առևանգման վերաբերյալ գործի շրջանակներում Արթուր Ասատրյանի պաշտպանական կողմը միջնորդել է առերեսումներ կատարել: Գեղամ Հակոբյանը նշեց, որ առ այսօր Ասատրյանի մասնակցությամբ առերսում չի կատարվել:

Ինչ վերաբերում է Արթուր Ասատրյանի առանձնատնից հայտնաբերված ռազմամթերքի դրվագին, ապա փորձաքննություն է նշանակել և պարզվել է, որ առանձնատնից հայտնաբերվածը հրազեն է հանդիսանում ու պիտանի է օգտագործման համար;

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter