Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Երևանի հասարակական տրանսպորտի ցանցի վերջնական նախագիծը պատրաստ է. այն կներկայացվի հանրային քննարկման



Երևանի հասարարակական տրանսպորտի բարեփոխումը Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական ծրագրի մաս է դեռևս 2013 թվականից, բայց իրականություն կդառնա նրա հրաժարականից և նոր քաղաքապետ ընտրվելուց հետո:

Երևանի հասարակական տրանսպորտի վերջնական ներդրումը հնարավոր կլինի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններից հետո: Հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խումբը և WYG խորհրդատվական ընկերությունն արդեն հստակեցրել են տրանսպորտի վերջնական ցանցի նախագիծը, որն առաջիկայում ներկայացվելու է հանրային քննարկման:

Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց հասարակական տրանսպորտի աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը:

«Նախնական ցանցի տարբերակը ներկայացվել է, թերությունները շտկվել են, աշխատանքային խմբի առաջարկներն ուղարկվել են խորհրդատուին, խորհրդատուն փորձարկել է, վերջնական տարբերակը ուղարկել»,- ասաց Նիկոյանը:

Երևանի փոխքաղաքապետի ԺՊ Վահե Նիկոյանի համոզմամբ՝ առաջնահերթ պետք է կարողանալ տրանսպորտի ոլորտում մշակույթ փոխել:

«Եթե մի քանի սկզբունքային փոփոխություններ մեր մտքում չանենք, ապա տրանսպորտի բարեփոխում չի լինի, լավագույն դեպքում ավտոբուս կփոխենք, բայց դա չի լինի բարեփոխում: Մենք պետք է հասկանանք, որ քաղաքային տրանսպորտը պետք է գերակայություն ունենա: Եթե համարենք որ քաղաքային տրանսպորտը խանգարում է, ուրեմն այն երբեք չի կայանա: Մեր առաջարկած և խորհրդատուի հետ համաձայնեցած տարբերակը, կարծում եմ, լավագույնն է: Առաջիկա օրերին կներկայացնենք աշխատանքային խմբին և դրանից հետո կարելի է ասել, որ ցանցը պատրաստ է»,- մանրամասնեց Նիկոյանը:

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Նիկոյանը պնդում է՝ լավագույն տարբերակը մեկ տոմսի սկզունքն է, ըստ որի՝ ուղևորը, անկախ նրանից՝ քանի տրանսպորտային միջոց է փոխելու, կվճարի մեկ ագամ:

«Եթե չունենանք միասնական տոմս, ապա դանդաղ աշխատող ռումբ ենք դնում, որովհետև այն ուղևորը, ում բախտը չի բերել և տեղփոխով տրասնպորտից չի օգտվում, ապա ստիպված պետք է երկու անգամ վճարի: Դա անթույլատրելի է: Մեկ տոմսի գաղափարը դրված է կոնցեպտի մեջ»,- ասաց Նիկոյանը:

Նոր տրասնպորտային ցանցով բացառվելու է նաև ուղետոմսի համար վարորդին վճարելը:

«Մեր պատկերացմամբ տոմսն ալևս կանխիկ չի լինելու. այն լինելու է էլեկտրոնային տոմսային համակարգ, որովհետև դա միակ երախիքն է, որ լինի թափանցիկ»,- ասաց նա:

Նիկոյանի խոսքով՝ հանդիպել են տարբեր գնային կատեգորիաների ավտոբուս արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես՝ ռուսական, չինական, բելառուսական, եվրոպական արտադրության: Առաջարկները ներկայացվելու են հանրային քննարկման, ինչի արդյունքում վերջնական տարբերակն է ընտրվելու:

Սակագնի հարցում դեռ վերջնական հստակեցում չկա. «ամեն ինչ կախված է այն չափորոշիչներից, որոնք կընտրի հասակությունը»:

«Դրանից կախված կլինի  նաև սակագինը. առաջնահերթ կարևոր է  տեխնիկական սակագինը, թե ինչ կարժենա մեկ անձի տեղափոխումը: Դա դեռ չի նշանակում, որ այն կդառնա սակագին, քանի որ չի բացառվում, որ լուծումներ տրվեն՝ սուբսիդավորում լինի: Կարևոր է, թե ինչ քաղաքական որոշում կայացվի: Սակագինը տնտեսագիտական կատեգորիա չէ, քաղաքական կատեգորիա է, եթե օրինակ տեխնիկական սակագնի հաշվարկը մենք լիարժեք ու թափանցիկ ներկայացնենք ու որոշվի, որ օրինակ 140 դրամ է, հնարավոր է՝ որոշվում է, որ պետությունը կամ համայնքը 40 դրամը սուբսիդավորում է»,- ներկայացրեց Վահե Նիկոյանը:

Ինչ վերաբերում է ցանցի ներդրման համար անհրաժեշտ ֆինանսական ծախսերին՝ այս հարցում մասնագիտական խումբն ակնկալում է միջազգային չափորոշիչներին համապասխան նախագծի առկայության դեպքում իրականացնել մրցույթ՝ հրավիրելով միջազգային հեղինակավոր ընկերությունների:

Մրցույթում հաղթած ընկերությունն էլ ներդրումներ կիրականացնի և ծառայություններ կմատուցի, իսկ ներդրումների հետգնումը կլինի արդեն ըստ մատուցած ծառայությունների:

«Մեր առաջարկը հեղափոխական է՝ մենք ասում ենք օպերատորը և բնակիչը իրար հետ չպետք է կապ ունենան, ընկերությունը ծառայություն է մատուցում, մենք իրականացնում ենք վերահսկողություն, քաղաքացին օգտվում է ծառայությունից: Երբ ստեղծում ես մոդել, որը երաշխավորված վճարման մեխանիզմ ունի և կախված չէ սակագնից, այդ մոդելում ներդրումներ միանշանակ կլինեն»,-վստահեցնում է Նիկոյանը:

Նիկոյանի խոսքով՝ արդեն իսկ միջազգային ընկերություններից առաջարկներ ստացել են, որպեսզի նախագծի վերջնական լինելու դեպքում իրենց էլ ներգրավեն:

Փոխքաղաքապետը նաև հստակեցնում է՝ տրասնպորտի խնդիրը լոկալ խնդիր չէ, կոնցեպտուալ փոփոխություններ են պետք, պետք է քննարկում լինի նաև կառավարության հետ, որովհետև ներդրողներին պետք է պետական մակարդակի երաշխիքներ տրվեն:

Նիկոյանը նաև տեղեկացրեց, որ երևաբնակների շրջանում հարցումներ են իրականացրել, թե ինչից են դժգոհում, ինչը կցանկանային փոխել և այլն: Ասաց, որ քաղաքացիների դժգոհությունների երրորդ սանդղակում եղել է վարորդի վարքագիծը, ծխելը, ղեկին հեռախոսով խոսելը: Նիկոյանը, սակայն, կարծում է՝ բարեփոխվող տրասնպորտի հետ բարեփոխվելու են նաև վարորդները: Ըստ նույն հարցման արդյունքերի՝ Երևանի հասարակական տրանսպորտից չեն դժգոհում տնային տնտեսուհիները՝ 61% և մինչև 150 հազար դրամ եկամուտ ունեցող անձինք՝ 55%:

Մեկ բառով Երևանի հասարակական տրասնպորտը բնութագրել են այսպես՝ «փնթի», «թերի», «անհաջող», «խառնիճաղանճ», «տխուր», «անբավարար» «կեղտոտ», «անհարմար», եղել են նաև նման պատասխաններ՝ «տանելի», «բավարար», «միջին», «յոլլա»:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ