Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Փխրուն կայունություն. Թուրքիայի տնտեսական ճգնաժամի պատճառները



Հեղինակ՝ Աքսել Գերինգ

ԱՄՆ նախագահի կողմից թուրքական ալյումինի և պողպատի ներմուծման մաքսատուրքերի կրկնապատկման մասին վերջին հայտարարությունը ավելի սրեց արժութային ճգնաժամը Թուրքիայում։ Բայց թուրքական տնտեսության ճգնաժամը վաղուց ընթացքի մեջ է և անցած ընտրությունների գլխավոր թեմաներից մեկն էր։ Ինչ է կատարվո՞ւմ Թուրքիայի տնտեսությունում։

Թուրքական տնտեսական աճի մոդելի հիմնական խնդիրներն արտահայտվում են Թուրքիայի ընթացիկ հաշվի զգալի պակասորդի, աճող արտաքին պարտքի և անշարժ գույքի փուչիկի տեսքով։ Բացի այդ, տարիներ շարունակ լուրջ կասկածներ են ծագել ներկայացվող պաշտոնական թվերի նկատմամբ, ըստ որոնց, օրինակ, 2018 թվականի առաջին եռամսյակում 7,4 տոկոս աճ և 15,39 տոկոս գնաճ է արձանագրվել (հմմտ. TUIK, 2018)։ Եվ քանի որ թուրք վիճակագիրներն ի վիճակի չեն ազդել թուրքական լիրայի անկման վրա, ապա այն դարձել է ճգնաժամի իրական ինդիկատորը։

2007-2008 թթ. համաշխարհային տնտեսական ճգնաժամը լուրջ հետևանքներ ունեցավ թուրքական տնտեսական քաղաքականության համար։ Մի կողմից Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կառավարությունը պահպանեց կոշտ նեոլիբերալ վեկտորը` չվերանայելով Եվրամիության հետ համաձայնագրերն ու չլուծարելով տնտեսությունը կարգավորող անկախ հաստատությունները։ Մյուս կողմից, ԱԶԿ կառավարությունը հրաժարվեց Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հերթական պահուստային «Ստենդբայ» համաձայնագրերից և գնալով ուժեղացրեց էքսպանսիվ (նեոլիբերալ) տնտեսական քաղաքականությունը։ Այդ նպատակով կատարվեցին ինստիտուցիոնալ փոփոխություններ. էքսպանսիվ քաղաքականության լիազորությունները զգալի չափով փոխանցվեցին Էրդողանին (օրինակ` մեծ նախագծերի կամ կլիենտելիստական սոցիալական քաղաքականության համար արտաբյուջետային ֆոնդերի ստեղծման ձևով, ինչը հենվում էր ոչ թե հաստատված իրավունքների, այլ ստացողների լոյալության վրա)։ 2008-ից ի վեր ճգնաժամի հաղթահարման փուլում գնալով պաշտոնական ճյուղային նախարարությունների տնտեսական քաղաքականությունից անկախ ձևավորվեցին (նոր) զուգահեռ կառույցներ։ Ի հակադրություն միջերկրածովյան այլ երկրների` Թուրքիան ինքն իրեն չկաշկանդեց տարատեսակ ավանդական խնայողական ծրագրերով և 2010 թվականից տնտեսությունը կրկին սկսեց աճել։

Այս կարգավորումներում վարչապետ Էրդողանը ստանձնեց միջնորդ օղակի դերը նախարարությունների ավանդական բյուրոկրատիայի թվացյալ «սառնասիրտ» տնտեսական ռացիոնալության և անկախ կարգավորող մարմինների ու պոպուլիստական մեթոդներով հատուկ ֆոնդեր ու մեծ նախագծեր առաջ տանող կլիենտելիստական քաղաքական գործիչների միջև։ Այդ ամենը զգալի հասարակական աջակցության արժանացավ և ազդեց իշխանության բլոկի ներսում Էրդողանի դիրքի ամրապնդման վրա։ Նրա իշխանության աճը մեծապես պայմանավորված էր միջնորդության այս հանգուցային դերով։ Տնտեսական քաղաքականության կլիենտելիստական վերաքաղաքակականացումը հակադրվում էր կոշտ ավանդական-նեոլիբերալ ու խորը ավտորիտար ապաքաղաքականացման մրցակցող պարադիգմին։

Առաջինը չպետք է ընկալել իրավական պետության ու դեմոկրատական մասնակցության աճող հնարավորությունների իմաստով։ Այն ավելի շատ ճանապարհ էր հարթում ավտորիտարիզմի համար (իսլամիստական հանրային նախագծի հետ մեկտեղ), որը պետք է ծառայեցվեր սեփական տնտեսական ու մշակութային նպատակների հաստատմանն ու դիմադրող ուժերի չեզոքացմանը։ ԱԶԿ-ի ավտորիտար պոպուլիզմը մի կողմից ճկունացրեց մոնետարիստական պարադիգմով առաջնորդվող կոշտ տնտեսական կարգավորումը, բայց մյուս կողմից էլ հանգեցրեց պետության կոշտացման նոր ձևերի (հմմտԳերինգ 2018), քանի որ պետությունը կոպտությամբ սկսեց քանդել հասարակական դիմադրությունները, որոնք դեռ Գեզիի պուրակից շատ ավելի վաղ թիրախավորում էին տնտեսական էքսպանսիոնիզմի և ավտորիտար պոպուլիզմի դեսպոտական հատկանիշները։ Այս կոշտացման գործընթացում այդ նշանները հետզհետե ավելի ամրապնդվեցին։

Բայց վաղուց արդեն պարզ էր դարձել, որ նման կուրսը երկար չի կարող շարունակվել, քանի որ պակասորդներն աճում էին, իսկ օտարերկրյա ներդրումների հոսքն անկայունանում էր։ Դա արտահայտվեց լիրայի փոխարժեքի տատանումների տեսքով։ 2014 թվականից ի վեր այն ԱՄՆ դոլարի նկատմամբ կորցրել է իր արժեքի կեսը, Թուրքիայի պետական պարտատոմսերի շահութաբերությունը մայիս ամսին աճեց գրեթե արժույթի անկմանը համընթաց, իսկ Թուրքիայի արտաքին պարտքի թափանցիկության տեսանկյունից, նկատի ունենալով պաշտոնական պետբյուջեից զատ մի շարք հատուկ ֆոնդերի գոյությունը, վիճակը բոլորովին էլ բարվոք չէ։

Էքսպանսիվ քաղաքականությունը շարունակվեց մինչև արտահերթ ընտրությունների օրը, սակայն ԱՄՆ-ում աճող տոկոսադրույքների և թուրքական ընկերությունների ընդհուպ մինչև անվճարունակության հասնող պարտքերի աճի համատեքստում ԱԶԿ-ն հայտնվեց վատ վիճակում։

Ճգնաժամը խտացավ այն շրջադարձային կետում, որը խորհրդանշական կարելի է համարել (իշխանության բլոկի ներսում) ուժերի հարաբերակցության իրական փոփոխություններն արձանագրելու համար. մայիսի 15-ին նախագահ Էրդողանը կրկին հարցականի տակ դրեց կարգավորող գլխավոր հաստատության` կենտրոնական բանկի ինքնուրույնությունը։ Արդյունքում լիրայի փոխարժեքը մեկ օրում ընկավ 5 տոկոսով` հասնելով մեկ դոլարի դիմաց 4,90 լիրայի։

Այլևս հնարավոր չէր թաքցնել այն, ինչն այժմ արդեն ամբողջովին ակնհայտ է դարձել. երկիրը և գործող ձեռնարկությունների զգալի մասը պարտքի ճգնաժամի մեջ են հայտնվել, իսկ դրանց մի մասն էլ խորը ճգնաժամային վիճակում են (հմմտ. Բաբաջան, 2017)։ Էրդողանը մայիսի 23-ին ստիպված եղավ նորից ընդգծել իր հավատարմությունը կենտրոնական բանկի անկախության սկզբունքին։ Ի վերջո, տոկոսադրույքը երկու անգամ բարձրացնելու միջոցով հնարավոր եղավ կայունացնել լիրայի փոխարժեքը։ Սակայն ճգնաժամը դեռևս մնում է օդում կախված և ծանրաբեռնում հարաբերությունները իշխանության բլոկի ներսում։

«Էրդողանականությունը»` ճգնաժամի մեջ. իշխանության բլոկում հակասությունները սրվում են

Ի՞նչ է սա նշանակում քաղաքական տեսանկյունից։ Թուրքական ճգնաժամն իր մեջ պարունակում է միջազգայնացման ներուժ և դրանով իսկ կարող է վերաճել եվրոպական ֆինանսական ճգնաժամի։ Այն ճնշում է ստեղծում միջազգային ֆինանսական հաստատությունների համար, որոնք իրենց կոչված են զգում միջամտել Թուրքիայի գործերին, քանի որ վերջինս չափազանց խոշոր երկիր է և անհնար է անտեսել այն (Լայզինգեր, 2018)։ 

Հետևաբար, սխալ չէր լինի երթադրել, որ միջազգային ֆինանսական հաստատությունները միջամտելու շահագրգռվածություն ունեն` «Ստենդբայ» կամ կառուցվածքային բարեփոխումների համաձայնագրերի տեսքով։ Դրա համար անհրաժեշտ է, որ թուրքական կառավարությունը օժանդակություն խնդրի, ինչը կառավարությանը կդնի բարդ կացության մեջ։ Քանզի մեծ հավանականությամբ այդ միջամտությունն էլ ավելի կխորացնի իշխանության բլոկի ներսում առկա հակասությունները, իսկ նման հակասությունների հաղթահարման ընդունակությունը վերջին տարիների տրանսֆորմացիայի արդյունքում զգալիորեն տուժել է։ Ինչպիսի՞ն են ճգնաժամի խորացման մեխանիզմները։

Քիչ հավանական է, որ սրվող ճգնաժամի պայմաններում Եվրամիությունը, ԱՄՀ-ն և Համաշխարհային բանկը (ՀԲ) Թուրքիային մենակ թողնեն, որպեսզի երկիրը ձախողվի։ Սակայն էլ ավելի քիչ հավանական է, որ վերջիններս կաջակցեն քաղաքականապես ավտորիտար-պոպուլիստական միջոցներով առանձնացող թուրքական տնտեսական քաղաքականության էքսպանսիվ նեոլիբերալ պարադիգմին և թույլ տան նոր խնդիրներ կուտակել։ Այդ հաստատությունների տնտեսաքաղաքական հակումները, ինչպես նաև եվրոպական ինտեգրման գերիշխող ուղեգիծը վկայում են «Ստենդբայ» համաձայնագրի նախընտրելիության մասին։

Պետությունների և ԱՄՀ միջև կնքվող համաձայնագրերն իրենց մեջ պարունակում են ԱՄՀ վարկային միջոցների տրամադրում տվյալ կառավարության տնտեսական բարեփոխումների խոստումների դիմաց (կառուցվածքային համապատասխանեցում)։ Նման ռեֆորմները սովորաբար ենթադրում են կոշտ բյուջետային քաղաքականություն, խնայողություններ (խստամբերություն), կենտրոնական բանկի կողմից փողի արժեքին միտված դրամավարկային քաղաքականություն և մեծամասամբ նաև նեոլիբերալ սոցիալական ռեֆորմներ, ինչպես նաև աշխատավարձերի զսպում։

Կառուցվածքային բարեփոխումների այդպիսի քաղաքականությունը, սակայն, չի կարող ընկալվել որպես իշխանության միատարր բլոկի քաղաքականություն։ Քանի որ կառուցվածքային բարեփոխումները սովորաբար բխում են թուրքական առաջատար ձեռնարկատիրական հոլդինգների շահերից, որոնք իրենց արդյունաբերական գործունեության զգալի մասն իրականացնում են Թուրքիայում` չհաշված ֆինանսական և առևտրային ոլորտները։ Իսկ դրանց տեղական գործերի սահուն ընթացքի համար որոշիչ նշանակություն ունի գլոբալ կապիտալի շրջանառության մեջ կայուն ինտեգրումը։ 

Մատերիալիստ, պետության տեսաբան Նիկոս Պուլանձասն այդ ֆրակցիաներն անվանում էր ներքին բուրժուազիա (Պուլանձաս, 1976)։ Դրանք հետապնդում են սեփական տնտեսական շահերը, բայց կարող են վերարտադրվել միմիայն օտարերկրյա կապիտալի հետ սերտ հարաբերության պայմաններում։ Այդ ընկերությունները կազմակերպված են Թուրքիայի արդյունաբերողների և գործարարների միավորման (TÜSİAD) մեջ և ԱՄՀ ու ԵՄ անդամության բանակցությունների, ինչպես նաև հնարավորինս կոշտ նեոլիբերալ կարգավորման և ուժեղ անկախ կարգավորող մարմինների գլխավոր ջատագովներն են։ 2000-ականներին վերջիններս աջակցում էին Էրդողանի ԱԶԿ-ին։

Տնտեսական առումով TÜSİAD-ի անդամ 4000 ձեռնարկություններն ընդգրկում են արտաքին առևտրի 85 տոկոսը, մասնավոր ոլորտում աշխատողների կեսին և ձեռնարկությունների վճարած հարկերի 80 տոկոսն ու արտադրվող համախառն արժեքի կեսը (tusiad.org/en/tusiad/about)։ Այն ներկայացնում է կապիտալի ամենաուժեղ խմբակցությունը և անդրազգային մակարդակում ուժեղ կապեր ունի, օրինակ, European Round Table of Industrialists եվրոպական միավորման հետ։ Թուրքական ձեռնարկատերերի այս միավորումը մշտապես մտահոգված է եղել Էրդողանի օրոք էքսպանսիվ նեոլիբերալ պարադիգմի աճով և քաղաքական իշխանության կենտրոնացմամբ, ինչպես նաև Թուրքիայի աճող քաղաքական բևեռացմամբ ու միջազգային վարկի անկմամբ։ Այդուհանդերձ, մինչև օրս համարձակություն չեն ունեցել ուղիղ քննադատել Էրդողանի քաղաքականությունը։

Այսպիսով «էրդողանականությունը», չնայած սահմանադրական փոփոխություններով ամրացրել է իր քաղաքական դիրքերը, սակայն այլևս չի ներկայացնում սոցիալ-տնտեսական ուժերի առկա հարաբերակցությունը։ Որպես քաղաքատնտեսական պարադիգմ «էրդողանականությունը» հայտնվել է ճնշման տակ։ Ընտրություններում տարած հաղթանակն ու սահմանադրության փոփոխումը այստեղ ոչինչ չեն փոխում։ Տնտեսական ճգնաժամի արդյունքում Թուրքիայի իշխանության բլոկի ներսում տեղի ունեցող տեղաշարժերը նյութականանում են։

ԱՄՀ-ի հետ «Ստենդբայ» համաձայնագրի կնքումը կնշանակի, որ երկրի գործադիր իշխանության փոխարեն աճում է մասնագիտական բյուրոկրատիայի և անկախ կարգավորող մարմինների դերը, որպես Թուրքիայի միջազգային հարաբերությունների հասցեատերեր` դիվանագիտական բովանդակության և ձևի տեսանկյունից։ Սա տիպական ընթացք է ճգնաժամային ժամանակներում։

Իհարկե, իշխանության բլոկի ներսում տեղի ունեցող ճգնաժամերն ամենևին չեն նշանակում, որ զարգացումները կարող են ընթանալ միայն դեմոկրատացման կամ անգամ հեղափոխության ուղղությամբ, բայց դրանք ընդդիմադիր դերակատարների համար նոր հնարավորություններ են բացում, հատկապես նաև ընտրություններից անդին, քանի որ փխրուն ինստիտուցիոնալ ձևերը գործունեության տարածք են ստեղծում։ Բայց դա ենթադրում է Թուրքիայում տեղի ունեցող գործընթացների ավելի խորը վերլուծություն, ինչը շատ անգամ չի արվում մեր ամենօրյա լրատվության մեջ։

 

Գրականություն

Հոդվածը հուլիսին գերմանական «Լյուքսեմբուրգ» ամսագրում տպագրված վերլուծության հեղինակի մասնակցությամբ կրճատված և լրամշակված տարբերակն է։  Թարգմանությունը` Վահրամ Սողոմոնյանի։

Աքսել Գերինգը գերմանացի քաղաքագետ է։ Դասավանդում է Մարբուրգի համալսարանում։ Նրա հետազոտությունների գլխավոր թեմաներն են ԵՄ-Թուրքիա հարաբերությունները, եվրոպական ինտեգրման քաղաքատնտեսական խնդիրները, հեգեմոնիայի և պետությունների մասին տեսությունների, ինչպես նաև պետության հիմնահարցը Թուրքիայում։

 Նյութի աղբյուրը՝  diskurs.am


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Սամվել Հովասափյան01:25 - 17 օգոստոսի, 2018
Արդյո՞ք չի կարելի հետևյալ նախադասությունը մատչելի հայերենով թարգմանել. «թիրախավորում էին տնտեսական էքսպանսիոնիզմի և ավտորիտար պոպուլիզմի դեսպոտական հատկանիշները»:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ