HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը հայտնվել է Brexit-ին առնչվող սկանդալում

Սոթքի հանքավայրը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն և դրա բաժնետերերից Սիման Պովարենկինը հայտնվել է Brexit-ին առնչվող միջազգային սկանդալում: Միջազգային լրատվամիջոցների ձեռքում է հայտնվել «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ի` ռուսական ոսկու արդյունահանման շուկան համախմբող (կոնսոլիդացնող) պրեզենտացիա, որտեղ ընկերությունը ցանկություն է հայտնել գնել ռուսաստանյան մի քանի ոսկի արդյունահանող ընկերություններ և դառնալ ՌԴ ոսկու թիվ 1 հանքարդյունահանողը, ինչպիսին է Polyus Gold-ը:

Արտահոսած տեղեկատվության համաձայն` «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը համախմբման 7-էջանոց պրեզենտացիա է պատրաստել, որը ներկայացվել է Brexit-ի հիմնական հովանավոր, բրիտանացի միլիարդատեր, գործարար Արոն Բենկսին Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպանի և ընկերության ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ: Արոն Բենկսը Leave.EU քարոզարշավի համահիմնադիրն է: Այդ քարոզարշավն իրականացվել է Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալը խթանելու համար: Բրիտանական The Guardian-ն անդրադարձել է արտահոսած փաստաթղթին` Brexit-ի հանրաքվեի ֆինանսավորումը կապելով Կրեմլի և ռուսական փողերի հետ:  

Համաձայն այդ ներկայացման՝ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը, հայաստանյան հանքարդյունաբերական պոտենցիալի հետ միասին, ՌԴ-ում 8-րդ խոշոր ոսկի արդյունահանողն է: Եվ եթե «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը համախմբի տասնյակի մեջ մտնող 7 ընկերություններին, ապա կհասնի Polyus Gold-ի ծավալներին՝ հետևում թողնելով նաև «Պոլիմետալ»-ին, որը Հայաստանում նույնպես ոսկի է արդյունահանում:

Պրեզենտացիայից հետևում է, որ մի շարք գործոններից ելնելով` ինչպիսին էր, օրինակ, 2014-15թթ. դրամավարկային ճգնաժամը և ռուբլու արժեզրկումը, ռուսական հանքերն աշխարհում ամենաէժաններն են: Իսկ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ի առավելություններին անդրադառնալով` նշվում է այն փաստը, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ի բաժնետերերից է ռուսական համար առաջին բանկի` «Սբերբանկի» դուստրը` «Սբերբանկ կապիտալ» ընկերությունը, որ տալիս է որոշակի հնարավորություններ, որոնք հասանելի չեն մյուսներին:

Նշենք, որ գաղտնազերծված փաստաթուղթը հայթայթել և լրատվամիջոցներին է փոխանցել «Յուկոս»-ի հիմնադիր և Վլադիմիր Պուտինի հակառակորդ Միխայիլ Խոդորկովսկու հիմնադրած www.dossier.center ռեսուրսը:



թեմային առնչվող հոդվածը կարդացեք այստեղ՝

Հայկական ոսկու տերերը. երեք օֆշորների և Ռուսաստանի արանքում


Առաջին լուսանկարում` Արոն Բենկսն ու Սիմոն Պովարենկինը

Մեկնաբանություններ (1)

Մի վառված հայ
Ու՜ ու՜, տեսեք ինչ մակարդակների ենք հասել! Եթե առաջին անվան մեջ մի «ա» ավել լինի, ապա կարելի ասել թե ինչ արմատներից է ծագում: Իսկ երկրորդի հազվագյուտ սֆաթն արդեն ասելու բան չի թողնում: Իսկ ավելի հաստատ կարելի է ասել որ այս լուրը հայերիս հետ համարյա կապ չունի, որովհետեւ մենք այստեղ արդեն պապուսներից ցածր վիճակում ենք հայտնվել: Երբ Սոթքը ծախեցին գիտեք ի՜նչ ասեցին - «հանած ոսկին ինքնարժեքը չի ծածկում (!): Այսինքն՝ «ուրախացեք, հարիֆներ ենք գտել ու խաբել!» Հիմա պետք է հանքը ծախողներին հայտնաբերել ու մոր ինքնարժեքը ցմահ ձեռքը տալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter