HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Կարեն Սարուխանյան. «Կամ՝ սեպտիկ հորը կկառուցվի, կամ՝ խոզաբուծարանը կփակվի, թող ընտրեն»

«Արփի լիճ» ազգային պարկի տարածքում գտնվող Արդենիս լճի փրկության հարցը 8 տարի լռության մատնած պատասխանատուներից Արդենիսի նախկին գյուղապետ, ներկայում Արփի խոշորացված համայնքի ղեկավար Մերգել Ղարիբյանը պնդում է, որ 2010թ-ին ինքն անձամբ է բարձրաձայնել այդ մասին՝ լինելով սեփականտիրոջ եղբայրը:

«Էն, որ ասում են, թե Մերգել Ղարիբյանը քնած է եղել, հարցը չի բարձրացրել՝ սուտ է: Ես նույն Շաքրո Ղազարյանի հետ դիմել եմ թե բնապահպանության նախարարությանը, թե WWF-ին, ասել եմ արեք տեսեք ինչ ենք անելու, քանի հլը պրոբլեմը չի շատացել: 2008թ-ին թե ուրիշները 50 կով կպահեին, մենք էլ՝ 100 խոզ ու ասենք էդ մի գոմի տարածքում եղածը չէր կարող էն ժամանակ մեծ վտանգ ներկայացնել, բայց հետո որ ֆերման մեծացավ, բնականաբար պրոբլեմն էլ հետը ու ես ասել եմ՝ եկեք տեսնենք ինչ պիտի անենք, դուք 2 տարի առաջ խոստացել էիք աջակցել»,-նշում է Մերգել Ղարիբյանը՝ պնդելով, որ պրոբլեմը ներկայացրել է WWF-ի ներկայացուցիչ Կարեն Մանվելյանին, ստացել պատասխան, որ կգան, տեղում նորից կուսումնասիրեն պրոբլեմն ու կաշխատեն լիճ լցվող կեղտաջրերի հարցը լուծել:


Մերգել Ղարիբյանը

Իսկ թե ինչու է նման հարցը մատնվել անտարբերության, այն դեպքում, որ ազգային պարկի տարածքում գտնվող հանգստի այդ գոտին առաջնահերթ ուշադրության պետք է արժանանար եւ խստորեն պահպանվեր ցանկացած ոտնձգությունից, Մերգել Ղարիբյանը կոնկրետ պատասխան չունի:

«Ես երբ ուզեցել եմ գերմանացիների մոտ խոսամ, ինձ WWF-ից չեն թողել, թե հլը սպասե»,-պարզաբանում է զրուցակիցս: Մեր նախորդ այցերի ժամանակ հնարավորություն չէր եղել հանդիպել Մերգել Ղարիբյանին, քանի որ գտնվում էր արձակուրդում (հուլիսի-2-ից օգոստոսի 1): Արփի համայնքի ղեկավարը նշեց, որ սեփականատիրոջ հետ արյունակցական կապը իրեն չի կաշկանդում եւ ինքը որպես պաշտոնյա պատրաստ է պարզաբանում տալ: Զրույցի ընթացքում ճշտեցինք, որ խոզաբուծարանը (1600 գլուխ խոզ), որպես ՍՊԸ գրանցված չի եղել նախկինում եւ ընդամենը օրեր առաջ են ինչ որ անուն որոշել ու գրանցել: Խոզաբուծարանի սեփականատերն ըստ փաստաթղթերի Մերգել եւ Սամվել Ղարիբյանների մայրն է՝ Գյուլվարդ Ղարիբյանը:

Նախորդ հրապարակման մեջ նշել էինք, որ խոզաբուծարանն ու հարեւանությամբ գործող  «Ոսկե սեր» ՍՊԸ-ն(կաթի վերամշակման, պանրի գործարան) զբաղեցնում են ոչ թե մոտ 6 հա տարածք, ինչպես որ աչքաչափով նշել էր սեփականատեր Սամվել Ղարիբյանն, այլ՝ 9,2 հա: «Դե ինքը հնարավոր է, որ տարածքի չափը չիմանա, որովհետեւ դա նվիրատվություն է իրեն՝ իրական սեփականատերը մեր հայրն է՝ Մուրադ Ղարիբյանը»,-հարցին նման բացատրություն տվեց Մերգել Ղարիբյանը: Համայնքի բյուջեն խոզաբուծարանի ու պանրագործարանի գործունեությունից  «հարստանում» է ընդամենը տարեկան 68 հազար դրամով(հողի հարկ՝ 48 հազար դրամ, գույքահարկ՝ 22 հազար դրամ): Պետք է ենթադրել, որ նախորդ տարիներին այս գումարը շատ ավելի փոքր է եղել: Իսկ թե որքան վնաս է հասցվել շրջակա միջավայրին ու կոնկրետ Արդենիս լճին այս բիզնես գործունեությունից, առայժմ հաշվարկված չէ եւ դեռ պարզ էլ չէ, թե երբ են պատրաստվում պատասխանատուներն այդ հաշվարկը կատարել: Հիշեցնենք, որ «Ոսկե սեր» ՍՊԸ-ն 7-8 տարի առաջ տուգանվել է առաջին անգամ 50 հազար դրամով, երկրորդ անգամ՝ 1 մլն դրամով, սակայն այդ ժամանակ էլ որեւէ փորձաքննություն չի անցկացվել՝ պարզելու համար լճին հասցված վնասի չափը, թեպետ ահազանգ եղել է, որ լճից ձուկը վերացել է:

Մերգել Ղարիբյանի փոխանցմամբ, սեփականատերը, վերջին բարձրաձայնումներից հետո, որոշել է սեպտիկ հորի կառուցման նպատակով պատվիրել նախագիծ, կատարել հաշվարկներ՝ հասկանալու համար, թե ինչ գումարի սահմաններում պետք է իրականացվի ծրագիրը: «Նախագիծը պատվիրվել է կազմակերպության Սպիտակ քաղաքից, իրենք պետք է հաշվարկներն անեն: Եթե գումարը փոքր լինի՝ մենք մեր գրպանից կսարքենք, բայց եթե մեծ թվերի մասին եղավ խոսքը, ապա դիմելու ենք կառավարությանը, որ աջակցի»,-նկատում է Մերգել Ղարիբյանը:


Կարեն Սարուխանյանը

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի կարծիքով պետությունն այս հարցում գուցե աջակցություն ցույց տար սեփականատիրոջը, եթե դա արվեր ժամանակին, եթե զգացվեր, որ մարդիկ իրոք մտահոգ են, եթե պետությանը հարցն հասցվեր այն ենթատեքստով, թե բիզնեսը՝ բիզնես, բայց բնության պահպանությունն առաջնահերթ է, ու դա արվեր խնդրելու, ոչ թե պահանջելու ձեւով: «Ոչ, սեփականատերն ինքը պետք է լուծի այս հարցը, սա իմ կարծիքն ու դիրքորոշումն է,-նկատում է Կարեն Սարուխանյանը,-ինչու՞ պետք է պետությունն իր փոխարեն այդ հարցը լուծի, ես չեմ հասկանում: Ինքն ափսոսում է 50-100 գլուխ խոզ վաճառի, որ բնությանը վնաս չտա, բայց պետությունը չգիտես ինչու պարտավոր է իր տված վնասը կանխելու համար սեպտիկ հոր կառուցել, որտե՞ղ եք նման բան տեսել»:

Օգոստոսի 1-ին Արդենիս լճի տարածք էր այցելել բնապահպանության փոխնախարար Գնել Սանոսյանը, տեղում ծանոթացել իրավիճակին: Փոխնախարարին ուղեկցած մարզպետ Սարուխանյանը տեղեկացրեց, որ սեփականտիրոջը 15 օր ժամանակ է տրվել՝ որոշակի քայլեր ձեռնարկելու եւ խնդրի լուծման նպատակով ծրագիր ներկայացնելու համար:

«Ես ասել եմ, որ 15 օր եմ տալիս ու դրանից հետո էլի ենք հանդիպելու, բայց ինձ արդեն պետք է որոշակի քայլերի մասին ասեք, ոչ թե նորից լացեք, որ փող չունեք: Հնարավոր է ինձ մեղադրեն կտրուկ խոսելու համար, բայց էս հարցը ժամանակին պիտի լուծեր ազգային պարկը, ի վերջո իր տարածքում է, ինքն է առաջին պատասխանատուն, էս հարցը պիտի մտահոգեր հենց Մերգել Ղարիբյանին, որ ազգային պարկի հոգաբարձուների խորհրդի անդամ է, հետո նոր արդեն նախարարություն, մարզպետարան, կառավարություն: Ազգային պարկն այս հարցում մեծ թերացում ունի,-շեշտում է մարզպետը,-կարող էր կոնկրետ որոշում կայացներ ժամանակին ու փակեր խոզաբուծարանը, իրենք դրա իրավունքն ունեին, հիմա էլ ուշ չէ, եթե սեպտիկ հորի հարցը չլուծվի: Այլ ընտրություն չկա այս հարցում՝ կամ սեպտիկ հորը կկառուցվի, կամ խոզաբուծարանը կփակվի, թող ընտրեն»:

«Արփի լիճ» ազգային պարկի եւ կոնկրետ Արդենիս լճի տարիներով լուծում չստացած հարցի շուրջ պատրաստ է «Հետք»-ին պարզաբանումներ տալ նաեւ Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան համակարգող Արման Վերմիշյանը: Հարցազրույցն Ա. Վերմիշյանի հետ առաջիկայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter